Էդ զինվորական ծառայությունից մենք էլ մի քիչ գաղափար ունենք. դատավորը՝ Ջալալ Հարությունյանի փաստաբանին

Արդեն տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ջալալ Հարությունյանի կամ Ցորի զորամասի գործով դատական նիստը, որին ներկա է ՊԲ նախկին հրամանատարը։ Նիստում Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ներկայացրել է պաշտպանական կողմի բողոքը, որտեղ անհիմն և չպատճառաբանված է համարվում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած մեղադրական վերդիկտը։ 

Ավելի ուշ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը ներկայացված բողոքին առնչվող հարցեր է ուղղել պաշտպանական կողմին:

Մասնավորապես, նա նշել է, որ Ջալալ Հարությունյանի իմպերատիվ պատասխանը եղել է՝ «մոտեցող անձինք յուրայիններ են», ոչ իմպերատիվը՝ «կարող են յուրայիններ լինեն», այնուհետև հարցրել՝ «ՊԲ նախկին հրամանատարին մեղսագրվող անզգույշ հանցագործության համար ինչպիսի՞ նշանակություն սա կարող էր ունենալ, արդյոք կարո՞ղ էր ՊԲ հրամանատարի պատասխանը՝ «հնարավոր է յուրայիններ լինեն», դիվիզիոնի հրամանատարական կազմի, պատասխանատու անձանց մոտ որոշակի շփոթություն առաջացներ, հանգեցներ հրամանի փոփոխության, կամ՝ կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի և գործողությունների իրականացման հարցում որոշակի թերացման պատճառ դառնար»:

Դատավորի հարցին ի պատասխան՝ Ջալալ Հարությունյանի փաստաբանը պնդել է, որ նշվածը հնարավոր չի համարում:

Կարդացեք նաև

«Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պարտավոր է իրավիճակից ելնելով՝ ինքնուրույն որոշում կայացնել, և այդ որոշման համար խոչընդոտող հանգամանք դիտարկել  որոշակի տեղեկատվություն, հատկապես, եթե ժամանակի ընթացքում դա կհերքվեր կամ կհիմնավորվեր, ճիշտ չի: Անկախ հանգամանքից, եթե անգամ ընդունենք, որ  Ջալալ Հարությունյանը միանշանակ ու հիմնավորված ասել է՝ «մերոնք են», սակայն հետագայում իրավիճակը….»,- հավելել է Հարությունյանի փաստաբանը։

Փաստաբանի խոսքին միջամտեց դատավոր Պապոյանը՝ ասելով.

«Մենք ընդունում ենք որպես հիմք այն բառակապակցությունը, որ «հնարավոր է՝ մերոնք են», և դրա հետ կապված է իմ հարցադրումը, արդյո՞ք սա կարող էր հիմք լինել ժամանակին կանոնադրությամբ նախատեսված հրամանները չտալու և դրա արդյունքում նման ողբերգական հետևանք ունենալու համար, որը կարող է անզգուշություն դիտարկվել, ինչը և մեղսագրվում է ձեր պաշտպանյալին»:

Աշոտ Ապրեսյանը կրկնել է իր բացասական պատասխանը՝ իհարկե ոչ:

«Եթե Ջալալ Հարությունյանն ասել է՝  «հավանական է կամ հնարավոր է՝ մերոնք են, այս պատասխանի առկայության պարագայում ստորաբաժանման ղեկավարը պետք է իրադրությունը փոխող որոշում կայացներ, ինչի համար ստացել է պաշտոն և աշխատավարձ, կոչում»,- շեշտել է նա:

Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն արձագանքել է. «Այսինքն, ուզում եք ասել, որ ՊԲ հրամանատարը, ով նաև հանդիսանում է դիվիզիոնի հրամանատարի հրամանատարը…»:

«Ոչ անմիջական»,- միջամտել է Ջալալ Հարությունյանի փաստաբանը, ինչը զայրացրել է դատավորին:

«Գիտեք, ես իմ զինվորական ծառայությունից մի այսպիսի բան եմ հիշում, որ ամենավերևում կանգնած հրամանատարը բոլորի հրամանատարն է: Ինչ եք ասում, թե բա՝ ոչ անմիջական… հասկացանք՝ ինչ եք ուզում ասել՝ ուղղակի և ոչ ուղղակի, բայց էդ զինվորական ծառայությունից մենք էլ մի քիչ գաղափար ունենք, որովհետև մեր պարտականությունները կատարել ենք, և գիտենք դրա մասին՝ մի քիչ, շատ չեմ ասում: Բայց նաև գիտենք մի ուրիշ բան, որ հրամանատարների հրամանները ենթակա են կատարման, հետո նոր կբողոքարկվի կամ անհամաձայնություն կհայտարարվի: Կարող է բաներ փոխված լինի, կամ՝ սխալ եմ մի քիչ ձևակերպում: Հիմա ասում եք՝ չպետք է հարցնեին ՊԲ հրամանատարից, այլ ինքնուրույն պիտի գործեին տեղում, փաստը՝ հարցրել են, փաստը, որ այդ հարցը պատասխանվել է, այսինքն, պարտականությունը չի, բայց պատասխանվել է, և իմպերատիվ չի պատասխանվել, այլ՝ հավանական է համարվել: Այս բոլոր հանգամանքները վերցված՝ արդյո՞ք անփութություն առկա չի»,- շարունակել է դատավորը, ինչի հետ դարձյալ չի համաձայնել Ջալալ Հարությունյանի փաստաբանը:

Այս հարցուպատասխանից հետո դատական նիստն ընդմիջվել է, Ջալալ Հարությունյանի համար շտապօգնություն կանչվեց. բժիշկները չափեցին նրա ջերմությունը, զարկերակային ճնշումը, այն եղել է նորմայի սահմաններում:

Ջալալ Հարությունյանը Շտապօգնության աշխատակիցներին հայտնել է, որ նախորդ 5 օրերին ջերմությունը բարձր է եղել, սակայն հրաժարվել է տեղում դեղորքային ներարկումներից: Փոխարենը նրան հորդորել են հավելյալ ստուգումներ անցնել, քանի որ 5 օր շարունակ ջերմություն է ունեցել:

Ինչևէ, դատական նիստն ընդմիջումից հետո շարունակվել է Ջալալ Հարությունյանի մասնակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս