«Կրթվելը նորաձև է» արշավին մասնակցում է զինվորական համազգեստով, բայց ԶՈՒ զինծառայող չէ

Ինչպես արդեն գրել ենք, Վանաձորում տեղի ունեցած «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում հերթական հանդիպմանը, ինչպես երևում է տարածված տեսանյութում, մասնակցում էր նաև զինվորական՝ համազգեստով։ Միաժամանակ, չէինք բացառել, որ տեսանյութում երևացող զինվորական համազգեստով անձը կարող է իրականում կամ ներկա պահին զինվորական չլինել, ամեն դեպքում, խնդրահարույց համարելով զինվորական համազգեստով զինվորականի կամ ոչ զինվորականի ներկայությունը Աննա Հակոբյանի հավաքին:

Եվ այս տեղեկության հստակեցման համար հունիսի 3-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրմամբ՝

– Աննա Հակոբյանի՝ Վանաձորում «Կրթվելը նորաձև է» արշավի համատեքստում տեղի ունեցած միջոցառման ժամանակ զինվորական համազգեստով զինվորական կար նստած, նա գործո՞ղ սպա է, արդյո՞ք 3-րդ բանակային կորպուսից է, թե՞ մեկ այլ զորամիավորումից, արդյո՞ք նախարարի համաձայնությամբ է զինվորականը մասնակցել քաղաքական ենթատեքստով կրթական միջոցառմանը: Խնդրում ենք ներկայացնել օրենք, կանոնադրությունը՝ ե՞րբ է նման արարքն անթույլատրելի, երբ՝ ոչ:

Կարդացեք նաև

ՊՆ-ն պատասխան գրության մեջ հայտնել է.

«Լուսանկարում պատկերված անձը ՀՀ ԶՈՒ ծառայող չէ»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականին Կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, ինչը ենթադրում է պատասխանատվություն զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և այն կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում:

Վերը նշված դեպքը, որում վտանգավոր մեսիջ կա՝ բանակի հեղինակությանը վնասող, Փաշինանի իշխանության դեպքում, բնավ էլ, զարմանք չի հարուցում, եթե հաշվի ենք առնում, օրինակ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում նմանօրինակ դեպքերը, այդ թվում՝ պատերազմի ավարտից հետո համազգեստավորների հավաքը Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:

Շատերն են հիշում նաև 2018թ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային՝ հեղափոխություն կոչվածին, հանկարծակի ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների միանալը՝ համազգեստներով:

Մեր հարցման մեջ ներառված հաջորդ հարցը վերաբերում է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից պարբերաբար գաղտնիության էլեմենտներ պարունակող տվյալների հրապարակմանը, ինչի փորձ արվեց նաև 2025 թվականի հունիսի 13-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, երբ ներկայացնում էր սեփական օրենսդրական նախաձեռնությունը:

Մենք հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք Պաշտպանության նախարարությունը փորձել է որևէ միջոց ձեռնարկել, որպեսզի կանխվի այս գործելաոճը, հատկապես, երբ նախարար Սուրեն Պապիկյանն էլ է մի քանի անգամ դիտողություն արել:

Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանել են, որ այս հարցը դուրս է իրենց իրավասության շրջանակներից:

Ինչ վերաբերում է, թե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը մասնագիտական ի՞նչ կարծիք է հայտնել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական փաթեթին, արդյո՞ք ԳՇ-ն այն կարծիքին է, որ 1 ամսում կարելի է զինվորական կամ մասնագետ պատրաստել, ինչն իրականում 4 ամսում է տեղի ունենում, և ո՞ր երկրի փորձն է որպես օրինակ վերցվել, ապա նախ նշենք, որ Պաշտպանության նախարարությունը մեր այս հարցադրումներին պատասխանել է այն ժամանակ, երբ դրանց պատասխաններն արդեն իսկ բաց աղբյուրներից ստացել ենք հենց իշխանական պատգամավորի ներկայացրած նախագծերի փաթեթի քննարկումների ժամանակ:

Օրինակ, թե ո՞ր երկրի փորձն են աչքի տակ ունեցել, մենք շատ ավելի վաղ կռահել էինք, որ այդ երկիրը Թուրքիան է, ինչում, ըստ էության, չէինք սխալվել:

Ւնչևէ, պաշտպանական գերատեսչությունն իր գրության մեջ նշել է, որ հունիսի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է վերը նշված հարցին, և, որ այդ մասին խոսվել է նաև հունիսի 13-ի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, հավելյալ այլ տեղեկություններ չեն կարող տրամադրել:

Նշենք, որ հունիսի 4-ին Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ դրանից առաջ տեղի ունեցած Կառավարության նիստին Սուրեն Պապիկյանն արտահայտել է ամբողջ զինված ուժերի ղեկավարության դիրքորոշումը:

Պաշտպանության նախարարը մայիսի 22-ի Կառավարության նիստին մի քանի փոփոխություն է առաջարկել և, ըստ էության, դեմ չի եղել 1 ամսում զինվոր պատրաստելուն, երբ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարց է ուղղել՝ կապված ծառայության սահմանված ժամկետների հետ՝ ինչո՞ւ 1, 4, 24 ամիս:

Իսկ ԳՇ պետը հունիսի 4-ին ավելի ուշ լրագրողներին խոստացել է, որ հունիսի 13-ին Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության նիստում կներկայացնի ԳՇ-ի դիրքորոշումը նաև, բայց վերջին պահին որոշվում է, որ այդ օրը Սուրեն Պապիկյանի փոխարեն՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է ներկայանալու իշխանական պատգամավորի օրենսդրական նախաձեռնության քննարկմանը, ով արդյունքում ներկայացրեց ամբողջ Կառավարության տեսակետը, և ոչ թե առանձին պաշտպանական գերատեսչության:

Փոխարենը՝ Հայկ Սարգսյանը նշել է, որ սկզբում Պաշտպանության նախարարությունը դեմ է եղել 1 ամսվա ծառայությանը, որովհետև կարող է չհասցնեն մարտական պատրաստության պատրաստեն։

«Գլխավոր շտաբի եզրակացությամբ՝ հնարավոր է ստանալ և այդ դասընթացները կազմակերպել այնպես, որպեսզի դա տեղի ունենա 1 ամսվա ժամկետում»,- շեշտել է նա:

Եվ հարցման պատասխանն ուշացնելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն առնվազն պետք է հստակ պատասխան տար՝ ԳՇ-ն կո՞ղմ է 1 ամսում զինվոր կամ մասնագետ պատրաստելուն, ԳՇ-ում կարող է լինեն դեմ անձինք, բայց միևնույն է՝ ընդհանրական հստակ պաշտոնական դիրքորոշում ռազմական ղեկավարությունը չի հայտնել:

Իսկ մեր վերջին հարցին, որը վերաբերում է 2024 թվականին Le Figaro-ի հայտնած տեղեկությանը, թե նույն տարվա փետրվարին Ֆրանսիան Հայաստան կառաքի GM 200 երեք ռադար և գիշերային տեսանելիության սարքեր, Պաշտպանության նախարարությունը մերժել է տեղեկության տրամադրումը կամ տեղեկության հերքումը/հաստատումը:

Տեսանյութեր

Լրահոս