
Ես հիշում եմ՝ այդ ձայնագրություններում կար Ձեր և Օնիկ Գասպարյանի միջև հեռախոսազրույցը. դատավորը՝ Ջալալ Հարությունյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվեց Ջալալ Հարությունյանի կամ Ցորի զորամասի գործով դատական նիստը, որին ներկա էր ՊԲ նախկին հրամանատարը, և, որ պաշտպանական կողմն առաջարկեց մեղմացնել Ջալալ Հարությունյանի պատիժը և պայմանականորեն չկիրառել:
Ավելի ուշ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ ՊԲ նախկին հրամանատարը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանում որպես ապացույց հետազոտեն իրեն հասանելի դարձած 6 ձայնագրություն:
Ընդ որում, Ջալալ Հարությունյանը խնդրել է, որ այս միջնորդությունը, առհասարակ, քննարկեն միայն ՊՆ-ից թույլտվություն ստանալուց հետո:
Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանն էլ իր, այսպես ասած, խնդրանք-միջնորդությունն է դատարանին ներկայացրել՝ «աջակցեն», որ պաշտպանական գերատեսչությունն արագացնի իր պատասխանը՝ արդյո՞ք այդ «սկավառակներում» կան պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Այնուհետև նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հարց ուղղեց Ջալալ Հարությունյանին.
«6 դիսկ է, չէ՞, 6 ձայնագրություն, ես հիշում եմ, որ այդ ձայնագրություններում կար Ձեր և Օնիկ Գասպարյանի միջև հեռախոսազրույցը, Ձեր և ուրիշների»:
Ջալալ Հարությունյանը դրական պատասխան տվեց և դարձյալ նշեց, որ այն, ինչ վերագրվում է իրեն, դա չի մտնում ՊԲ հրամանատարի պարտականությունների մեջ, ինչի մասին մանրամասն խոսել էր նախորդ դատական նիստի ժամանակ։
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18-ին, կհրապարակվի դատական ակտ:
Մանրամասները՝ տեսանյութում