
Ի՞նչ ուղերձ էր հղում Օվերչուկը հայաստանյան հասարակությանը

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ անդրադարձավ ՀՀ ԵՄ ինտեգրացիայի թեմային։
Օվերչուկի խոսքով՝ 10 տարի առաջ՝ ԵԱՏՄ-ին միանալու ժամանակ, Հայաստանի 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր մոտ 3,8 հազար դոլար, այսօր այն հասել է 8,5 հազար դոլարի։ Նրա որակմամբ, սա չի կարելի անվանել մեծ եկամուտ, բայց ցուցանիշը խոսում է տեմպերի և ներուժի մասին։
Նա նաև ուշադրություն էր հրավիրել հանգամանքի վրա, որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա և, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, տարեվերջին երկրները մոտ 6 մլրդ դոլար կկորցնեն։
«Այս տարի միտումը շարունակվում է։ Եվ մենք ներկայում 3 մլրդ դոլար անկում ունենք։ Ակնհայտ է, որ տարեվերջին մոտ 6 մլրդ դոլար կկորցնենք»,- ասել է Օվերչուկը։
Նա շեշտել է, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է, որ «ինքը Հայաստանում հեռանկարներ չունի, քանի որ հեռանկար չկա նաև Եվրամիության հետ փոխգործակցության»։
«Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է»,- նշել է Օվերչուկը։
Միևնույն ժամանակ Օվերչուկն ընդգծել էր, որ Մոսկվան և Երևանը հասկանում են կարգավորիչ միջավայրը բարելավելու անհրաժեշտությունը՝ տնտեսական ցուցանիշների մակարդակը վերականգնելու համար։
Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը և փոխադարձ հաշվարկների խնդիրը։ Անհրաժեշտ է նաև ավելացնել «Վերին Լարսի» անցակետերի թիվը, որտեղ այս օրերին կրկին մեծ խցանումներ են գրանցվում։
Օվերչուկի այս խոսքերին արձագանքեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ ՌԴ փոխվարչապետը դրամատիզացնում է իրավիճակը, և, որ մարդկանց մակարդակում չկա դրամատիզմ, ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ՌԴ փոխվարչապետն իրականում հանդես է գալիս ոչ թե քաղաքական, այլ հստակ տնտեսական գնահատականներով, որպեսզի թե ԵԱՏՄ-ում, թե ՀՀ-ում պարզ լինի, թե վեկտորային որոշումներն ինչ տնտեսական հետևանքներ կարող են ունենալ։
Ըստ նրա, Ռուսաստանում՝ բոլորի, շատերի համար էլ ՀՀ-ում ակնհայտ է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից էական օգուտներ է ստանում, որն անդրադառնում է ՀՀ-ում կյանքի որակի ու բազմաթիվ այլ ոլորտների վրա։
«Եթե այդպես չլիներ, ՀՀ-ն կդադարեցներ կամ կսառեցներ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ինչպես արեց ՀԱՊԿ-ի դեպքում։ Սակայն ՀՀ-ի ստանձնած եվրաինտեգրացիայի ճանապարհն արդեն իսկ ենթադրում է ՀՀ-ի տնտեսական, առևտրային ասոցացում ԵՄ շուկային, որտեղ գործում են այլ կարգավորումներ, կանոններ։ Եվ ՌԴ փոխվարչապետն ակնարկեց, որ ՌԴ-ում գուցե արդեն նկատում են փոփոխություններ ՀՀ-ում, որոնք հակասում են ԵԱՏՄ նորմերին, այսինքն՝ չեն ձուլվում գործընթացները տարբերությունների պատճառով, վաղը դրանք շատանալու են և պարզապես հնարավոր չի լինելու շատ գործընթացներ կազմակերպել այնպես, ինչպես նախկինում։ Իսկ ՀՀ-ի ԵՄ անդամակցության ճանապարհը, բնականաբար, հակասում է ԵԱՏՄ-ին, և սա ևս պետք է պարզ լինի։ Թեև ես այն համոզմանն եմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն, ուստի կմնան միությունում այնքան ժամանակ, որքան չի լինի ԵՄ անդամակցություն»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։
Մյուս կողմից, փորձագետը գտնում է, թե ՌԴ-ում վստահ են, որ եթե խոսեն ԵԱՏՄ-ում ՀՀ-ի օգուտներից, կամ նրանից, որ ՀՀ-ն ԵՄ անդամակցության պատճառով կկորցնի այդ օգուտները, ՀՀ-ում որոշում կփոխվի։
«Կարծում եմ՝ չի փոխվի, քանի որ նման որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով ծանրակշիռ հանգամանքներ, այդ թվում նաև՝ տնտեսական։ Այս ցուցանիշները թերևս ներկայացվում են, որպեսզի հայաստանյան հասարակությունը հասկանա, որ ԵԱՏՄ-ն հստակ օգուտներ է տալիս ՀՀ-ին, իսկ ԵՄ անդամակցության դեպքում, որը նույնիսկ հստակ հեռանկար էլ չէ, ՀՀ-ն կարող է չունենալ նույն տնտեսական հաջողությունը»,- նկատեց նա։
Սիմոնովի դիտարկմամբ՝ հայկական կողմը չի թաքցնում, որ ձգտում է ԵՄ ինտեգրացիայի և ըստ էության չի լքում ԵԱՏՄ-ն, քանի որ չի միանում ԵՄ-ին։
«Սրանք այսօր հայ-ռուսական հարաբերությունների իրողություններն են, կա համագործակցություն՝ հիմնված փոխադարձ շահերի վրա»,- նկատեց նա։