
«Այս ամենը զուգադիպություն չէ, ինչ-որ բան պատրաստվում է». Կարեն Իգիթյան

Իրանն ու Իսրայելը շարունակում են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Հունիսի 13-ին սկսված պատերազմական գործողությունն այս պահին հրադադարի որևէ նախանշան ցույց չի տալիս, ավելին՝ Իրանը հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ չի բանակցի այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի իր հարձակումները։
Երկու կողմերից էլ կան զոհեր և վիրավորներ, Իրանը հայտարարել է, որ հունիսի 13-ից ի վեր երկրում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3500-ը:
Այս ֆոնին մտահոգություններ են հնչում Սյունիքին սպառնացող հնարավոր վտանգների մասին, այդ թվում՝ իրանցի փորձագետների կողմից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այդ մտահոգությունները միայն սադրիչ է որակում։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը կիսում է Սյունիքի վերաբերյալ մտահոգությունները՝ գնահատելով, որ Իրան-Իսրայել պատերազմի համատեքստում Սյունիքն ավելի է վտանգվել։
«Ասել, որ այս հայտարարությունները սադրիչ են, նշանակում է Ալիևի վրայից ամբողջ մեղքը, սադրիչ գործողությունների պատասխանատվությունը վերցնել ու դնել իրականությունը տեսնող փորձագետների ուսերին։ Ալիևն ասում է՝ «Զանգեզուրն իր պատմական հողն է, Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է, որտեղ վերադառնալու է, եթե Հայաստանը սխալ իրեն պահի՝ ջախջախելու է, եթե վիրազինվի՝ հարվածելու է», և այլն, ու Ալիևի այս ծավալապաշտական նկրտումները մեծ մասամբ զսպում էր Իրանը։ Հիմա պարզ է, որ Իրանը զբաղված է Իսրայելով ու այս նկրտումներին չի կարող նույն կերպ արձագանքել։ Հետևաբար, Սյունիքն այս պահին ավելի շատ է վտանգված, որովհետև Ադրբեջանի նպատակները չեն փոխվել ու չեն փոխվելու, իսկ իրականությունը, ուժերի բալանսը փոփոխվել է։ Սա շատ պարզ բանաձև է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Իգիթյանը։
Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների հետագա զարգացումների և Միացյալ Նահանգների հնարավոր ներգրավվածության վերաբերյալ էլ Կարեն Իգիթյանն ասաց՝ այս պահին Միացյալ Նահանգները նախապատրաստվում է, որ հարկ համարելու դեպքում՝ հարված հասցնի։
«Մոտեցնում են իրենց զորքերը, այս պահին խոսքը նավատորմի և ավիացիայի մասին է, դեռ ցամաքային զորքի մասին չէ։ Եթե իրենք զորքը մոտեցնում են, կարող ենք ակնկալել, որ սա կա՛մ սպառնալու համար է, որ եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները՝ կհարվածեն, կա՛մ էլ նրա համար է, որ հետագայում կարողանան այդ գործիքն օգտագործել»,- շեշտեց Կարեն Իգիթյանը։
Մեր զրուցակիցն անդրադարձավ երեկ Ստամբուլում կայացած Թուրքիայի ու Հայաստանի ղեկավարների հանդիպմանը և հնարավոր արդյունքներին՝ նշելով, որ այստեղ պետք է դիտարկել, թե կողմերի պահանջները որոնք են և ում կողմից է ուժային բալանսը։
«Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս ասել են՝ իրենք ինչ են ուզում, իսկ իրենք ուզում են «խաղաղության» փաստաթուղթ, որտեղ ՀՀ Սահմանադրությունն այլ կլինի, ադրբեջանցիները «կվերադառնան» ու ՀՀ-ում կունենան երաշխիքներ և «Զանգեզուրի միջանցքը» կբացեն։ Հիմա մենք ի՞նչ ակնկալիքներ ունենք՝ այս պահին Իրանը թուլացած է, իսկ նա այն հիմնական երկրներից է, որը թույլ չէր տալիս, որ իրականացվի «միջանցքի» պրոյեկտը։ Հիմա եթե նոր բան են խոսում, դա չի կարող լինել ՀՀ դիրքերի ամրապնդման մասին, դա լինելու է մեր երկրի թուլացման մասին։ Այս պահին իրականության մեջ հայկական դիրքը թուլանում է, ու այդ համատեքստում Փաշինյանը սկսում է արշավ Առաքելական եկեղեցու ու բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր կարող են պաշտպանել եկեղեցին կամ այլ ազգային արժեք։ Հասկանալի է, որ այս ամենը զուգադիպություն չէ, և ինչ-որ բան պատրաստվում է»,- ընդգծեց Կարեն Իգիթյանը։
Նշենք, որ երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին՝ արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը չէ՞, որի համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։
Հիշեցնենք, հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ դրա նպատակ հայտարարելով Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից զրկելը։ Գրեթե մեկ օր անց իսլամական հանրապետությունն իրականացրել է պատասխան հարձակում: Հաջորդ օրերին երկրները կրկին հարվածներ են փոխանակել:
Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին, խոստովանել մի շարք օբյեկտների հասցված հարվածների մասին: Փոխադարձ հարվածները շարունակվում են մինչ օրս։