Վեհափառ Հայրապետը հասել է բոլոր նպատակներին, մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Մայր Տաճարը․ նա արեց. Տեր Փառեն
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր:
Քահանայից ժողովը հայտարարությամբ հանդես եկավ՝ շեշտելով՝ որդիական անվերապահ զորակցություն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։
Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ քահանաները տարին երկու անգամ հավաքվում են Մայր Աթոռում՝ Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով ու մայիսին՝ պայմանավորված Ավարայրի ճակատամարտով. Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են:
Բացի քահանայից ժողովից՝ կա նաև քահանայից գործադիր մարմին, որտեղ ամեն թեմից մեկ հոգևորական է ներառված։ Հոգևորականները բարձրաձայնում են հարցեր, որոնք պետք է քննարկվեն քահանայից ժողովին։ Հարցերը բարձրաձայնվում են, տրվում են արագ լուծումներ, հարցեր էլ կան, որոնց լուծումը երկար է տևում։
Տեր Փառենի խոսքով՝ բնականաբար, հիմնական հարցերը կապված են եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Կա հավատացյալների պառակտվածության հարցը, կարգալույծ եղած նախկին հոգևորականների հարցը, «բարենորոգության» հարցը, իշխանությունների կողմից արհեստական կերպով եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների հարցը և շատ այլ հարցեր»,- մանրամասնեց Տեր Հայրը։
Հոգևորականները լավատես են՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին այս փորձությունները հաղթահարելու է։
«Ինչ լուծում էլ լինի՝ եկեղեցին շարունակելու է իր առաքելությունը, դա ասում ենք վստահաբար»,- նշեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
ՔՊ-ականներից Վիլեն Գաբրիելյանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի մասին խոսելիս ասել է՝ «լավ ենք անում, ճիշտ ենք անում», ապա հայտարարել, թե ՔՊ-ն մի բան էլ «շատ փափուկ» է վերաբերվել եկեղեցուն. «Պետք է գործեինք ուկրաինական սցենարով»։
Տեր Փառենը նպատակահարմար չի գտնում հակադարձելու ՔՊ-ականին. «Եթե ամեն մեկին մենք հակադարձնեք՝ մեր բարձրությունից հնարավոր է՝ իջնենք, չենք ուզում մտնենք այդ դիսկուրսի մեջ ու պատասխանենք այդ ամբարտավան պահվածքին, չնայած նրան, որ մեր հոգևորականները հակադարձել են, պատասխանել են, ինչի հետ համաձայն ենք»,- նշեց Տեր Հայրը։
Տեր Փառենը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ այս օրերին իշխանությունները եկեղեցու դեմ պայքարում նահանջել են, սա, ըստ Տեր Հոր, առերևույթ կերպով է խաղաղ ու հանդարտ, որովհետև եկեղեցու նկատմամբ սխալ մոտեցումները չեն դադարում։
Մայր Աթոռին հավատարիմ հոգևորականները խոտորյալ հոգևորականներին եղբայրաբար եմ մոտենում, սակայն՝ ոչ բոլորին։
«Մարդիկ կան, ովքեր դեռևս չեն տրորել կարմիր գծերը, կարող են գալ, ներողություն խնդել, ասել՝ «Մեղա երկինս և առաջի Քո» ու վերադառնալ իրենց ճիշտ ընթացքին, իրենց ծառայությանը, բայց կան անձինք, որոնց համար դեպի եկեղեցի վերադարձ չի կարող լինել»,- ընդգծեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։
Տեր Փառենը պնդում է՝ այս պայքարը Վեհափառ Հայրապետի դեմ չէ, ինչպես հավատացնում են իշխանությունները, այս պայքարը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ է։
Վեհափառ Հայրապետը քահանաներին հորդորել է շարունակեն քարոզել Սուրբ Ավետարանը։
«Մեզ հորդորեց, որ պինդ լիենք, ամուր լինենք, սիրով լցված լինեն։ Վեհափառը մշտապես հանգիստ է, որովհետև հասել է իր կյանքի բոլոր նպատակներին, շատ քչերին, պատմության մեջ մեկ-երկու հոգու է հաջողվել վերանորոգել Միածնաէջ Մայր Տաճարը, ինչն արեց Վեհափառ Հայրապետը բոլոր հայերի համար»,- նշեց Տեր Փառենը։
Տեր Հայրը հավատավոր հայ ժողովրդին կոչ է անում այսօրվանից մտածել՝ իրենք ոչ թե եկեղեցու կողքին են, այլ՝ եկեղեցու մեջ։
«Եթե եկեղեցու մեջ են՝ եկեղեցին նավարկում է դեպի հավիտենական կյանք, իսկ այս աշխարհում ՝ դեպի բարոյական սկզբունքներով ապրելու կյանք, Քրիստոսին այս աշխարհի մեջ ապրեցնելու կյանք։ Թող հանգիստ լինեն, ապրեն եկեղեցու մեջ ու ամեն մեկն իր կարողությունների սահմանում եկեղեցանպաստ գործունեություն ծավալի»,- հավելեց Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։



