
Խաղաղության համաձայնագրի հարցում Երևանն ու Բաքուն չեն շտապի, իսկ ապաշրջափակման շուրջ գործընթացներն ակտիվ փուլում են․ վերլուծաբան

Դուբայում կայանալիք Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնականը կրկնել է՝ ՀՀ սահմանադրությունը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Սլովակական Hospodárske noviny պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն արդեն գոյություն ունի», սակայն խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը, որն այժմ էլ պարունակում է դրույթներ, որոնք տարածքային հավակնություններ են արտահայտում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա։
Հաջիևն իր հարցազրույցում դրական է համարել այն փաստը, որ Հայաստանի հետ երկկողմ հաղորդակցության ուղի կա, և, որ Երևանն ու Բաքուն խնդրահարույց հարցերը քննարկում են առանց միջնորդների։
Օրերս օկուպացված Ստեփանակերտում Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, թե Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ տարածքային պահանջներ չունեն Ադրբեջանից, և Սահմանադրությունում էլ նման պահանջներ չկան հարևանների նկատմամբ: Սակայն ՀՀ իշխանություններն այժմ նոր Սահմանադրություն են մշակում և խոսում Սահմանադրությունը փոխելու խիստ անհրաժեշտությունից։
Այս ամենին զուգահեռ՝ Էրդողանը հայտարարել էր, թե չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում։
«Մենք այս գիծը դիտարկում ենք՝ որպես աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս»,- ասել էր Էրդողանը և հույս հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման շնորհիվ «նոր և պատմական հնարավորությունների պատուհանների» բացման ականատեսը կդառնան։ Միևնույն ժամանակ այս երթուղու վերաբերյալ ուշագրավ տեղեկություն էր տարածվել ամերիկյան Carnegie Politika-ում տեղ գտած Օլեսիա Վարդանյանի հոդվածում, որում նա, հղում անելով որոշակի աղբյուրների, գրել էր, որ ամերիկյան կողմն այս երթուղու վերաբերյալ առաջարկ էր արել, որի էությունն այն է, որ ՀՀ-ով անցնող հաղորդակցության հսկողությունն է՝ ամերիկյան բիզնես մասնակցությամբ։
Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում տարածվող բոլոր հայտարարությունները, տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են, որոնք դեռ ամբողջությամբ տեսանելի չեն։ Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում այս հայտարարություններից ու տեղեկություններից, թե Երևանի ու Բաքվի միջև կոնսենսուսի շուրջ որոշակի փոխըմբռնում կա։
«Սակայն, կարծում եմ, Խաղաղության համաձայնագրի հարցում կողմերը չեն շտապի, քանի որ ՀՀ սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան երևի թե ընտրություններից հետո։ Սակայն մինչ այդ ապաշրջափակման գործընթացը կփորձեն առաջ մղել, հանգել ինչ-որ լուծման, հատկապես, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայումս մինիմալ են թե Երևանի, թե Բաքվի դեպքում, որը, կարծում եմ, պատահական հանգամանք չէր հենց այս փուլում։ Լիովին հասկանալի չէ, թե ամերիկյան առաջարկն իրականում ինչ ձևաչափ ու տեսք է ունենալու, որքանով այն ունի Ադրբեջանի աջակցությունը։
Սակայն գուցե այդ տարբերակին համաձայնելով՝ Ադրբեջանը ժամանակավոր խնդիր լուծի։ Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել, որ մի պայմանավորվածություն կայացել է, ապա խախտվել։
Նույնը նաև խաղաղության համաձայնագրի հետ տեղի ունեցավ, ամեն բան բանակցվեց, սակայն չի ստորագրվում, քանի որ համաձայնագրից դուրս պահանջներ են դրվում։ Ուստի երևակվում է որոշակի փոխընմբռնում, սակայն չէի շտապի գնահատականների հարցում, կարծում եմ՝ դեռ վերջնական չեն քննարկումները։ Դուբայում, եթե կայանա հանդիպում, ապա շատ հարցեր կողմերը միմյանց հետ կհստակեցնեն և գուցե հրապարակայնեցնեն»,- ասաց նա։