ՀՀ ղեկավարության գործողությունները չեն համապատասխանում ՌԴ-ի հետ հարաբերությունների դաշնակցային ոգուն. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկում է քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն:
«Գաղտնիք չէ, որ այդ երկրի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկում է քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ռուսական «Ինտերֆաքս»-ի փբխանցմամբ, ասել է Շոյգուն այսօր կայացած հատուկ աշխատանքային խմբի նիստում:
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար միանում է Եվրոպական միության դիրքորոշմանը, ինչպես նաև ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման և ԵՄ-ի հետ մաքսային ու առևտրային ռեժիմների ներդաշնակեցման ուղղությամբ, «ինչը կարող է չհամապատասխանել ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։
«Անցկացվում են համատեղ զորավարժություններ, վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են մի շարք քայլեր, որոնք միանշանակ ոչ բարեկամական բնույթ ունեն։ Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը»,- ասել է նա։
Շոյգուն քննադատության է ենթարկել Երևանի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթ ունենալու հնարավորության տրամադրումը:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Զելենսկու ելույթում հնչել են սպառնալիքներ ՌԴ հասցեին, այդ թվում՝ Հաղթանակի շքերթին հարվածների սպառնալիքներ:
«Դա ոչ այլ ինչ է, քան ծաղր ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակի նկատմամբ, ովքեր մարտնչել են նացիզմի՝ այդ բացարձակ չարիքի դեմ, չխնայելով իրենց կյանքը», – հայտարարել է Շոյգուն:



