«Եվրոպացիները կգան Հայաստան, քաղցր խոսքեր կասեն, բայց դժվար պահերին, լավագույն դեպքում ցավակցական հեռագիր կուղարկեն». Վահրամ Բալայան

Ադրբեջանական լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ գրում են, որ Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում են ապօրինի պահվող հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստերը»։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի փաստաբանը դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան։ Իր ելույթում փաստաբանը հիմնավորումներ է ներկայացրել։
«Նիստի» ընթացքում ելույթ է ունեցել օկուպացված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս «դատավարական» գործընթացից որևէ ակնկալիք չունի։

«Ցավոք, չենք հավատում, որ Բաքվում արդար դատավարություն կարող է տեղի ունենալ, որովհետև ամեն ինչ քաղաքականացված է, և այնտեղ նպատակ ունեն՝ իրենց այն գործողությունները, որոնք իրականացրել են արցախահայության ու Արցախի նկատմամբ, արդարացնեն։ Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ իրենք «հողն ազատագրել» են, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը «ռազմական հանցագործ» է։ Ադրբեջանում, ինչպես միշտ, խեղաթյուրում են իրականությունը և այդպես ներկայացնում ամբողջ աշխարհին։

Կարդացեք նաև

Ցավոք, շատ դեպքերում աշխարհն այդ ամենին անտարբեր է, մենք դրան բազմիցս ականատես ենք եղել՝ ինչպես 2020, այնպես էլ՝ 2023 թվականների զարգացումների ընթացքում։ Այսօր աշխարհը տեսնում է միայն Բաքվի նավթն ու գազը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։

Նրա բնորոշմամբ, աշխարհն առաջնորդվում է իր սեփական շահով, այլ ոչ թե ընդունված միջազգային օրենքներով, աշխարհին սեփական ստամոքսն է միայն հետաքրքրում, մնացածը միայն խոսքեր են։

«Միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ Արցախը որևէ առնչություն չունի Ադրբեջանի ու նրա տարածքային ամբողջականության հետ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Բաքվում ընթացող դատական պրոցեսից որևէ դրական ակնկալիք չունենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան կատարած այցին և նրանց այցերի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որի ընթացքում բարձրաձայնվել է՝ ինչպես Հայաստանում քաղբանտարկյալների, այնպես էլ՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցերը, Վահրամ Բալայանը նկատեց՝ հազիվ թե Եվրոպան հայ ժողովրդի շահերի համար հակասության մեջ մտնի Ադբեջանի, առավել ևս՝ Թուրքիայի հետ, քանի որ Արցախի հարցը չպետք է կտրել նաև Թուրքիայից, որովհետև պատահական չէ, որ Էրդողանն Արցախի բռնազավթումն իրեն է վերագրել։

«Թուրքիան շահագրգիռ էր Արցախը գրավելու համար, քանի որ ով գրավեր Արցախը, տիրանալու էր ամբողջ Կովկասին, ցավոք, այդպես եղավ։ Այս տեսանկյունից Եվրոպան Թուրքիայի հետ հարաբերությունները չի վատթարացնի հանուն մեզ։ Ըստ էության նրանք դաշնակիցներ են, հետևաբար՝ արդարությունը վերականգնելու հետ կապված, մարդկանց իրավունքները հարգելու առումով սպասելիքներ չկան։

Իհարկե, եվրոպացիները կգան Հայաստան, քաղցր խոսքեր կասեն, կասեն՝ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, բայց դժվար պահերին կասեն՝ դե, մենք ինչ կարող ենք անել, լավագույն դեպքում ցավակցական հեռագիր կուղարկեն հայերին»,-ընդգծեց Վահրամ Բալայանը։

Նշենք, որ Բաքվի վերաքննիչ դատարանում մայիսի 26-ից մեկնարկել է ապօրինի դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների  հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031