«Ես շատ բաներ եմ հասկանում…». ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի օգտագործած և չօգտագործած «ինքնիշխանությունը»

Հունիսի 11-ին Վերաքննիչ դատարանում Ցորի զորամասի գործով վերաքննիչ բողոքների քննության ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ըստ էության, նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի խոսքերից «ազդված»՝ որոշել է դատարանին բացատրել ՊԲ կառավարման նրբություններն ու դրվածքը:

«Գոյություն ունի հրետանի, հակաօդային պաշտպանություն, կապ, հետախուզություն, բազմաթիվ ծառայություններ, և էդ ինֆորմացիաները, տվյալները հավաքվում է այդ բաժինների պետերի մոտ, որոնց լիազորություններ, իրավունքներ են տրված: Իսկ ես միջամտում եմ այն ժամանակ, երբ համազորային կոմպոնենտի կամ փոխգործակցության հարցեր են:

…Ես միջամտում եմ, որոշում եմ կայացնում էն ժամանակ, երբ համագործակցության հարցեր են լինում, համազորային կոմպոնենտից ստացված տեղեկություններն եմ ես հիմք ընդունում: Ես ինքս մասնագիտությամբ հրետանավոր եմ, 18 տարի հրետանիում եմ եղել, անցել համապատասխան բոլոր պաշտոններով, դրա համար ես շատ լավ գիտեմ՝ հրետանին ինչի է ընդունակ, ինչ պիտի անել և ինչ չպիտի անել»,– շարունակել է Ջալալ Հարությունյանը, ըստ էության, ընդունելով, որ իրեն ուղղված հարցին պատասխանել է՝ «հնարավոր է՝ մերոնք են»:

Բայց կոնկրետ դեպքում հարցը Ցորի զորամասի գործին չի վերաբերում, այլ Ջալալ Հարությունյանի ձևակերպմանը, որ տարբեր ծառայությունների պետերն ու զորամիավորումների հրամանատարներն ինքնուրույն որոշումների իրավունք են ունեցել, և, որ ինքը որոշում է կայացրել, երբ համազորային կոմպոնենտի կամ փոխգործակցության ապահովման հարցեր են եղել:

Կարդացեք նաև

Եվ հենց այստեղ հարկ է նկատել, որ եթե վերը նշված պաշտոնյաները, ըստ Ջալալ Հարությունյանի, ինքնուրույն որոշումների լիազորություն ունեցել են, որքան ավելի նման իրավունք ու լիազորություն ունեցել է Պաշտպանության բանակը և նրա ղեկավարը:

Իսկ այն, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն օժտված է եղել բոլոր իրավունքներով՝ իր բանակը ղեկավարելու համար, դա ժամանակին չի հերքել ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը:

Եվ այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրը ՊԲ-ն լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերվել, այստեղ իր պատասխանատվության չափն ունի Ջալալ Հարությունյանը, ով պատերազմի առաջին օրը, տարբեր տեղեկություններով, հրամանատարական կետում չի էլ եղել:

Ավելին, նրա երկու տեղակալները, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արթուր Սարգսյանը և Հովհաննես Ավագյանը, այդ օրն առավոտյան տանից են գնացել աշխատանքի: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք «փոքրացնում ենք» ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պատասխանատվությունն այս առումով։

Եվ ՊԲ-ի լրիվ մարտական պատրաստության աստիճանի բերվելու հարցում Օնիկ Գասպարյանից ևս պատասխաններ պիտի հնչեն: Մի առիթով անդրադարձել ենք 44-օրյայից օրեր առաջ նրա՝ որպես ԶՈՒ ԳՇ պետ՝ արձակած հրամաններին։ 

Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանի հայտարարությանը՝ «միջամտում եմ այն ժամանակ, երբ համազորային կոմպոնենտի կամ փոխգործակցության հարցեր են», այստեղ էլ հարկ է հիշեցնել հակահարձակման հայտնի օպերացիայի մասին, որի ձախողման համար ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել, իսկ ավելի ուշ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել էր և նշանակվել ռազմագիտական փորձաքննություն, և արդեն 2023 թվականի նոյեմբերին դրա արդյունքներով որոշվել էր Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս դրվագով դադարեցնել՝ արդարացման հիմքով:

Նշենք, որ այս դրվագով Ջալալ Հարությունյանը, մասնավորապես, մեղադրվում էր այն բանում, ինչի մասին երեկ դատարանում հայտարարել էր, այն է՝ «հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը», բացի այս, «ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները»:

Թե հետո ի՞նչ հանգամանքներ է հաշվի առել ռազմագիտական փորձաքննություն իրականացրած խումբը, և ովքե՞ր են եղել դրա կազմում, չնայած մեր բազմաթիվ հարցումներին ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ պաշտպանության նախարարություն, այդպես էլ չհաջողվեց պարզել: Միայն տեղյակ ենք, որ փորձաքննությունը կատարվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Ջալալ Հարությունյանի կողմից առաջարկված երկու սպաների կողմից, որոնց ով լինելը, ինչպես նշեցինք՝ հայտնի չէ:

168.amգրել է, որ հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով Ջալալ Հարությունյանը թեև արդարացվել է, բայց գործը չեն փակել, որպեսզի այս օպերացիան հաստատած Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքական հարմար պահի ինչ-որ մեկի «գրպանը» գցեն:

Չմոռանանք, որ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա: Ու Ջալալ Հարությունյանը, իհարկե, այստեղ հնարավոր է մոռանա իր լիազորությունների և իրավունքների, կամ՝ փոխանցած խոսքերի մասին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պատմել էր, թե «Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո»:

Այս համատեքստում հավելենք, որ 168.amհայտնել է, որ «Լելե Թեփե» անունը ստացած հակահարվածի օպերացիային առնչվող մեղադրանք կա առաջադրված Սեյրան Օհանյանի որդու՝ գնդապետ Արթուր Օհանյանի, տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանի և մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանի նկատմամբ: Մենք մանրամասն վերլուծություն էինք ներկայացրել այս թեմայով, իսկ «Հետքի» հետ զրույցում տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը որոշ մանրամասներ է հայտնել, մասնավորապես, նշել է, որ հակահարվածի օպերացիայի համատեքստում առաջադրանքն անձամբ Ջալալ Հարությունյանից է ստացել, և, որ վերջինը տեղյակ է եղել, որ ինքը տեղանքին ծանոթ չէ: Այսինքն, այս օպերացիայի ձախողման համար Ջալալ Հարությունյանը, իհարկե, ունի իր պատասխանատվությունը, այլ հարց է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չընդունող գումարտակի հրամանատարը հարցազրույցում ասում է բաներ, որոնք կարող են շրջվել իր դեմ, մենք դրանք չենք մանրամասնի: Եվ հենց սրա համար է, որ այդքան էլ ընդունելի չէ, երբ քրեական գործով «անցնող» օպերացիաների մասին հարցազրույցներ են տրվում, հրապարակային խոսում, մյուս կողմից, չպետք է գաղտնի պահվեն 44-օրյային առնչվող ռազմական քրեական գործերի ընթացքը՝ թույլատրելի սահմանում, քանի որ որոշները դռնփակ են քննվում:

Վերադառնալով Ջալալ Հարությունյանի դատական ելույթին՝ նշենք, որ նա սպաներից մեկին մեղադրում էր թուրքերին դիվիզիոն թողնելու, այնուհետև՝ «Երևանի դարպասների պաշտպանությունը ստանձնելու մեջ»:

«Հայկ Թովմասյանը բավականին «հետաքրքիր» անձնավորություն է․ երկու դիվիզիոն թողել է թուրքերին՝ մեկը 2020-ին, մյուսը՝ 2023-ին, սակայն այսօր Երևանի դարպասների պաշտպանությունն իրեն է վստահված․ Աշտարակի գնդում դիվիզիոնի հրամանատարն է։ Այս է մտահոգում, որ դատախազության՝ մեղադրողի կողմից խրախուսվում է նման վերաբերմունքը»,- Վերաքննիչ դատարանում հայտարարել է Ջալալ Հարությունյանը:

Հավելենք, որ ՊԲ հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը ևս պատերազմից հետո ՀՀ զինված ուժերում ծառայության էր անցել: Բայց զավեշտն այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանը, ում հրամանատարության ժամանակ ենք կորցրել տարածքների մեծ մասը, ինչը, թերևս, հանգեցրել է Շուշիի կորստին, որի համար հիմա միակ մարդը, ով պատասխան է տալիս, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն է:

Այսինքն, պատերազմի ելքը, ըստ էության, որոշվել է Ջալալ Հարությունյանի հրամանատարության ժամանակ (ամենևին չենք արդարացնում Միքայել Արզումանյանին), դեռ չենք խոսում կողմնակի անձանց հրամանատարական կետ մուտք գործելու համար պատասխանատվության և թույլտվության մասին, և այս ամենից հետո նույն Ջալալ Հարությունյանը շատ հանգիստ տեղավորվել էր ՀՀ ՊՆ-ում՝ որպես ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, և մեղադրանքի առաջադրումից հետո նրա պաշտոնավարումը կասեցվել է և մինչև հիմա այդպես է. Ջալալ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից ազատված չէ:

Այսինքն՝ զինվորականությունը պետք է սկսի պատասխանել 44-օրյային առնչվող առանցքային հարցերի, և ոչ թե փորձի փրկել սեփական անձը կամ Նիկոլ Փաշինյանին:

Ի դեպ, դատական նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին՝ ինչո՞ւ պարտվեցինք, բոլորն ասում են՝ մենք մեղավոր չենք, Ջալալ Հարությունյանը հրաժարվելով պատասխանել, այնուամենայնիվ, մի ուշագրավ ձևակերպում արեց. «Ես շատ բաներ եմ հասկանում, որ դուք կյանքում չեք էլ պատկերացրել»: 

Անշուշտ, այս ձևակերպումն ունի իր հասցեատերն ու մեսիջը, որը ժամանակի հետ պարզ կլինի՝ տալով պատերազմական շատ հարցերի պատասխան, և թե ինչո՞ւ ՊԲ հրամանատար ընտրվեց Ջալալ Հարությունյանը, համապատասխան թեկնածու չկա՞ր, թե՞ այդպես էր պետք, և արդյո՞ք ՀՀ ռազմական ղեկավարությունը համաձայն էր այս ընտրության հետ:

Տեսանյութեր

Լրահոս