«Գուցե ծայրահեղական հնչի, բայց այլ կերպ չեմ կարողանա մեկնաբանել, որովհետև բյուջեի հաշվին փոխհատուցել ինչ-որ անհուսալի վարկեր՝ կատաստրոֆա է։ Ստացվում է՝ պարտաճանաչ հարկատուներս հարկ ենք վճարում, որ ինչ-որ մի անհուսալի վարկառուի վարկ փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին։ Ո՞րն է դրա նպատակը, ուզում եմ հասկանալ»:
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ապառիկով ապրելը Հայաստանում դարձել է օրինաչափություն։ Ոչ միայն պետությունն է ապառիկով գոյատևում, այլև հասարակությունը։ Իշխանությունը պարտքեր է վերցնում՝ պարտքերով պետական բյուջեի ծախսերը կատարելու ու գործ անելու իմիտացիա ստեղծելու համար, քաղաքացիները վարկեր են վերցնում՝ վարկերով իրենց կենցաղային կարիքները հոգալու համար։
Մեծ թվով անհուսալի վարկերի առկայությունը լուրջ ահազանգ է, և դա պայմանավորված է՝ ինչպես քաղաքացիների վարկունակությամբ, որը պատշաճ չի գնահատվել բանկերի կողմից վարկը տրամադրելուց, այնպես էլ՝ վարկերի բարձր տոկոսներով ու դրանց նկատմամբ ստեղծված արհեստական բարձր պահանջարկով։ Այս իրավիճակը Կենտրոնական բանկի ոչ բավարար վերահսկողության հետևանք է, ինչը բերել է վարկերի այսպիսի բարձր տոկոսների ձևավորման։ Դրանք ի շահ բանկերի են, ի վնաս՝ քաղաքացիների։