«Տեսակցության ամսաթիվը չենք ներկայացնում, կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ասել, որ տեսակցել ենք բոլոր այն անձանց, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները». Ամատունի

Երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտարարել էր, որ Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին։

168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Մենք բոլոր անձանց տեսակցել էինք մարտ ամսին, հունիսի տեսակցությունն արդեն հերթական տեսակցությունն է։

Տեսակցության մանրամասները, ինչպես միշտ, մենք չեն կարող փոխանցել, բացի ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, հարազատների կողմից պահվող անձանց փոխանցել ենք ծանրոցներ, որոնք պատրաստել են ընտանիքի անդամները նրանց համար։

Տեսակցության ամսաթիվը չենք ներկայացնում, կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ասել, որ տեսակցել ենք բոլոր այն անձանց, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները»,- նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը,  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս