Բաժիններ՝

Ժամկետային զինծառայողի ինքնասպանության հերթական դեպքը դարձյալ գրանցվել է Փաշինյանին ուղիղ ենթակա կառույցի զորամասում. ո՞վ է մեղավոր

Օրերս Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Հարկ է նշել, որ հոդվածը գրելու պահին ԱԱԾ պաշտոնական կայքում այս մասին դեռևս որևէ հայտարարություն չկար։ Նշենք, որ պաշտոնական հաղորդագրություն էր տարածվում։ Օրինակ, նման տեղեկություն տարածվել էր, երբ այս տարվա ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկում ժամկետային զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել:

Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Կարդացեք նաև

Վերոնշյալ դեպքի ժամանակ անդրադարձել ենք սահմանապահ զորքերում ժամկետայիննների այն խնդիրներին, որոնց նրանք բախվում են, և ուշադրություն ենք հրավիրել այն փաստի վրա, որ գործ ունենք ժամկետայինի, իսկ հիմա արդեն՝ ժամկետայինների մահվան դեպքերի հետ, որոնք գրանցվում են Փաշինյանին ուղիղ ենթակա կառույցի զորամասում, որովհետև եթե նախկինում ԱԱԾ-ն Կառավարությանն առընթեր մարմին էր, ապա այսօր այն վարչապետին կամ Նիկոլ Փաշինյանին ենթակա մարմին է:

Արդյոք Նիկոլ Փաշինյանին հետաքրքրո՞ւմ է ուղիղ իր ենթակայությամբ գործող կառույցում տիրող իրավիճակը, ոչ կանոնադրական հարաբերությունները, արատավոր երևույթները, թե՞ այս դեպքում առավել ևս արդարանալու է, որ այս խնդիրները գալիս են հասարակությունից, և ոչ թե իրեն ենթակա ԱԱԾ սահմանապահ ուժերում են ծնվում նման խնդիրները կամ չեն կանխվում, ինչպես բանակի դեպքում է ասում ժամանակ առ ժամանակ:

Այսինքն, ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին միայն հետաքրքրում է, թե որքանով այս կառույցը կկատարի իր քաղաքական պատվերները, որոնք հաճախ ներկայացվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների անվան տակ՝ որպես Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ:

Մասնավորապես, հունիսի 30-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ներկայացնելիս Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.

«Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»:

Այս միտքը սրանից առաջ նա ասել էր Արմեն Աբազյանի պաշտոնանկության վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան. «…ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես՝ ինչն առնչվում է անվտանգությանը, այդ թվում` հիբրիդային»:

Հետաքրքիր է՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում, ինչո՞ւ չէ՝ բանակում առկա մթնոլորտի բարելավումը ե՞րբ է Նիկոլ Փաշինյանի համար դառնալու մարտահրավեր, հատկապես, երբ գործ ունենք զինվորների անվտանգության և ապահովության հետ։

Տեսանյութեր

Լրահոս