«Դա զառանցանք է. ազատե՛ք հայկական իրականությունն այս տգետ, հիվանդ բարբաջանքից». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանն այն կարծիքին է, որ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի թիրախավորումը հավանաբար դրսից տրված պատվեր է, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին ազգը խմորող միակ կառույցն է. ՀՀ մեջ լինելով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացնում է ամբողջ ազգը:

«Ի տարբերություն որևէ պաշտոնյայի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվել է ազգի կողմից՝ ազգընտիր Հայրապետ է: Հին եկեղեցիները բրգաձև կառուցվածք ունեն, և շնորհը վերևից է իջնում և բաշխվում ներքև: Այս կարգը սահմանել է ինքը՝ Հիսուս Քրիստոս, մարդու կողմից սահմանված չէ: Ինքն ընտրելով աշակերտներին՝ ամբողջ իշխանությունը փոխանցեց նրանց, աշակերտներն էլ՝ իրենցից հետո եպիսկոպոսներին, և այդ առաքելական հաջորդականությունը բրգաձև վերևից է: Երբ թիրախավորում ես այդ գագաթը, ինքնըստինքյան, ամբողջ կառույցը վտանգվում է: Այստեղ շատ ավելի կարևոր խնդիրներ էլ կան, որոնք սովորական, քիչ տեղյակ մարդկանց տեսանելի չեն: Երբ դու Կաթողիկոսի վավերականության խնդիր ես դնում, միևնույն ժամանակ, վավերականության խնդիր ես դնում նրա կատարած բոլոր խորհուրդների, այդ թվում՝ եպիսկոպոսական ձեռնադրությունների, հետո եպիսկոպոսների ձեռնադրած քահանաների, նրանց կատարած պսակների, մկրտության, և այս տեմպով խաթարում ես ամբողջ եկեղեցին: Սա եկեղեցու դեմ ուղղված քայլ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Փաշինյանը նշել է, որ պետք է հանձնաժողով ձևավորի՝ կաթողիկոսի նոր ընտրություն անցկացնելու համար, ինչը Վահե Բեգոյանի համար ծիծաղելի է. «Այդ ձևավորելիք խմբերն ավելի ճիշտ կլինի բանդաներ կոչել: Շատ ծիծաղելի է, երբ ինքը կարծում է, որ կարող է հավատաքննությամբ ընտրել և ինքը որոշի՝ ովքեր պետք է լինեն այդ խմբի մեջ: Նշել է՝ պահք պահած լինեն, Աստվածաշունչ կարդացած լինեն… լիքը մահմեդականներ կարող են և՛ Աստվածաշունչը կարդացած լինեն, և՛ պահք պահած լինել: Սա տգիտության մի այնպիսի մակարդակ է… Չգիտեմ՝ միջնադարում ինկվիզիտորներն այդ դիրքերից հանդես գալու հավակնություններ ունեցե՞լ են, թե՞ ոչ: ՀՀ Սահմանադրությունը հստակ կերպով բաժանում է եկեղեցին և պետությունը: Սա սահմանադրական կարգի տապալման ակնհայտ փորձ է և կոչ: Սրան եթե իրավապահ մարմինները չարձագանքեն, ուրեմն՝ իշխանափոխությունից հետո անպայման դրա համար պատասխան են տալու, գալու է նաև իրենց պատասխան տալու ժամանակը: Էսպիսի բաներով Հայ եկեղեցուն, իրականում, որևէ մեկը որևէ բան չի կարող անել, որովհետև ինքը եթե անգամ հակաթոռ կաթողիկոսություն ստեղծի, դա որևէ բացասական հետևանքի չի բերելու: Հակառակը՝ պատմությունը փաստել է, որ արտաքին ճնշումների տակ եկեղեցին միայն ու միայն բյուրեղանում և զորեղանում է»:

Վահե Բեգոյանը զառանցանք համարեց Փաշինյանի այսօրվա գրառումը, թե՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին»։

Կարդացեք նաև

«Ես զառանցանք է, որը ես նույնիսկ հրաժարվում եմ քննարկել: Սրանով պետք է զբաղվի առողջապահության նախարարությունը և իրավապահ մարմինները, գուցե՝ համատեղ: Եկեղեցին այս դեպքում բավականին աելիքներ ունի: Երբ ասում եմ՝ եկեղեցին զորեղանալու է, դա չի նշանակում, թե պետք է ձեռքներս ծալած նստենք: Եկեղեցին կոնկրետ գործողություններ պետք է սկսի. Առաջին հերթին, պետք է իր ներսը մաքրի նիկոլականներից՝ եպիսկոպոսաց դասից սկսած: Սա շատ կարևոր է: Երբ եկեղեցին միաբանության կոչեր է անում, ես պետք է հստակ իմանամ, թե ում հետ եմ միաբանվելու՝ նիկոլական եպիսկոպոսների՞: Եկեղեցին պետք է ինքն իրեն մաքրի և աշխատի եվրոպական իրավապաշտպան կառույցների հետ, ներկայացնի, որ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փորձ է տեղի ունենում: Փաշինյանը կարող է վաղը որոշի մի հատ էլ եզդի ազգի շեյխերի մոտ բարեվարքության թեստ անցկացնել, հետո անցնի, ասենք՝ Հայաստանում ռուս եկեղեցու ներկայացուցիչներին քննի. ինքը ո՞վ է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Փաշինյանը հասկանում է, որ Վեհափառը ամբողջ աշխարհում լսելի ձայն ունի, և փորձում է նրան լռեցնել. «ՔՊ-ն իր ներսում էլ պետք է հասկանա, որ էս մարդը կործանում է նաև իրենց: Գուցե իրենք իրենց ներսում հասկանան, որ սրան պետք է փոխել: Նույնիսկ կաթողիկոսի անձի ֆիզիկական ոչնչացումը չի բերելու այլ բանի: Եկեղեցին բազմիցս դրա միջով անցել է: Դրանից եկեղեցու ազգանպաստ, ազգանվեր գործունեությունը չի փոխվում: Դա չի բերելու իրենց ուզած արդյունքին, հակառակը՝ այդտեղից վերընձյուղվելու են հարյուրներով մարդիկ, ովքեր խոսելու են և գործելու են ի նպաստ հայ ժողովրդի»:

Նա հիշեցրեց, որ հակաթոռի իրականացման դեպքեր էլ են եղել հայ ժողովրդի պատմության մեջ. «Եկեղեցին ընդհատակ անցած էլ կարող է առողջ եկեղեցի լինել, և կարող է մեկը գնա Մայր Աթոռ, նստի կաթողիկոսական գահին և չլինի կաթողիկոս: Թատերական ներկայացում չէ, դեկորներ չեն, այդպես չի լինում: Բացի դրանից, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության լեգիտիմությունը որևէ մեկը չի կարող հիմա քննարկել և կասկածի տակ դնել»:

Դիտարկմանը՝ ասում են՝ զավակ ունի, թաքցրել է, նա արձագանքեց. «Կաթողիկոսական ընտրության ժամանակ, երբ առավել ևս այդ ժամանակ ներկա Հայրապետը եպիսկոպոս էր և ուներ իրեն ընդդիմադիր եպիսկոպոսներ, ի՞նչն էր խանգարում նրանց` ընտրության ժամանակ այդ մարդու անձը դնել կասկածի տակ: Կարծում եք՝ ինչ-որ բան կար, որ նրանք չգիտեին, Նիկոլը գիտի՞, լո՞ւրջ: Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության լեգիտիմությունը որևէ մեկը չի կարող վիճարկել: Իսկապես, առողջապահության նախարարության և իրավապահների համատեղ գործողություններն են այստեղ պետք՝ այդ մարդուն զսպելու, լռեցնելու, ազատելու հայկական իրականությունը այս խայտառակ տգետ, հիվանդ բարբաջանքից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս