«Նիկոլ Փաշինյանը դեռևս ուզում է մանևրել, ժողովրդի շրջանում իմիտացիոն բառամթերքով է խոսում»
Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում ընդդիմադիր ուժերի առաջնորդներին, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին անվանեց «լրտեսներ», «ռուսի շպիոններ», զուգահեռ հայտարարելով, թե ինքն անձամբ ջերմ ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, երբ բոլորին «լրտես» է համարում, իսկ իրեն՝ ՌԴ նախագահի մտերիմ ընկերը, և հարցին՝ այս ամենով Նիկոլ Փաշինյանն ի՞նչ խնդիր է լուծում, պատասխանեց՝ այս իշխանությունների օրոք Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո, որոշումները չեն կայացվում ՀՀ թիվ մեկ շենքում, որոշումները կայացվում են այլ տեղում։
«Հայաստանը և Խորհրդային Միության երկրներն Արևմուտքին պետք են մեկ բանի համար, թե որքանով կարող են այդ երկրներին օգտագործել Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ճակատում։ Օրինակ՝ Ուկրաինան, Մերձբալթյան երկրները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, իրենց տարածքները տրամադրել են, և ՆԱՏՕ-ն Մերձբալթյան Հանրապետություններով մոտեցել է ՌԴ-ին։ Այդ երկրներից է նաև Մոլդովան։
Նույնը վերաբերում է նաև Հարավային Կովկասի 3 հանրապետություններին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը, եթե մենք գնահատում ենք իրողությունները, զարգացումները ՀՀ-ում և օրվա վարչակազմի մարտավարությունը, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Հիմա որպեսզի ժողովրդի մոտ 100 տոկոսանոց հակառուսական կերպար չստեղծվի, մերթ ընդ մերթ Փաշինյանը հայտարարում է, որ Պուտինն իր ընկերն է, հանդիպել է նրան, և այլն։ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը չի ցանկանում Ռուսաստանի հետ թշնամանալ, քանի որ տարբեր ոլորտներում այդ երկրի հետ կա համագործակցության դաշտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ ուզեն թե ոչ, Ռուսաստանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հանրության մոտ իմիտացիա է անում, թե իբր ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ են կառուցում։
«Նիկոլ Փաշինյանը դեռևս ուզում է մանևրել, ժողովրդի շրջանում իմիտացիոն բառամթերքով է խոսում։ Մինչդեռ պետք է դիտարկել նաև ՌԴ-ից հնչող հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով՝ երկրի արտգործնախարարի ու նախագահի մակարդակով։ Եթե ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի կողմից արված քայլերին համարժեք քայլեր չի անում, միմիայն հայ ժողովրդի համար չի անում»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։



