«Իրանը հարևաններից ակնկալում է պրագմատիզմ և այն գիտակցումը, որ իր կայունության խաթարումը շղթայական անկայունություն է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Պատմությունը չի մոռանում նրանց, ովքեր վճռորոշ պահին ընտրություն չեն կատարել»,- ասաց Մուազինը։
Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, թե TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին:
Իրանցի լրագրողը հիշեցրեց անկարգությունների ֆոնին ԻԻՀ Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հայտարարությունը, այն է՝ «Թրամփը պատասխան կտա Իրանում թափված արյան համար: Նա չի խուսափի հանցագործության համար հատուցումից»:
«Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում որևէ քաղաքական հարց չի կարող լուծվել: Ժամանակակից Իրանը, չնայած տարբեր կարծիքներին, ցուցադրում է կայունություն, հասունություն, արտաքին ազդեցություններին դիմակայելու ունակություն: Իրանն այն քիչ ուժերից է, որը կարող է զսպել Արևմուտքի էքսպանսիոն քաղաքականությունը՝ պահպանելով Եվրասիայի հավասարակշռությունը»,- ասաց նա:
Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջանին կապող երթուղու հարցը մտել է Իրանի Իսլամական Հանրապետության հանրային քաղաքական ակտիվ օրակարգ: Թեմային վերջին օրերին ակտիվորեն անդրադառնում են թե քաղաքական գործիչները, թե լրատվամիջոցները: