Վահագն Խաչատուրյանը մոտ 23 միլիոն դրամ տարեկան եկամուտ-աշխատավարձ է հայտարարագրել․ վարձը տեսանելի է, իսկ աշխատա՞նքը

Հանրապետության նախագահ և համատեղությամբ, կարծեք, իշխանական երգուպարի անսամբլի կատարող, դաշնակահար Վահագն Խաչատուրյանի աշխատանքն ու ջանքը, որը հասարակ մահկանացուներից շատերին գուցե տեսանելի չէ, պարզվում է` խիստ գնահատվում է։ Վերջինի մասին են վկայում պաշտոնյայի ներկայացրած տարբեր թվականների հայտարարագրերը, որտեղ արձանագրվում են հաշվետու տարվա եկամուտների աճերը։

Այսպես, ուրեմն, 2021 թվականի դեկտեմբերին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ հայտարարագրի համաձայն՝ Վահագն Խաչատուրյանի հաշվետու տարվա՝  8,067,142  դրամ եկամուտը գոյացել էր ԵՊՀ-ից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից, Անտարեսից ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 2,666,642 դրամի չափով, ապա նաև՝ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից ստացած աշխատավարձի և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 5,400,500 դրամի չափով։

Արդեն որպես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Վահագն Խաչատուրյանն արդեն 2022 թվականին ներկայացրած հայտարարագրում 2021 թվականի՝ հաշվետու տարվա եկամուտ է նշում ԵՊՀ-ից, ՇՏՀ-ից, «Անտարես Հոլդինգ»-ից և այլ աղբյուրներից ստացած 3,576,071 դրամ աշխատավարձը և կամ դրան հավասարեցված վճարումները, ապա նաև՝  «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից, ՀՀ ԲՏԱՆ-ից և  այլ աղբյուրներից ստացած  15,982,860 դրամ աշխատավարձը և կամ՝ դրան հավասարեցված վճարումները․ ընդամենը՝ 19 միլիոն 558 հազար 931 դրամ։

Արդեն նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի՝ եկամտային պրոգրեսիան շարունակվում է․ այս տարի ներկայացրած հայտարագրից, օրինակ, տեղեկանում ենք, որ նախագահ Խաչատուրյանը 2025 թվականը փակել է  22,982,880 դրամ եկամուտով, որը գոյացել է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացած աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Կարդացեք նաև

Վերջին հայտարարագրի մասին՝ ավելի մանրամասն

Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, որոնք 2002, 2017 թվականներին է ձեռք բերել՝ նվիրատվության, կամ ժառանգության տեսքով, և որոնք տնօրինում է միանձնյա․ 2 հողամաս. Մեկը՝ Երևանի Արաբիր վարչական շրջանում, մյուսը՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում, մեկ ավտոտնակ և մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պաշտոնյայի մի քանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը՝ 68,331,911.8 դրամ, 2,983,749.2  դրամ,  132.41 դոլար, 313.85 դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 1,5 միլիոն դրամ և 20 հազար դոլար։

Վահագն Խաչատուրյանը հաշվետու տարվա՝ 2025 թվականի եկամուտ է նշել 22,982,880 դրամը, որը գոյացել է Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացած աշխատանքային վարձատրությունից և կամ դրան հավասարեցված վճարումներից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մի դեպքում՝ կազմել է 10 հազար եվրո, մեկ այլ դեպքում՝ 10 հազար դոլար

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031