Ի՞նչն էր օրերս Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը
Օրեր առաջ 168.am–ն արդեն տեղեկացրել էր, որ օրերս Շիրակի պետհամալսարանում (ՇՊՀ) տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հենց այն հրահրող պրոռեկտոր Գագիկ Նիկողոսյանն էր ծեծի ենթարկվել:
Մենք նշել էինք, որ պատճառը եղել է ներբուհական աշխատանքային հարաբերությունները ՇՊՀ պաշտոնյաների միջև:
Չնայած նրան, որ բուհ-ի ղեկավարությունը և արձակուրդում գտնվող ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ով այս պահին ՇՊՀ-ում է, բուհ-ի ներսում փորձում են հերքել այդ լուրերը, մեզ հաջողվեց պարզել որոշ մանրամասներ տեղի ունեցած միջադեպից: Ըստ ՇՊՀ-ի մեր աղբյուրների՝ ծեծկռտուքը հրահրողները եղել են պրոռեկտոր Նազելի Ավետիսյանն ու ֆեյք ուսանող պահող դեկան Օֆելյա Հովհաննիսյանը:
Ծեծկռտուքի վերածված վիճաբանության հիմքում, բնականաբար, փողերն են, մեծ փողերը…
Մեր տեղեկություններով՝ այս պահին ՇՊՀ-ում ընթանում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և, ըստ մեր աղբյուրների, աշխատաժողովների ժամանակ պրոռեկտոր Նազելի Ավետիսյանը բացահայտ հարձակվել է այդ գործընթացը կոորդինացնողի վրա, փորձել է խանգարել ծրագրի իրականացման բնականոն ընթացքը, քանի որ հենց ինքն է ցանկացել այդ ամենը ղեկավարել և բոլոր ամբիոններում իր ցանկալի մարդկանց է փորձել նշանակել որպես վերապատրաստողներ, օրինակ՝ հայոց լեզվի և գրականության վերապատրաստման մեջ տեղավորել իր ընկերուհի Օֆելյա Հովհաննիսյանին, որը նրան չի հաջողվել:
Այս սկանդալին միացել է Ավետիսյանի մտերիմ մյուս պրոռեկտորը՝ մեր նախորդ հրապարակման հերոս Գագիկ Նիկողոսյանը, և փորձել է իր մեթոդներով լուծել այս հարցը: Սակայն ամեն ինչ ավարտվել է ոչ Գագիկ Նիկողոսյանի նախատեսածով: «Նազելի Ավետիսյանն ու Օֆելյա Հովհաննիսյանը փորձել են ուսուցիչների վերապատրաստման գործընթացում ևս իրենց կլորիկ փայն ապահովել ուրիշների հաշվին, որը նրանց չի հաջողվել»,- ասաց ՇՊՀ-ի մեր աղբյուրը: