Մինչ գործող իշխանությունը փորձում է համոզել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավոր է հասնել խաղաղության և բարեկամություն անել, և, որ նրանք սպառնալիք չեն Հայաստանի Հանրապետությանն ու նման մի շարք «որ»-եր, Բաքուն շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ իրավաքաղաքական արշավը՝ փորձելով «ցուցմունքներ» կորզել Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից, ընդ որում՝ քննության են առնվում Արցախյան առաջին, 2016 թվականի Ապրիլյան, 2020 թվականի 44-օրյա պատերազմների և հուլիսյան մարտերի մարտական դրվագներն ու ռազմական օպերացիաները: Ավելին, հերթը հասել է Արցախում վերաբնակեցման ծրագրին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, և ոչ միայն:
168.am-ը գրել է, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հունիսին 5-ին տեղի ունեցած «դատական» նիստի ժամանակ հիմնական հարցաքննվողը եղել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, իսկ հարցերը վերաբերել են արցախյան զորահանդեսներին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմին: