Ամերիկացի վերլուծաբանի հոդվածի և «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության միջև շղթայական կապը. կա՞ այստեղ ժողովրդավար ԱՄՆ-ի «մեղքը»

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրեց, որ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 6-ին American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը հոդված էր հրապարակել՝ «Ethnic cleansing cannot be the price for lasting Armenia-Azerbaijan peace»։ 

«Մեդիամաքսը» ներկայացրել է Մայքլ Ռուբինի հոդվածի հայերեն թարգմանությունը, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը մտան տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը տեղի խորհրդարանի շենքը պայթեցնելու մասին՝ ընդգծեց նրա թշնամությունը ժողովրդավարության հանդեպ։ Ադրբեջանական զորքերի ներխուժումը տեղի ունեցավ ընդամենը չորս օր այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտի բյուրոկրատ Յուրի Քիմը սենատորներին հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի «էթնիկ զտման» փորձերը:

Նա ստեց, բայց նա միակը չէր: Նույնիսկ, երբ Ալիևը նվաստացնում էր ամերիկացի բանագնացներին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում էր օգնություն ու ռազմական տեխնիկա մատակարարել Բաքվին։ Freedom House-ն այս շաբաթ հայտարարեց, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում սահմանված էթնիկ զտումների չափանիշներին», և դրան պետք է վերջ դրվի:

Կարդացեք նաև

Այդ դեպքում ինչո՞ւ են Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը երկակիություն ցուցաբերում:

Կասկած չկա, որ Ադրբեջանին սիրաշահելու ԱՄՆ որոշումը գալիս է հենց վերևից… Միայն Պետդեպարտամենտը չէ, որ հարգանք է ցուցաբերում Ալիևի հանդեպ: Հունիսի 26-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը շնորհավորեց ադրբեջանական բանակին՝ կրկին չհիշատակելով գերի ընկած հայ զինվորների և խաղաղ բնակիչների բռնաբարությունները, անդամահատումները ու մահապատիժների տեսանյութերը»:

Հոդվածի տրամաբանությամբ՝ 2023 թվականին անցկացված «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժության օրերին տեղի ունեցած զարգացումների մասին հիշեցնենք մի քանի փաստ:

Եվ այսպես: «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 11-20-ը: Այդ ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում Հայաստանը մասնակցում էր նաև «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը, որի ընթացքում բարձր էին գնահատվել ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը։

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր, մասնավորապես, Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ: Այսինքն, «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությանը նախորդել էին ադրբեջանական սադրանքները, և ՀՀ պաշտպանության նախարարությունը և 2023 թվականի սեպտեմբերի 6-ին և 8-ին գերատեսչություն էր հրավիրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին, ներկայացրել այդ պահի օպերատիվ վիճակը: «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքում և դրանից հետո ևս սահմանին լարվածությունը պահպանվել էր:

Առհասարակ, ինչպես 2024 թվականի մարտին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է եղել պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի համար։

«2023 թվականի մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների»,- հավելել էր նա:

Բայց որ ամենաուշագրավն էր՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-20-ը հայ-ադրբեջանականին լարվածության ֆոնին ՀՀ-ում անցկացվում էր «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը, և այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը սպառնում էր «հակաահաբեկչական օպերացիա» սկսել Արցախում, ինչը և իրականացրեց 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը, ինչի հետևանքով միայն մարտական գործողությունների ժամանակ ունեցել ենք 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կան 5 անչափահասներ։

Տարեսկզբին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր նաև, որ 244 վիրավոր ենք ունեցել, և կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։

Ի դեպ, 168.amգրել էր, որ ԶՈՒ կիրառման պլանով պիտի ՊԲ-ին աջակցեին վերջին գործողությունների ժամանակ, և այն չի կատարվել, ըստ էության: Իսկ «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությանն այդ օրերին ՀՀ-ում մասնակցում էր մոտ 85 ամերիկացի և մոտ 175 հայ զինվոր: Մեր նպատակը դավադրության տեսությունը չի, ընդամենը փաստն ենք արձանագրում: Այլապես 2020 թվականին հուլիսյան մարտերի օրերին հայ-ռուսական զորավարժություններ էին անցկացվել: Մասնավորապես, Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի էին բերվել, զորավարժություններ էին սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:

Եվ քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ ուներ այդ ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ՝ այլ զորավարժարաններում, ՀՀ Զինված ուժերից բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար ուժեր էին ներգրավվել՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն:

Ադրբեջանական կողմն այս առիթով անհանգստություն էր հայտնել, իսկ այդ մտավախություններին ի պատասխան՝ այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին տեղյակ էր պահել ռուսական զորքերի անակնկալ մարտական բարձր աստիճանի բերելու մասին և վստահեցրել. «Տվյալ միջոցառումը պլանային է և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»:

Բայց ավելի ուշ՝ 2023 թվականին, Փաշինյանը ՀՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չէր համարել և նույնիսկ դրանում վտանգ էր տեսել:

«Երբ որ ՀԱՊԿ-ը չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ը չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիպման»,- 2023 թվականի հունվարին հրավիրված ասուլիսին ասել էր Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի այս հիմնավորումն, առնվազն, լուրջ չէ՝ մի քանի նկատառումով. առաջին՝ ՀԱՊԿ-ն օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ համարժեք չէր արձագանքել 2021-ի մայիսի, նոյեմբերի ադրբեջանական ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, բայց Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից խաղաղապահներ էր ուղարկել Ղազախստան՝ ներքին իրավիճակ կարգավորելու համար, հավանաբար փորձում էր նախադեպ ստեղծել: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ում գլխավոր դերակատարը, ըստ էության, Ռուսաստանն է, իսկ ՌԴ-ն դեռ ՀՀ-ում է՝ Գյումրիում ռուսական ռազմաբազա կա, այնպես որ, գալու-գնալու խնդիր չկա: Երրորդի մասին արդեն ասացինք, որ հուլիսյան մարտերի օրերին հայ-ռուսական զորավարժություններ են անցկացվել:

Իսկ եթե մի պահ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը հիմնավորված է, ապա հարց է ծագում՝ երբ «Զանգեզուրի միջանցքը» դեռ թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգում է, որը Իրանի համար կարմիր գիծ է, բայց Իրանից պաշտոնապես հասկացրել են՝ այս հարցում իրենց գործուն միջամտությունը, դրա հնարավորությունը կախված է ՀՀ իշխանությունների ցանկությունից, արդյո՞ք հայ-ամերիկյան զորավարժությունների Հայաստանում անցկացնելն արդեն որոշակի ռիսկեր չի պարունակում, չի մտահոգում Իրանին:

Իսկ գուցե հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի և ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆիի հետ հանդիպմանը համապատասխան պարզաբանումներ տվե՞լ է, որ հուլիսի 15-24-ը ՀՀ-ում անցկացվելիք «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժությունը չպետք է մտահոգվելու առիթ տա:

Ի դեպ, «Արծիվ գործընկեր-2023»-ից առաջ Պապիկյանը ևս ընդունել էր Իրանի դեսպանին: Սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ նույնիսկ զորավարժությունների համատեքստում գոյություն չունի անվտանգության բնագավառում դիվերսիֆիկացիա, իսկ ցանկացած զորավարժության մասնակցություն արդյունավետ է զինված ուժերի համար:

Տեսանյութեր

Լրահոս