
Ռուբեն Ռուբինյանի կիսատ հիշեցումը կամ անուղղակի մեսիջ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2018 թվականի ապրիլի 23-ին իր արած մի հայտարարություն, որն առնչվում է զինվորականության՝ քաղաքական գործընթացներին մասնակցության բացառմանը և անթույլատրելիությանը:
Այս մասին նա հիշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի շուրջ գործընթացների համատեքստում, և, որ իբր նա 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ նախկին նախագահներին կոչ է արել գեներալների միջոցով հեղաշրջում անել:
Իսկ երբ մեկնաբանություններում օգտատերերը հիշեցրել են 2018 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած ցույցերին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցության փաստը, Ռուբինյանն արձագանքել է. «Մեջբերածս հայտարարությունս հենց դրա մասին է»:
Նշենք, որ 2018թ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով:
Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը Վաղինակ Սարգսյանն էր:
Այդ օրերին ՀՀ ՊՆ-ն քննադատել էր խաղաղապահ բրիգադի զինծառայողների այդ քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը թվով 209 զինծառայողների մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:
«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ի՞նչ ուժերի ազդեցության տակ են, ինչպես, և այլն»,- ասել էր նա:
Բացի այս, նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը և այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում:
Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին»:
2018 թվականի սեպտեմբերին արդեն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հայտնել էր, որ Երևանում ապրիլի 23-ին տեղի ունեցած ցույցերին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցության հարցը փակված է:
Այսինքն, ավարտվել է ծառայողական քննությունը, համապատասխան որոշումներ են կայացվել անձնակազմի վերաբերյալ, և այդ հարցը դուրս է եկել օրակարգից:
«Որոշ անձանց նկատմամբ որոշակի կարգապահական որոշումներ են կայացվել, քանի որ կարգապահական խախտում է եղել»,- նշել էր Տոնոյանը:
Իսկ այդ ժամանակ խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանը դեռ 2018թ. հունիսի 11-ին էր նշանակվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, որից ազատեցին 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի օրերին:
Ռուբեն Ռուբինյանը, չգիտես՝ ինչու, այս մասին մոռանում է, բայց ոչ միայն այս մասին, այլև իրենց իշխանության 7 տարիների ընթացքում բանակին անուղղակի կերպով քաղաքական գործընթացների մասնակից դարձնելու փաստերը:
Բայց քանի որ խոսք եղավ միջոցառումներից մասին, ապա ԱԺ փոխնախագահը կարո՞ղ է պատասխանել՝ ինչպե՞ս գնահատել այն երևույթը, երբ գործող սպան մասնակցում է իշխանական կրթաքաղաքական միջոցառումներին ու անընդհատ հաճոյախոսություն է գրում երկրի ղեկավարի հասցեին, ընդ որում՝ այդ գործող սպան Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պաշտոնյա է, կամ՝ երբ զինվորական համազգեստով ոչ զինվորական է մասնակցում նշածս միջոցառումներին, երբ օրենքը հստակ պահանջներ ունի համազգեստի կրման հետ կապված:
Հարկ է նկատել մի ուշագրավ փաստ. ԱԺ փոխնախագահը բանակի՝ քաղաքական գործընթացների մասնակցության՝ անկախ նրանից, թե ում օգտին, պատասխանատու է համարում ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ մի օր ՀՀ գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին (ով հետ չմնաց և իր պատմաբանի խոսքն ասաց ընդդեմ «ահաբեկիչների») այս թեմայով մեղադրանքներ լինեն:
Իսկ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերն ընդամենը հայտարարություն էին արել՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով, որտեղ նախ խոսել էին իրենց դեմ իշխանական գրոհներից, այնուհետև զգուշացրել, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:
Բայց, ինչպես մի առիթով ասել էր ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, «ԶՈՒ հայտարարության մեջ չկար պահանջ. եթե Փաշինյանը հրաժարական չտա այսինչ ժամկետում, ի՞նչ է անելու զինվորականությունը»:
Այսինքն, հեղաշրջման ոչ մի ցանկություն չկա, իսկ պատերազմի օրերին ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն «հավատարմության երդում են» տվել իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին: