Ծեծկռտուք՝ Շիրակի պետհամալսարանում. ի՞նչ կապ ունի պրոռեկտորը
Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ հերթական խայտառակությունն է տեղի ունեցել համալսարանում:
Համալսարանի աշխատակիցներից մեկը ծեծել է բուհ-ի պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գագիկ Նիկողոսյանին: Պատճառը եղել է ներբուհական աշխատանքային հարաբերությունները երկու պաշտոնյաների միջև: Գագիկ Նիկողոսյանին համալսարանում բնութագրում են, մեղմ ասած, ոչ դրական որակումներով: Համալսարանում գրեթե բոլորը գիտեն, որ հենց նա է կանգնած որոշ մասնագիտությունների փակման հետևում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքագիտության բաժինը հենց նրա գործուն մասնակցությամբ է փակվել, ռուսաց լեզվի ամբիոնն օտար լեզուների ամբիոնին միացնելը նույնպես նրա նախաձեռնությունն է:
Իսկ նրան, որ ՇՊՀ-ում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ բաժիններ են փակվում, և բուհ-ում հաստատվում է, այսպես կոչված, սորոսականների տիրապետություն, 168.am–ն անդրադարձել էր դեռևս շուրջ 1.5 ամիս առաջ:
ՇՊՀ մեր աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Նիկողոսյանը, աշխատանքային լուրջ կենսագրություն չունենալով, միանգամից նշանակվել է պրոռեկտոր: Ըստ լուրերի՝ վերջինս այդ պաշտոնին նշանակվել է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի միջնորդությամբ, ու սա առաջին ու միակ դեպքը չէ, որ նա խնդիրներ է ունենում բուհ-ի աշխատակիցների հետ:
ՇՊՀ-ից նաև հայտնում են, որ Գագիկ Նիկողոսյանը շատ արտոնյալ է զգում իրեն, կարող է օրերով աշխատանքի չներկայանալ, աշխատանքային ժամերին հիմնականում համալսարանում չէ, անհասկանալի են նրա աշխատանքային գործառույթները, որևէ փաստաթուղթ չի ստորագրում, բայց անգործության համար ստանում է վիթխարի աշխատավարձ:
Ռեկտոր Սերոբյանի նման ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, բայց իրենց մասնագիտության կրթական ծրագիրը տարիներ շարունակ ուսանողներ չունի, ինչը չի խանգարում, որ ռեկտորի հետ միասին օգտվեն նաև ներբուհական դրամաշնորհներից:
«Գագիկ Նիկողոսյանն իրեն համարում է ընդդիմադիր, ինչն իրականությանը չի համապատասխանում, պարզապես մտածում է՝ իշխանափոխության պարագայում դառնա ռեկտոր, որպեսզի ռեկտոր Երվանդ Սերոբյանին պաշտպանի հետագայի քրեական գործերից: Այս տուրուդմփոցը ևս մեկ ապացույց է, որ ռեկտոր Երվանդ Սերոբյանը չի վերահսկում համալսարանի բարոյահոգեբանական մթնոլորտը, նրա թիմակիցները հաշվի չեն նստում իր հետ, նույն թիմակիցներից շատերը պատերի տակ վատաբանում են Սերոբյանին: Ընդհանրապես բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարում է հենց նույն ռեկտորը՝ համալսարանը բաժանելով յուրայինների ու թշնամիների»,- ասաց բուհի-ի մեր աղբյուրը: