Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի ու Թուրքիայի նախագահի հետ հանդիպման մանրամասներն իշխանությունները շարունակում են գաղտնի պահել հանրությունից, չնայած դրա հետ կապված տարբեր տեղեկություններ շրջանառվում են։ Թվում էր, թե այցի արդյունքներով, գոնե ձևի համար, պիտի հայտարարվեր հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու մասին, բայց դա էլ տեղի չունեցավ։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների այս վաղեմի երազանքն էլ փորներումը մնաց։
Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում ցույց տալու, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացները տեղի են ունենում առանց նախապայմանների։ Հարց է առաջանում, եթե այդպես է՝ ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը՝ նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Չէ՞ որ դրա համար սահմանային բոլոր ենթակառուցվածքներն արդեն վաղուց պատրաստ են։
Մինչ Հայաստանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում ընկնելու Թուրքիայի գիրկը, Թուրքիայի իշխանությունները չեն շտապում բացել հայ-թուրքական սահմանը։ Անթալիայում օրերս տեղի ունեցած հերթական դիվանագիտական ֆորումում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ ևս հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու սահմանների բացմանը հենց հիմա, հենց այսօր։