
«Իրանը ձգտում է, որ Հարավային Կովկասի բոլոր խնդիրները քննարկվեն ռեգիոնալ ձևաչափերում». վերլուծաբան

Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջանին կապող երթուղու հարցը մտել է Իրանի Իսլամական Հանրապետության հանրային քաղաքական ակտիվ օրակարգ: Թեմային վերջին օրերին ակտիվորեն անդրադառնում են թե քաղաքական գործիչները, թե լրատվամիջոցները:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին օրերս SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և մտահոգություն հայտնելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի առնչությամբ, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին:
«Հայաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է։ Իրանը միշտ լավագույն հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ՝ անկախ այնտեղ եղած իշխանություններից։ Հայաստանն Իրանը Եվրոպային կապող դարպասն է: Եթե այն, ինչ որոշ շրջանակներում շրջանառվում է՝ որպես «Զանգեզուրի միջանցք», իրագործվի, ապա մենք կկորցնենք մի հարևան, և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կփոխվի, ինչը հակասում է մեր ազգային շահերին: Մենք չենք հանդուրժի մեր շահերին սպառնացող որևէ բան։ Անկախ պայմաններից՝ կպաշտպանենք մեր շահերը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանի ներկա իշխանությունները միևնույն դիրքորոշումն ունեն այս հարցում։
«Այս պահին Հայաստանում իշխող կառավարությունը որոշ թուլություններ ունի, և մենք արդեն տեսել ենք, որ նրանք բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի դիրքորոշումն ու մեր դիրքորոշումը մինչ օրս նույնն է և որևէ փոփոխություն չի եղել։ Շատ երկրներ, նույնիսկ եվրոպական որոշ երկրներ, ինչպիսին է Ֆրանսիան, որոնց հետ մենք այլ ոլորտներում հակասություններ ունենք, այս հարցում մեզ հետ նույն դիրքորոշումն ունեն։ Սակայն կա որոշակի բարդություն՝ Ադրբեջանին աջակցող գաղտնի հովանավորներ կան։ Մենք սկզբունքորեն կարծում ենք, որ այս տարածաշրջանի և Կովկասի խնդիրները պետք է լուծեն հենց տեղացիներն ու տարածաշրջանի երկրները։ Այլ ուժերի միջամտությունը վերջին տարիներին միայն ճգնաժամեր և խնդիրներ է առաջացրել ու խոչընդոտել է դրանց լուծմանը։ Եթե խնդիրը վստահեն հենց Կովկասի երկրների ձեռքը, իմ կարծիքով՝ այն լուծելի է, եթե ուրիշները չխթանեն և զենք չմատակարարեն որոշ երկրներին, և միջամտություն չլինի»,- եզրափակել է Ռեզաին:
Օրերս էլ ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին էր հանդես եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շրջափակման ծուղակ է Իրանի և Ռուսաստանի համար։ Նա ընգծել էր, որ այս միջանցքի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները:
Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականում ուղղված չէ տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական կայունությանը կամ ժողովուրդների բարեկեցությանը։ Ընդհակառակը, այն նախատեսված է Իրանը, Ռուսաստանը և Դիմադրության ճակատը ցամաքով շրջապատելու համար։
«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Խայալ Մուազինն ասաց, որ Իրանի մտահոգությունները նոր չեն՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, բանակցությունները և որոշ ուժերի մեծ հավակնությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական «ախորժակն» ընդդեմ Իրանի ու Ռուսաստանի: Նրա գնահատմամբ, այդ հավակնությունները չեն բխում Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի շահերից, ուստի սպառնալիքներին դիմադրելու համար այս մակարդակում համագործակցությունն է՛լ ավելի խորը պետք է լինի:
«Հենց այդ պատճառով է Իրանն առաջ մղում նաև 3+3 ձևաչափը, որը թույլ է տալիս կենտրոնանալ տարածաշրջանային ձևաչափի, տարածաշրջանային երկրների շահերի ու դրանց համադրման վրա: Իրանի դիրքորոշումն այն է, որ ռեգիոնում արտատարածաշրջանային ուժեր չպետք է հաստատվեն ու ընդդեմ Իրանի և այլ երկրների քաղաքականություն վարեն։ Ռեգիոնալ երկրները պետք է փորձեն լուծում գտնել իրենց հարցերին: Ընդ որում, այդ ձևաչափը թույլ կտա դիտարկել ռեգիոնալ բոլոր երկրների շահերը, դրա բացակայության դեպքում որոշ երկրներ իրենց հովանավորների շահերն են կարողանում առաջ մղել մի իրավիճակում, երբ ՌԴ-ն էլ իր հարցերն է լուծում Ուկրաինայում»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:
Նրա կարծիքով, իրանցի պաշտոնյաները հաճախ են ներկայացնում իրենց դիրքորոշումները, որոնք ուղղված են առավելապես ռեգիոնալ լսարանին, բանակցող կողմերին, որպեսզի նրանց համար հասկանալի ու ընկալելի լինեն նաև Իրանի դիրքորոշումները:
«Ստեղծված իրավիճակի պատճառը նաև անընդհատ տարբեր ուղղություններով ու ձևերով սրվող աշխարհաքաղաքական իրավիճակն է, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ: Եվ այդ կոնտեքստում Իրանի համար Հայաստանի հետ սահմանը, դրա կայունությունը, անփոփոխելիությունը չափազանց կարևոր է: Պետք է նաև ասել, որ այս դիրքորոշումների շնորհիվ է նաև, որ այս երթուղու շուրջ քննարկումներն անընդհատ շարունակվում են, սակայն չկա կոնսենսուս: Եթե հիշում եք, Թուրքիայի ղեկավար Էրդողանն էր հայտարարել, թե Իրանից ակնկալում են համապատասխան դիրքորոշում: Նման դեպքերում ռեգիոնալ համագործակցությունը չափազանց կարևոր է, դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում Իրանն է՛լ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ռեգիոնալ գործընկերների հետ համագործակցությանը»,- նկատեց Խայալ Մուազինը:
Վերջինիս կարծիքով, իրավիճակն ավելի հեշտ կլիներ, եթե Ռուսաստանն է՛լ ավելի ակտիվ աշխատեր Հարավային Կովկասում:
«Սակայն ներկայումս տեսնում ենք, որ ՌԴ կենտրոնացումն ուկրաինական ուղղության վրա է, այնտեղ էլ խնդիրներն այլ բնույթ ու սրություն ունեն, ուստի ռեգիոնալ երկրները, որոնք նույն շահերն են կիսում, պետք է ավելի սերտ համագործակցեն, բոլոր հարցերը քննարկվեն ռեգիոնալ ձևաչափում»,- ասաց Խայալ Մուազինը: