Մինչև իրենց բնակարանների հարցերը լուծելը՝ իշխանությունները չէին ասում, որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ժամանակ եկամտային հարկի վերադարձը, որից հասցրեցին լի ու բոլ օգտվել, անարդար վերաբերմունք է ցածր աշխատավարձ ստացողների նկատմամբ։ Իրենց բնակարանների հարցերը լուծեցին-վերջացրեցին, նոր հիշեցին, որ դրանով ոտնահարում են ցածր աշխատավարձ ստացողների իրավունքները։
Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների սեփականատերերի փոխարեն՝ բյուջեի հարկային եկամուտների 3,1 տոկոսը կառավարությունը տալու է բանկերին՝ եկամտային հարկի սպասարկման նպատակով։ Սա է պատճառը, որ բանկերն այդքան հետաքրքրված են այս ծրագրով և հանդիսանում են ծրագրի առանցքային շահառուներից մեկը։ Պետական բյուջեի հաշվին հսկայական գումարներ են մտնում բանկեր, որոնք ամբողջությամբ ապահովագրված են կորուստներից։ Ու այդպես՝ ոչ թե մեկ կամ երկու, այլ՝ տասնյակ տարիներ։