Ուշ է լինելու, Սյունիքը կորցնելու ենք և որևէ երկիր չի կարողանալու մեզ օգնել. Արթուր Խաչիկյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցողը տեռոր է, իսկ Հայաստանը ղեկավարում է մի խումբ, որը ենթարկվում է Ալիևին, Էրդողանին և Արևմուտքին, որն աչքերը փակում է այս բռնապետության վրա:

«Սա լուրջ հարցեր է առաջացնում, թե արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է պետություն ունենալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ այս հարձակումները կանխարգելիչ հարված են, որպեսզի ժողովուրդը չդիմադրի նրան, ինչ անելու են. «Պարզ է, որ գնացել են զիջումների, հետո կպարզվի, որ Սյունիքում նշաձողն իջեցրել են, և այն մարդիկ, ովքեր Սյունիքում դիմավորում էին «մեր փրկչին», կդիմավորեն Ադրբեջանի և Թուրքիայի բանակը: Մենք արժանի ենք: Այս մարդիկ մեղավոր չեն, մենք արժանի ենք, որ նման բաներ ենք թույլ տալիս մեր երկրում: Հետո կլինի ադրբեջանցիների վերադարձի հարցը, հետո իհարկե, արդեն պետք է որոշենք՝ որ գյուղերից հայերին տեղահանել, որ ադրբեջանցիները գան ապրեն: Նրանք ամբողջ Սյունիքն են ուզում: Այս հարվածներն էլ նրա համար են, որ մարդիկ վախենան, և ոչ ոք չդիմադրի»:

Արթուր Խաչիկյանի դիտարկմամբ՝ իշխանությունները զիջել են Սյունիքով ճանապարհը:

Կարդացեք նաև

«Քայլ առ քայլ դանակը հասնում է ձեր վզին: Եթե ապրել չեք ուզում, պետություն չեք ուզում ունենալ, ի՞նչ կարող ենք անել: Այն փաստը, որ նախկինները ձեզանից շատ փող ունեին, ձեզ ավելի ջղայնացրեց, քան Արցախի կորուստը»,- շեշտեց նա:

Ըստ Խաչիկյանի՝ գործող իշխանությունները Հայաստանը դարձրել են տարածաշրջանի չմոն. «Նրանք ասում են՝ ինչ են անելու. Ադրբեջանը Սյունիքի հետ վարվելու է նույն ձևով, ինչպես Ղարաբաղի»:

Նա նկատեց՝ Սյունիքով միջանցքի իրականացման պարագայում Հայաստանն ամեն պահի կարող է հայտնվել շրջափակման մեջ.

«Այդ ժամանակ, երևի մեր ժողովուրդը նոր կակտիվանա, երբ սով գա Հայաստանը, գները մի քանի անգամ բարձրանան: Բայց արդեն ուշ է լինելու, որովհետև Սյունիքը մենք կորցնելու ենք, և որևէ երկիր մեզ օգնել չի կարողանալու: Մենք կդառնանք ավելի մեծ Ղարաբաղ, և մարդիկ դուրս կգան Հայաստանից: Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը փողոցներում մարդիկ անհոգ շրջում էին, պարում էին, նրանց հարցրեք՝ այս իրավիճակի ելքը ինչպե՞ս են տեսնում: Նրանք հասկանո՞ւմ են, որ եթե կտրվենք Իրանից, և երբ ադրբեջանցիները գան այստեղ՝ ապրելու, նրանք այլևս չեն կարողանալու փողոցներում պարել և հաց ուտել: Եթե ժողովուրդը պետություն չի ուզում ունենալ, ի՞նչ կարող ենք անել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս