Եթե յուրային ես, քեզ ամեն ինչ կարելի է. ինչո՞ւ է «ջրվում» ՇՊՀ ռեկտորի մասնակցությամբ վրաերթի գործը

«Հրապարակ» տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային մեղադրողը բողոքարկել է վերաքննիչ դատարան, այնտեղ դեռևս որոշում չկա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Գորիսում Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, և Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Կարեն Պողոսյանը մեղադրվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար։

Ըստ մեղադրանքի՝ նա ակոսափող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին, որոնք ճանաչվել էին տուժողներ։

Փաստորեն, եթե խոսքն իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի ու շրջապատի կատարած ենթադրյալ հանցանքի մասին է, կարելի է չմտահոգվել, լինել ազատության մեջ, իսկ եթե, օրինակ՝ ընդդիմադիր որևէ մեկը որևէ ֆեյսբուքյան գրառում կատարի, որը դուր չգա իշխանությանը, ուրեմն կգնա, բանտում երկար ամիսներ կանցկացնի:

Կարդացեք նաև

Թերևս, հենց ողջ համակարգով Ֆեյսբուքը սանրելու ու մի անձի պաշտպանությանը լծված լինելու մղումն է, որ ոստիկանությանը դարձնում է այնքան անկարող, որ 2 շաբաթ չեն կարողանում բռնել Մալիշկա գյուղի ազգաբնակչությանը գիշերներն ահաբեկող անձին կամ գտնել նորածին երեխային բախտի քմահաճույին հանձնած նրա ծնողներին:

Այս համատեքստում Գյումրիից ևս մեզ հասել են լուրեր, որոնք վերաբերում են Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Երվանդ Սերոբյանին:

168.am-ը բազմիցս է անդրադարձել ՇՊՀ-ի ռեկտորի գործունեության հետ կապված անընդունելի իրողություններին: Վերջին անգամ անդրադարձել էինք հուլիսին՝ գրելով, որ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ձեռք է բերել 2 բնակարան (որոշ աղբյուրներ խոսում են 3 բնակարանի մասին.- Ա.Վ.) Երևանում, 2 շքեղ առանձնատուն է կառուցել Գյումրիում, բարեկամներին է բարձր աշխատավարձերով աշխատանքի տեղավորել, ունի նաև շահույթ հետապնդող կառույցներ և այլն:

Սակայն այս անգամ Նիկոլի Փաշինյանի կամ նրա մերձավոր շրջապատի գերպաշտպանության տակ գտնվող ռեկտորը հայտնվել է այլ բնույթի սկանդալի մեջ, ինչը թերևս փորձել է կոծկել:

Մեր տեղեկություններով՝ հինգշաբթի երեկոյան Երվանդ Սերոբյանն իր վարած ավտոմեքենայով, որի մեջ ուղևորներ չեն եղել, Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի վրա գտնվող եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը ստացել է ոտքի կոտրվածք և այլ վնասվածքներ: Հայտնի է տուժողի անունը. նա հաշմանդամ է, սոցիալապես անապահով, քաղաքում նրան ճանաչում են՝ որպես երթուղայինների դուռ բացող-փակող:

Ըստ ականատեսների՝ տուժողին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով, պարեկներ են ներկա գտնվել, և զարմանալիորեն այս ամենից ոստիկանությունը, փաստորեն, «անտեղյակ» է:

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝  համալսարանի ռեկտորը տուժողի հետ պայմանավորվել է, որ բողոք չլինի, միջադեպը չհանրայնացվի, իրավապահները չխառնվեն, դե, ռեկտոր մարդ է, «ընտանիք է պահում»: Անշուշտ, կարող ենք ենթադրել, որ տուժողի լուռ մնալը գին է ունեցել:

Ամբողջ խնդիրն այն է, որ վրաերթի հեղինակ ռեկտորն իր օրինակով սովորեցնում է ուսանողներին թքած ունենալ օրենքների ու բարոյական արժեքների վրա: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում սա զարմանալի չէ, քանի որ ռեկտոր Սերոբյանը յուրային է, իսկ յուրայիններին ամեն ինչ կարելի է:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից նշեցին, որ օգոստոսի 14-ին Գյումրիի Պարույր Սևակի փողոցում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ անձ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Քննչական կոմիտեից էլ ասացին, որ գործով մեղադրյալ չկա, վարույթը նախաքննության փուլում է, փորձաքննություն կա նշանակված, եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Ինչպես հասկանում ենք, այս գործով այդպես էլ մեղադրյալ չի լինի, ինչպես չեղավ Կաթողիկոսի գլուխը ջարդելու սպառնալիք հնչեցնող գառնեցի պաշտոնյայի պարագայում:

Չենք բացառում, որ դեպքի պահին ռեկտորը մտահոգ է եղել ու մտացրիվ. ի վերջո, մեր տեղեկություններով՝ վերջերս Պետական վերահսկողության ծառայությունն է եղել ՇՊՀ-ում, փաստաթղթեր են տարել, ու դա ազդել է ռեկտորի վրա:

Չենք էլ չարախնդում. ամեն մարդու հետ էլ կարող է նման բան պատահել: Մենք ընդամենը կրկնակի ստանդարտների հերթական փաստն ենք արձանագրում. Եթե ՔՊ-ի համակիր ես, քեզ ամեն ինչ կարելի է, եթե ոչ՝ ուրեմն բռնվի՛ր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31