
Պաշտպանական կողմն առաջարկում է մեղմացնել Ջալալ Հարությունյանի պատիժը և պայմանականորեն չկիրառել

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվեց Ջալալ Հարությունյանի կամ Ցորի զորամասի գործով դատական նիստը, որին ներկա է ՊԲ նախկին հրամանատարը։
Նիստում Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի բողոքը, դարձյալ պնդեց, որ անհիմն և չպատճառաբանված է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած մեղադրական վերդիկտը, որով ՊԲ նախկին հրամանատարը դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս, և, որ այս դեպքում հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը:
Մինչդեռ, ըստ փաստաբանի, ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն՝ Ջալալ Հարությունյանի մոտ 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ախտորոշվել են մի շարք հիվանդություններ:
Աշոտ Ապրեսյանի խոսքով, պաշտպանության կողմը միջնորդել էր նշանակել համալիր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ ապացուցելու գեներալի պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների առկայությունը, ինչը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն մերժել է, այլև պատիժը նշանակելիս գնահատական չի տվել Հարությունյանի առողջական վիճակին:
Բացի այս, պաշտպանական կողմի պնդմամբ, դատարանը հաշվի չի առել Ջալալ Հարությունյանի Արցախի հերոս լինելու հանգամանքը, ինչպես նաև նրա ազատազրկման ազդեցությունն ընտանիքի կենսապայմանների վրա, նրա մանկահասակ երեխա ունենալը (2023 թվականին ծնված) և այլն:
Ըստ այդմ՝ Ջալալ Հարությունյանի փաստաբանն իր վերաքննիչ բողոք-միջնորդության մեջ Վերաքննիչ դատարանին առաջարկեց նշանակել նվազագույն պատիժ և այն պայմանականորեն չկիրառել:
Նշենք, որ տուժող կողմը պահանջում է Ջալալ Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման:
Մանրամասները՝ տեսանյութում