Բաժիններ՝

Տեխասի Ազգային գվարդիան կտեղակայվի ամբողջ նահանգում

Տեխասի Ազգային գվարդիան կտեղակայվի ամբողջ նահանգում՝ պայմանավորված բողոքի ակցիաներով, որոնք սկսվել են անօրինական միգրանտների դեմ ոստիկանական ռեյդերից հետո: Այս մասին հայտնել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը։

«Տեխասի Ազգային գվարդիան կծավալվի նահանգի տարբեր վայրերում՝ խաղաղությունն ու կարգուկանոնն ապահովելու համար», – գրել է նա X սոցիալական հարթակում։

Էբոթը նշել է, որ բողոքի խաղաղ ցույցերն օրինական են, սակայն ցուցարարների կողմից մարդկանց և սեփականությանը վնաս հասցնելն «անօրինական է և կհանգեցնի ձերբակալությունների»։  

«Ազգային գվարդիան կօգտագործի յուրաքանչյուր գործիք և ռազմավարություն՝ իրավապահներին օգնելու պահպանել կարգուկանոնը», – հավելել է նա։

Ավելի վաղ տեխասյան KSAT-TV հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ազգային գվարդիան ուղարկվել է Սան Անտոնիո, նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը, այս շաբաթ պլանավորված բողոքի ցույցերի կապակցությամբ։ Նահանգում լայնածավալ ցույցեր կանցկացվեն հունիսի 11-ին և 14-ին:

Երկրում միգրանտների բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանությունը հունիսի 6-ին մի քանի ռեյդ իրականացրեց՝ ձերբակալելով տասնյակ մարդկանց։

Ցույցերն առավել ակտիվ են անցկացվում Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում, ինչի կապակցությամբ քաղաքի կենտրոնում պարետային ժամ է մտցվել։ ԱՄՆ վարչակազմն այնտեղ է ուղարկել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ և ծովային հետևակայինների։

Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առնվազն 378 մարդ է ձերբակալվել։

Ցույցեր են տեղի ունենում նաև Նյու Յորքում, Չիկագոյում, Սիեթլում, Դենվերում, Սան Ֆրանցիսկոյում և ամերիկյան այլ խոշոր քաղաքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս