
Ի՞նչ էր նշանակում Պուտինի օգնական Մեդինսկիի՝ Ուկրաինայի ու Ղարաբաղի հակամարտությունների համեմատականը

Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նախօրեին հայտարարել է, թե Ուկրաինայում ռազմաճակատի գծով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում:
Ամերիկյան Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսի «Սանչեսի էֆեկտը» շոուի հարցազրույցի ժամանակ Մեդինսկին նշել է՝ եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։
«Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ միասին կփորձի նվաճել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար»,- ասել է Մեդինսկին:
Նա իր խոսքում ԼՂ-ն անվանել է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Մեդինսկիի խոսքերն իրական հիստերիա են բարձրացրել Բաքվում։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նրան խորհուրդ է տվել «չվնասել միջպետական հարաբերությունները՝ կեղծ հայտարարություններ անելով, որոնք դուրս են նրա իրավասության սահմաններից»։
«Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի բնիկ հողն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել և ճանաչում Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի օգնականը համեմատում է Ուկրաինայի դեմ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։
«Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը և չի վարել ագրեսիվ պատերազմ որևէ երկրի դեմ։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը հայրենական պատերազմ և հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել իր ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքներում»,- ասել է Հաջիզադեն։
Կրքերն անմիջապես փորձել է հանդարտեցնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով՝ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք։
Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը և դրանց չտալ «բոլորովին այլ իմաստ»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս աղմուկ բարձրացրած հայտարարությանը, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ԼՂ հակամարտությունն այն թեման է, որի հետ կապված հայտարարությունները ցավոտ են ընկալվում թե Երևանում, թե նույնիսկ Բաքվում։
Սակայն, ըստ նրա, ՌԴ նախագահի ներկայացուցիչը որպես օրինակ է նշել, որ ռուսական կողմը չէր ցանկանա, որ Ուկրաինայի հակամարտությունը վերածվեր Ղարաբաղի հակամարտության և չլուծվեր երկար տարիներ շարունակ։
«ՌԴ իշխանությունները կասկածով են վերաբերվում կարճատև կամ թեկուզ երկարատև զինադադարներին Ուկրաինայի հարցում, ձգտում են խնդիրները լուծել մեկընդմիշտ՝ չթողնելով որևէ չլուծված հարց։ Նույն մոտեցումը, որպես միջնորդ, ունեցել է Ռուսաստանը և փորձել է առաջ մղել վերջնական կարգավորում, սակայն կողմերի անհամաձայնությունների պատճառով հակամարտությունը երկարաձգվել է, սառեցվել՝ հասնելով մինչև 2020-2023 թվականներ։ Տարբերությունն այն է, որ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանը հակամարտության կողմ է, ունի իր պատկերացումը ներկայիս իրավիճակի ու լուծման տարբերակների մասին, իսկ ԼՂ հակամարտության դեպքում ՌԴ-ն պարզապես միջնորդ էր»,- նման մեկնաբանություն արեց վերլուծաբանը։
Տարասովը գտնում է, որ համեմատականն այն կոնտեքստում, ինչ ռուսական կողմն արել է, բնականոն է, դա մեղադրանք, նոր դիրքորոշում չէ, դա հղում է ԼՂ հակամարտության պատմությանը։
«Եվ, ի վերջո, յուրաքանչյուր հակամարտություն լուծվում է համակարգային փաստաթղթով, Ռուսաստանը հենց նման ձևաչափի է ձգտում Ուկրաինայի հակամարտության դեպքում։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա ՌԴ ԱԳՆ-ն հստակ մեկնաբանել է, բազմիցս արտահայտվել է այդ թեմայով, և Հայաստանը, և Ռուսաստանը ռեգիոնը ճանաչել են Ադրբեջանի կազմում»,- ասաց վերլուծաբանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը ձգտել է վերջնականապես լուծել այս հարցը։
«Բայց փաստորեն կան այլ հարցեր, օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս խումբը չի գործում, բայց Ադրբեջանը սկզբունքային դիրքորոշում ունի, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ այն պետք է համատեղ լուծարվի։ Հայաստանն էլ առաջարկում է այն լուծարել Խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ մեկտեղ։
Այսինքն՝ սա հարց է, որի հետ կապված կան մտահոգություններ, և նույնիսկ այսքան զարգացումներից հետո չկա դեռ Խաղաղության համաձայնագիր, ինչպես նաև կան որոշ այլ մտահոգություններ։ Եվ սա ցույց է տալիս այն, որ ՌԴ իշխանությունները ճիշտ են իրենց դիրքորոշումներում»,- նկատեց Տարասովը։
Ինչ վերաբերում է, նրա խոսքով, այսօր արդեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա Խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում։
«Մենք ականատես ենք կողմերի միջև շփումների, կա գործընթաց, սակայն չկա բեկում, որը կհաստատի ռեգիոնում խաղաղություն։ Կարծում եմ՝ այդ բեկումը դեռ մոտ չէ, այսինքն՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ լուծված չէ»,- նկատեց Տարասովը։