Շքեղ առանձնատներ՝ Գյումրիում, բնակարան՝ Երևանում, բարձր աշխատավարձ ու բարեկեցիկ կյանք. Նիկոլ Փաշինյանի իշխանության հրապույրը՝ ՇՊՀ ռեկտորի համար

Շուրջ 1.5 ամիս առաջ 168.amն անդրադարձել էր այն խիստ դժգոհություններին,  որոնք վերաբերում են Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Երվանդ Սերոբյանին: 2018 թվականի մայիսի կեսերից ՇՊՀ-ն ղեկավարող Երվանդ Սերոբյանը համալսարանը լցրել է իր բարեկամներով, որոնց բարձր աշխատավարձեր է տալիս, իսկ նրանցից մեկի՝ Շուշան Մարտիրոսյանի աշխատավարձը, ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝  անհատապես է բարձրացրել, և սա այն դեպքում, երբ Շուշան Մարտիրոսյանը, ըստ ԲՈՒՀ-ի մեր աղբյուրների, չունենալով գիտական աստիճան և դասախոսական աշխատանքի փորձ ու համապատասխան գիտելիքներ, հորաքրոջ ամուսնու՝ Երվանդ Սերոբյանի թեթև ձեռքով դարձել է համալսարանի «Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն»-ի տնօրենի տեղակալ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Շուշան Մարտիրոսյանին տարիներ շարունակ ռեկտոր Երվանդ Սերոբյանը լրացուցիչ ծանրաբեռնել է նաև աշխատանքային այլ պարտականություններով, ինչի համար ստացել է լրավճարներ:

Ընդ որում, տարիներ շարունակ համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը դժգոհում է, որ համալսարանի «ընտրյալ» աշխատակիցները պարբերաբար ստացել են անհատական պարգևավճարներ, ու այս իրողությունը հնարավորինս գաղտնի է պահվել ռեկտորի կողմից:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ցավալին այն է, որ բազմաթիվ փաստերի առկայության պայմաններում կառավարությունը և ԿԳՄՍՆ-ն որևէ ուսումնասիրություն չեն կատարում ԲՈՒՀ-ում՝ թույլ տալով Երվանդ Սերոբյանին գործել անձնական շահախնդրությունների դաշտում:

Կարդացեք նաև

Այսպես՝ համալսարանն ունի «Իրավագիտություն» կրթական ծրագիր, որն ամեն տարի տալիս է բազմաթիվ գերազանցությամբ ավարտող մագիստրոս շրջանավարտներ, սակայն պարզվում է՝ համալսարանի «Մարդկային ռեսուրսների կառավարման, փաստաթղթաշրջանառության և իրավական ապահովման բաժնի» պետ Արտաշես Հովհաննիսյանը, որը ռեկտորի բարեկամն է, անփոխարինելի է: Վերջինիս 65-ամյակը և աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել են, բայց ռեկտորն Արտաշես Հովհաննիսյանին պահում է բաժնի պետի պարտականությունները կատարողի պաշտոնում: Ընդ որում՝ սա միակ դեպքը չէ:

Մեզ հասել են լուրեր, որոնք իրականում էլ ավելի հետաքրքիր են դառնում, երբ նկատի ենք ունենում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը «նախկինների» թալանի նկատմամբ:

Պարզվում է՝ 8 տարվա ընթացքում ռեկտոր Սերոբյանը հասցրել է հիմքից կառուցել երկու շքեղ առանձնատներ Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարևանությամբ: Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ ռեկտոր Սերոբյանը նաև բնակարան է ձեռք բերել Երևանում, որդու ատամնաբուժարանի տարածքն է խիստ ընդլայնվել:

Իհարկե, տասնամյակներ շարունակ կրկնուսույց աշխատած Երվանդ Սերոբյանը կարող է ասել, որ ինքը, որդիները, հարսները բժիշկներ են, ունեն բավարար ֆինանսական հնարավորություններ և կարող էին երկու շքեղ առանձնատներ կառուցել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Երվանդ Սերոբյանը, որդիները, հարսները մինչև 2018 թվականի մայիսն էլ էին աշխատում ու նման կապիտալի մասին չէին էլ երազում, բայց միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին «բախտը» Երվանդ Սերոբյանին ժպտաց:                 

Բնականաբար, համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը ևս տեղյակ է այս լուրերից և խիստ դժգոհ է ԲՈՒՀ-ում տիրող ամենաթողությունից, Նիկոլ Փաշինյանից ու ԿԳՄՍ նախարարից, որոնք չեն վերահսկում իրենց ռեկտորի գործունեությունը:

Ի դեպ, թեև Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ուսանողական վարձավճարները շատ են բարձրացել, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձը շատ ցածր է ամբողջ Հանրապետության մակարդակով: Անցած տարի և այս տարվա հունիսին ևս համալսարանի հիմնական աշխատակիցները ստացել են իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով պարգևավճար, բայց դրանից առաջին հերթին օգտվել են նույն ռեկտորը՝ իր տեղակալներով, բարեկամներով ու մի քանի վարչական պաշտոն ունեցող աշխատակիցներ, քանի որ նրանց աշխատավարձերը շատ բարձր են:

Գաղտնիք չէ, որ Շիրակի մարզում և Գյումրիում սոցիալական վիճակը շատ ծանր է, ապրելը՝ շատ դժվար, բայց իր ծննդյան 70-ամյակը սեպտեմբերին նշող ռեկտորը նյութական առումով խիստ բարգավաճել է, ինչը, իհարկե, կարող է իրեն թույլ տալ,  երբ վերադասի կողմից «կանաչ լույս» վառվի նրա ճանապարհին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031