
Ինչո՞ւ է Բաքուն սրում Մոսկվայի հետ ճգնաժամը, և ի՞նչ կապ ունեն ռեգիոնալ զարգացումները

Հարավային Կովկասում Երևան-Բաքու բանակցային ակտիվ գործընթացներին զուգահեռ՝ էլ ավելի են սրվում Մոսկվա-Բաքու հարաբերությունները: Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում Ռուսաստանի ուղղությամբ սուր հայտարարություններ ու քայլեր նախաձեռնելու համար: Իսկ Ռուսաստանում շարունակվում են ազգությամբ ադրբեջանցի գործիչների դեմ քրեական գործերն ու հետախուզումները, որոնք իշխանությունները բացատրում են բացառապես իրավական պատճառներով:
Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ ԱՊՀ նիստերին Ադրբեջանն ավանդաբար ներկա է եղել առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի մակարդակով։ «Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այդ միջոցառմանը։ Նման որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL-ի օդանավը և ռուսական կողմի անպատրաստակամությունը՝ այդ խնդիրները լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու հարցում»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ օրերս օկուպացված Արցախում անցկացրած, այսպես կոչված, «Շուշիի III գլոբալ մեդիա ֆորում»-ի ժամանակ մի շարք հակառուսական ու հակահայկական հայտարարություններով է հանդես եկել: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում՝ Ակտաուում AZAL-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ հայցեր ներկայացնելու համար։ Ըստ Ալիևի, «AZAL-ի ինքնաթիռի շուրջ տեղի ունեցած միջադեպի իրավիճակը պարզ է ցերեկվա նման»։ Նա հայտարարել է, որ յոթ ամսվա ընթացքում Ադրբեջանը ռուսաստանյան կողմից որևէ հստակ պատասխան չի ստացել։Մեկնաբանելով AZAL-ի ինքնաթիռի միջադեպը՝ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել, և, որ ռուսաստանյան պաշտոնյաները նույնպես տեղյակ են եղել պատահածի մասին։
Ըստ նրա, հարց է առաջանում. «Ինչո՞ւ նրանք չեն անում այն, ինչ նման իրավիճակում կաներ ցանկացած հարևան»։ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը «պահանջում է մեղքի ճանաչում, ինքնաթիռը խոցողների պատիժ, տուժածների ընտանիքներին փոխհատուցման վճարում և AZAL-ին օդանավի կորստի համար վնասի հատուցում»։
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին ի պատասխան՝ նա Ուկրաինային խորհուրդ է տվել երբեք չհամաձայնել օկուպացիայի հետ: «Ահա թե ինչ արեցինք մենք։ Բանակցային գործընթացի տարիների ընթացքում, և ես դրան մասնակցել եմ 2003 թվականի վերջից, 17 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկներ, հանդիպումներ, ուղերձներ իրականության հետ հաշտվելու անհրաժեշտության մասին։ Եվ երբ ես ասացի՝ «ոչ», դա ընկալվեց՝ որպես մարտահրավեր տերություններին։
Միջազգային իրավունքի վերաբերյալ մեր բոլոր փաստարկներն այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել՝ պահանջելով հայկական ուժերի դուրսբերումը, բախվեցին իրականության հետ հաշտվելու ամբարտավան բարոյականության պատին։ Եվ այդ ժամանակ մենք որոշեցինք, որ կստեղծենք նոր իրողություններ, որոնց հետ նրանք ստիպված կլինեն հաշտվել։ Եվ այդպես էլ եղավ»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը, շարունակելով, որ խորհուրդ կտար հանձնվել և չհանդուրժել տարածքային ամբողջականության խախտումը։ Սա Կրեմլում ընկալել են՝ որպես ապտակ, քանի որ Ալիևն ըստ էության առաջին անգամ ուղիղ տեքստով հրապարակային իր աջակցությունը հայտնեց Ուկրաինային:
Նույն ֆորումի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար: «Մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանին և Հայաստանին վերջապես համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկության համար։ Չնայած նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, նա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը պահում է իր տեսադաշտում»,- ասել է Ալիևը՝ շարունակելով, որ այսօր Բաքուն մեծ ներուժ է տեսնում Վաշինգտոնի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ «Այսօր մենք մեծ ներուժ ենք տեսնում Միացյալ Նահանգների հետ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար։ Մենք դրական ազդանշաններ ենք ստանում Վաշինգտոնից։ Ի պատասխան՝ Ադրբեջանը նույնպես շատ դրական ազդանշաններ է ուղարկում։ Մեր գործընկերությունն ունի հարուստ պատմություն»,- ասելել է նա՝ ընդգծելով, որ ապագայում ավելի շատ լավ լուրեր կլսենք։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է որոշ հայտարարությունների, ինքնաթիռի կործանման պատճառների մասին ասելով, որ ընթանում են քննչական գործողություններ, ընթանում է հետաքննություն, եթե Ադրբեջանը հայցեր պատրաստելու որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, կսպասեն պաշտոնական վճիռներին: Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ամուր հիմք ունեն, բայց այժմ բարդ շրջան են ապրում: «Մենք հույս ունենք, որ այդ շրջանը կանցնի»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ երկու երկրների համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում: Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունն օրինապահ քաղաքացիներ են: Միայն օրենքը խախտողներն են հետապնդման ենթարկվում:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ճգնաժամը խորանում է, որին զուգահեռ՝ Երևանն ու Բաքուն շարունակում են բանակցությունները, թե Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, որն, ըստ Ալիևի, տեղի կունենա Ադրբեջանի երկու գլխավոր պահանջների կատարման դեպքում, ինչպես նաև ապաշրջափակման շուրջ, որտեղ Երևանը քննարկում է «Խաղաղության խաչմերուկը», իսկ Ադրբեջանը՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»՝ հայտարարելով, թե ադրբեջանցին դրանով անցնելիս հայ սահմանապահի չպետք է հանդիպի:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պատահական չէ, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրները հենց այս փուլում են բռնկվել:
Նրա խոսքով, դրանք կապ ունեն թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ ակտիվ գործընթացների հետ: Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ դրանցում առավել ակտիվ մասնակցություն ունեն ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Թուրքիան, առաջարկներով հանդես է եկել ԱՄՆ-ը, սակայն Ադրբեջանը չի ցանկանում արտաքին ազդեցություններ, այդ թվում՝ ռուսական:
«Դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը որպես դրական հանգրվան է ներկայացնում ուղիղ բանակցությունները, նշելով, թե դա Բաքվի առաջարկն ու օրակարգն է, Ադրբեջանը ներկայացնում է, որ ձգտել է ուղիղ բանակցությունների ու դրանք ձեռքբերում է համարում»,- նկատեց վերլուծաբանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ վերջին շրջանում բանակցություններն ուղիղ են, որոնք ցույց են տալիս Բաքվի ձգտումը՝ «խաղալ» ինքնուրույն, դիրքավորվել՝ որպես ավելի անկախ խաղացող, որը չի ենթարկվում ճնշումների ու ազդեցությունների: Ուստի Մոսկվայի հետ հարաբերություններում, Եվսեևի կարծիքով, արտահայտվում է Բաքվի այս նոր դիրքավորումն ու ցանկությունը, բացի այդ, ցանկությունը՝ Մոսկվային հեռու պահել հարավկովկասյան հնարավոր նոր պայմանավորվածություններից կամ դրանց մասնակից լինելու հեռանկարից:
«Թե որքանով սա կդառնա ռեգիոնալ նոր ստատուս-քվո, դեռ վաղ է ասել, դա կախված է ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումներից, Մոսկվայի քաղաքականությունից, ԱՄՆ-ից, ռուս-ամերիկյան բանակցություններից, Թուրքիայի քաղաքականությունից, մերձավորարևելյան զարգացումներից: Սակայն դեռ շարունակում ենք նկատել, որ Ռուաստանը կենտրոնացած է գլխավոր օրակարգի՝ Ուկրաինայի ուղղությամբ և Հարավային Կովկասում տեղի ունեցողին ցույց է տալիս հավասարակշռված վերաբերմունք»,- նկատեց նա: Մյուս կողմից, նրա խոսքով, ուշագրավ են զարգացումները Վրաստանի արտաքին քաղաքական կյանքում: ՚Մինչ Երևանն ու Բաքուն կարծես սկսում են հեռավորություն պահպանել Մոսկվայից, կտրուկ սերտացնելով համագործակցությունն Արևմուտքի հետ, ճգնաժամ է հասունանում Վրաստան-ԵՄ հարաբերություններում, որտեղ բավականին համարձակ ու աննախադեպ հայտարարություններ են հնչում, ճգնաժամը խորանում է: Բնականաբար, սա նաև հնարավորություն է Ռուսաստանի համար: Լծակները վերացած չեն, այլ հարց է, թե ինչպես կաշխատի Ռուսաստանը»,- ասաց Եվսեևը: