
Ես՝ որպես ՊԲ հրամանատար, միջամտում եմ, երբ համազորային կոմպոնենտի կամ փոխգործակցության հարցեր են. Ջալալ Հարությունյան

168.am-ն արդեն ներկայացրել է այսօր Վերաքննիչ դատարանում հրավիրված Ցորի զորամասի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանի ու նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի հարցուպատասխանը:
Ավելի ուշ դատարանում խոսել է նաև Ջալալ Հարությունյանը:
«Պարոն Ապրեսյանը նշել է, որ անհամաձայնություն է եղել երկրորդ անգամ Ջուվառլու տանելու վերաբերյալ: Գենադի Բաղդասարյանը և Հայկ Թովմասյանն իրենց ցուցմունքներում նշում են, որ ինքը դեմ է եղել հետ գնալու հետ, և հարցը բազմակի անգամ բարձրացրել է Նորայր Հայրապետյանը: Ես չեմ ուզում կարդալ ինչ-որ էնտեղ… Բաղդասարյանին զեկուցվել է, ինքն ասել է՝ ինչ ենք, ոնց ենք, ասվել է՝ զբաղված, պատասխանը եղել է՝ մոլոդեց:
Գենադի Բաղդասարյանը կանգնում և դատարանում ասում է, թե տեղեկություն չի ունեցել, որ երկրորդ անգամ գնացել են Ջուվառլու, բայց վկաների ցուցմունքները հաստատում են, որ տեղեկությունները հստակ եղել են: Սրա մասին էի ուզում բարձրաձայնել»,- ասել է ՊԲ նախկին հրամանատարը:
Նախագահող դատավորի հակադարձմանը՝ իսկ Դուք տեղյակ եղե՞լ եք, Ջալալ Հարությունյանը պատասխանել է՝ ոչ: Այնուհետև գեներալը բացատրել է ՊԲ կառավարման համակարգի նրբությունները:
«Գոյություն ունի հրետանի, հակաօդային պաշտպանություն, կապ, հետախուզություն, բազմաթիվ ծառայություններ, և էդ ինֆորմացիաները, տվյալները հավաքվում է այդ բաժինների պետերի մոտ, որոնց լիազորություններ, իրավունքներ են տրված: Իսկ ես միջամտում եմ այն ժամանակ, երբ համազորային կոմպոնենտի կամ փոխգործակցության հարցեր են: Նման մասշտաբի պատերազմում ամեն հարցով զանգել հարցնել՝ ով է, ինչ է, նման հարցերով ընդհանրապես ՊԲ հրամանատարին չեն դիմում, և հնարավոր էլ չի: Միայն համազորային օղակի իմ ամենօրյա խոսակցության քանակը, որ տրուբկան վերցրել և կապով խոսացել եմ, 140 անգամ խոսել եմ ես: Սա, որ պատկերացնեք մասշտաբը, չհաշված մնացած կապերը, ռադիոկապը, բավականին ծանրաբեռնված է, և տրամաբանական չի ամեն հարցով մոտենալ ՊԲ հրամանատարին:
495 մարտական դիրք է եղել, պլյուս հրետանու մարտական և այլն… Էդ պայմաններում ով որ կապվի և ասի՝ դիմացս մարդ է գալիս, ինչ անեմ, ոնց անեմ, մերոնք են, թե մերոնք չեն, սա մի քիչ տրամաբանական չի:
Ես միջամտում եմ, որոշում եմ կայացնում էն ժամանակ, երբ համագործակցության հարցեր են լինում, համազորային կոմպոնենտից ստացված տեղեկություններն եմ ես հիմք ընդունում: Ես ինքս մասնագիտությամբ հրետանավոր եմ, 18 տարի հրետանիում եմ եղել, անցել համապատասխան բոլոր պաշտոններով, դրա համար ես շատ լավ գիտեմ՝ հրետանին ինչի է ընդունակ, ինչ պիտի անել և ինչ չպիտի անել»,- մանրամասնել է Ջալալ Հարությունյանը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:
Մանրամասները՝ տեսանյութում