ԵՊՀ-ում նստած մի ողջ գումարտակ աչալուրջ հսկում էր, թե ես Ֆեյսբուքում ինչ սթորի եմ արել, ինչ նկար հրապարակել ու ինչ հարցազրույց տվել, ու զեկուցում էին ուր հարկն է. Անուշ Սեդրակյան

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է Մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է. ամբիոնի վարիչը Անուշ Սեդրակյանն է, ով որպես պատգամավորի թեկնածու՝ «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցում էր նախորդ կիրակի օրը կայացած խորհրդարանական ընդդիմություններին, և ով այս իշխանության ամենասուր քննադատներից է:

«Այն, ինչ արվել է, արվել է մեջքիս հետևում: Հիմնավորում են, որ ամբիոնը բավականաչափ ժամեր ու ծրագիր չունի, մինչդեռ ես բազմիցս փորձել եմ բակալավրի ծրագիր բացել, բայց բոլոր փորձերս արգելափակվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ ամեն անգամ անհեթեթ դիտողություններով ու պատճառաբանություններով հող են նախապատրաստել ամբիոնը լուծարելու համար:

«Ես բոլոր իշխանություններին իրական ընդդիմադիր եմ եղել, Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ: Ո՞վ տեղս գիտեր, ո՞վ գիտեր՝ իմ ֆեյսբուքյան էջում ի՞նչ կա, ո՞ւմ էր դա հետաքրքիր… Շատ սուր հարցազրույցներ եմ տվել այդ տարիներին, ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, իսկ հիմա իմ յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր լայքը, շարժը, շունչը վերահսկվում է… Եվ անընդհատ սպառնում էին… Տարբեր տիպի աղբյուրներով, անուղղակի զրույցներով հասկացնում էին ինձ, որ կարող եմ աշխատանքս ԵՊՀ-ում կորցնել: Ես, իհարկե, պահանջում էի, որ ուղիղ ասեն՝ պատճառը ո՞րն է, թեպետ, իհարկե, հասկանում էի, որ իմ քաղաքական գործունեությունն է պատճառը, բայց ինձ ուղիղ ոչինչ չէին ասում»,- ասաց ԵՊՀ դասախոսը:

Կարդացեք նաև

Քաղաքական գործիչն ուշագրավ հանգամանք նշեց՝ «ԵՊՀ-ում տարբեր աղբյուրներ ինձ տեղեկացրել են, որ Կենտրոնական մասնաշենքում նստած օգնականների մի ողջ գումարտակ աչալուրջ հսկում էր, թե ես ինչ սթորի եմ արել, ինչ նկար հրապարակել ու ինչ հարցազրույց տվել, ու զեկուցում էին՝ ուր հարկն է»:

Անուշ Սեդրակյանը նշեց՝ ինքը որոշել էր սեպտեմբերին չառաջադրվել ամբիոնի վարիչի ընտրությունների ժամանակ, ամբիոնում կաշխատեր սովորական դասախոսի կարգավիճակում:

«Բայց, փաստորեն, ամբիոնը ցրում են: Այո, ամբիոնը ցրելու հիմքերը ստեղծել են. ժամերը պակասեցրել են, ամեն ինչ անում էին, որ ժամերը կրճատվեն, բայց ես սա քաղաքական հաշվեհարդար եմ գնահատում, որովհետև բազմաթիվ ամբիոններ կան, որոնք աշխատում են քիչ ժամերով, բայց դրա վրա աչք են փակում: ՔՊ-ական Տիգրան Սիմյանի համար, օրինակ՝ նոր ամբիոն են բացում Ժուռնալիստիկայի ֆակուլտետում. ամբիոնը կոչվում է «Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն»: Դրա համար, փաստորեն, ռեսուրս կա, իսկ 1929թ.-ից գործող մեր ամբիոնի համար՝  չկա»,– ասաց Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ առանց որևէ մեկի՝ ո՛չ ամբիոնի վարիչին, ո՛չ աշխատակիցներին զգուշացնելու են որոշել ամբիոնը փակել:

«Մոտակա գիտխորհրդի նիստում որոշումը կհաստատեն, ու ամբիոնը կփակվի: Եվ դեռ ասում են՝ ես տեղյակ եմ եղել… Ինչպե՞ս եմ տեղյակ եղել՝ օդում տարածված բամբասանքներո՞վ…»,-տ արակուսեց Անուշ Սեդրակյանը:

ԵՊՀ դասախոսն ասաց՝ ինքը սա այսպես չի թողնելու, դատական կարգով հասնելու է իր իրավունքների վերականգնմանն ու ամբիոնի նորմալ կենսագործունեության ապահովմանը:

«Իմ ամբողջ կյանքն է կապված ԵՊՀ-ի հետ, ես գիտական լուրջ ներուժ ու փորձառություն ունեմ ու թույլ չեմ տա, որ ինձ հետ նման կերպ վարվեն»,- եզրափակեց Անուշ Սեդրակյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930