
Ընդդեմ պետության և ժողովրդի. ներդրողների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում, եվրոպաներից փող են մուրում՝ բարձր տոկոսներով թանկ վարկեր ստանում

Քաղաքական իր ամբիցիաները բավարարելու համար, պետության թիկունքում թաքնված՝ Նիկոլ Փաշինյանը պետությանն է հարվածում։
Երբ ներդրողներից, այն էլ՝ խոշոր ներդրողներից, բառիս բուն իմաստով, խլում են իրենց ունեցվածքը՝ սա մեջքից ուղիղ հարված է պետությանը։ Ներդրողների նկատմամբ Հայաստանում իսկական պետական ռեկետ է իրականացվում։ Սրա հետևանքները ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ իր քաղաքական արկածախնդիրների խմբակն է կրելու, այլ առաջին հերթին՝ պետությունն ու ժողովուրդը։
Տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ Հայաստանում ներդրումներ գրեթե չեն կատարվում։ Բազմաթիվ խոշոր ներդրողներ վերջին տարիներին միջազգային արբիտրաժային դատարաններում դատական հայցեր են բացել կառավարության դեմ՝ իրենց իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար։
Հիշենք՝ «Լիդիանի», «Սանիտեքի», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կապված պատմությունները։
Կասկած չկա, որ այս ցանկն առաջիկայում ավելանալու է՝ հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կատարած հայազգի խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի սեփականության դեմ։ Իշխանության լծակների գործադրմամբ՝ ակնհայտ քաղաքական հաշվեհարդար ու բացահայտ տեռոր են իրականացնում խոշոր ներդրողի սեփականության նկատմամբ։
Այսքանից հետո, ինչպե՞ս են պատկերացնում, որ որևէ խելքը գլխին ներդրող կարող է գալ Հայաստան ու ներդրումներ կատարել տնտեսության մեջ, ծրագրեր իրականացնել։
Ներդրողներին ահաբեկում են, խլում ունեցվածքը, խաղում նրանց ու երկրի հեղինակության հետ, վտանգում հետագա ներդրումների կատարումը, գնում եվրոպաներում՝ տարբեր պարտավորությունների տակ մտնելով, փող են մուրում, որ բերեն ներդրումներ անեն։
Ներդրումներն էլ՝ ներդրումներ լինեն. ներդրումների անվան տակ՝ իրականում առևտրային վարկեր են։ Բայց նույնիսկ վարկերով խոստացած փողերը տեղ չեն հասնում։ Մինչև հիմա 7 տարի շարունակ չարչրկված 2,5 մլրդ դոլար խոստումներից չնչին ներդրումներ են կատարվել, չնայած ծրագրի իրականացման ժամկետը մոտենում է ավարտին։
Եվրոպացիները, 4 տարի է, քթներից բռնած ման են տալիս, այսօր էլ 2,5 միլիարդից են խոսում։
Օրերս Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումից հետո, կրկին հիշեցին ԵՄ խոստացած ու չիրականացված ներդրումների մասին։
«ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։
2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին»,- հայտարարվեց եռակողմ հանդիպման արդյունքներով:
Չիմացողի մոտ տպավորություն է, թե նոր ներդրումներից են խոսում։ Այնինչ, խոսքը նույն ծրագրի մասին է, որը դեռ 2021 թվականին էին հայտարարել։ Այն ժամանակ կանխատեսվող ընդհուպ 3 միլիարդի, 4 տարի հետո, 2,5 միլիարդի մասին են խոսում։
Խոստումներով են կերակրում ու թելադրում իրենց կամքը։ Ներդրումների, այն էլ՝ չկատարված ներդրումների տակ, պատվերներ են պարտադրում՝ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված Հայաստանը ներքաշելով քաղաքական ու աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ։
Ի դեպ. դեպի Եվրոպա արշավող Հայաստանի գործող իշխանություններին ԵՄ-ն մինչև հիմա ընդամենը 270 մլն դոլարի իրական ներդրում է խոստացել։ Մնացած խոստումները, որոնք մտնում են այդ 2,5 մլրդ դոլարի մեջ, ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ԹԱՆԿ ՎԱՐԿԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԵՏ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ։
Հայաստանի տնտեսությանը ոչ թե վարկեր, այլ ներդրումներ են հարկավոր։ Բայց քանի որ ներդրումներ չկան, եղածներն էլ այնպես են արել, որ հեռանում են, ստիպված հույսը վարկերի վրա են դրել։
Ներդրողներին հալածում են, վարկերով փորձում են փակել ժողովրդի աչքերը։
Եվրամիության իրական ներդրումների այն 270 մլն դոլարը, որի մասին, 4 տարի է՝ միայն խոսվում է, չնչին գումար է անգամ Հայաստանի փոքր տնտեսության համար։ Այն անգամներով զիջում է մի գործարարի կատարած ներդրումներին, որի նկատմամբ այսօր իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են իրականացնում։ Խոսքը Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարած միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասին է։ Աշխատելով դրսում՝ այս տարիներին նա շատ ավելի մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության մեջ՝ չհաշված տասնյակ միլիոնների հասնող զուտ բարեգործական ծրագրերը, քան երեկ ու այսօր խոստանում է ամբողջ Եվրամիությունը՝ փորձելով փափուկ բարձ դնել հայաստանյան հասարակության գլխի տակ։
ՀԷՑ-ում, որը պետականացման անվան տակ ուզում են խլել Սամվել Կարապետյանից, նրա կողմից իրականացված ներդրումներն անցնում են 650 մլն դոլարից։
Շուրջ 80 մլն դոլարի են հասնում խոշոր մետալուրգիական ընկերությունում՝ «Տ-Մետալում» կատարված նրա ներդրումները։
Կարապետյանը գրեթե 20 մլն դոլար ներդրել է Կրկեսի նոր շենքի կառուցման համար, որը ևս իշխանությունները նպատակ են դրել խլել ու արդեն գործընթաց են սկսել։
Տասնյակ միլիոնների ներդրումներ են կատարվել տրանսֆորմատորների արտադրության կազմակերպման, մի քանի հարյուր աշխատող ունեցող կարի ֆաբրիկայի հիմնման, Հրազդանում ջերմային կայանի կառուցման, Սևան-Հրազդան կասկադի արդիականացման ու տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար։
Տնտեսական այլ ծրագրերում ու բազմաթիվ բարեգործական միջոցառումների շրջանակներում կատարված ներդրումների ու օժանդակությունների մասին էլ չենք խոսում։ Սրանք էլ բավարար են պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի հսկայական տարբերություն կա տարիներ շարունակ թմբկահարվող ԵՄ ներդրումային կոչվող, բայց գերազանցապես վարկերով փաթեթավորված ծրագրերի ու Հայաստանի տնտեսության մեջ հայազգի գործարարի կատարած ներդրումների մեջ։
ԵՄ խոստացած 2,5 միլիարդից անհատույց խոստումների բաժինն ընդամենը 270 մլն դոլար է, մինչդեռ միայն ՀԷՑ-ում, «Տ-Մետալում», Սևան-Հրազդան կասկադում ու Կրկեսի շենքի կառուցման մեջ Սամվել Կարապետյանի կատարած ներդրումները հասնում են գրեթե 800 մլն դոլարի։ Այդպիսի խոշոր ներդրողի նկատմամբ այսօր իշխանությունները քաղաքական տեռոր են իրականացնում, իսկ եվրոպաներից փող են խնդրում, այն էլ՝ հիմնականում առևտրային վարկերի տեսքով, որ ներդրումներ իրականացնեն։ Սա է այս իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ խմբակի քաղաքական ու բարոյական նկարագիրը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ