Ի՞նչ նկատի ունի Պուտինը Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության իր գաղափարի ներքո

Վերջերս ՌԴ Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռազմավարական նշանակության ելույթով՝ շեշտելով, թե կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։

Պուտինի խոսքով, անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի:

«Կարևոր է մեր մայրցամաքը դարձնել խաղաղության և կայունության տարածք, կայուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման օրինակ»,- տեսաուղերձում ասել էր Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի մոտեցումները մնում են սկզբունքային և անփոփոխ։

Կարդացեք նաև

«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի, այսինքն՝ բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի»,- ասել էր Պուտինը:

Ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահը, Եվրասիայում անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման հիմք կարող են դառնալ փոխգործակցության այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը:

«Կարծում ենք, որ նման ունիվերսալ համակարգի անվտանգության ստեղծման համար հիմք կարող էին դառնալ փոխգործակցության արդեն իսկ գոյություն ունեցող և լավ հաստատված բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան և այլն»,- ասել էր Պուտինը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ  Ռուսաստանն ապագա աշխարհակարգում ներկայացնում է ՌԴ տեղն ու տեսլականը, որը չի վերաբերում մոտ ապագային:

Սիմոնովը կարծում է, որ սա միտված է ցույց տալ Ռուսաստանի գործընկեր և ոչ միայն գործընկեր երկրներին, թե ինչպիսին է տեսնում Ռուսաստանն այն գոտին, որում ապագայում փորձելու է կառուցել անվտանգային, քաղաքական ու տնտեսական համագործակցության միջավայր, մի միջավայր, որն ակնկալվում է, որ պետք է լինի ավելի անվտանգ ու կայուն, քան ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված իրավիճակն էր հետսովետական տարածքում:

«Ակնկալիքն այն է, որ կլինի համագործակցության լայն մեխանիզմ՝ հիմնված ընդհանուր մի շարք սկզբունքների վրա, որոնք թվարկեց ՌԴ նախագահը: Դա չի լինի խոցելի, ինչպիսին հետսովետական շրջանում ձևավորված համագործակցութուններն էին»,- ասաց վերլուծաբանը:

Կոնստանտին Սիմոնովը նշեց, որ Ուկրաինայի խնդրի լուծումից հետո սա ՌԴ արտաքին քաղաքական գլխավոր պրոյեկտն ու գաղափարն է:

«Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը ներկայումս հնարավորինս փորձում է շարունակել իր նախկին արտաքին քաղաքականությունը, սակայն խնդիրները բավական շատ են, և ՌԴ-ն ստիպված է լինում որոշ ուղղություններում իր ակտիվությունը նվազեցնել, քանի որ չեն բավականացնում երբեմն ռեսուրսները, ինչպես նաև չկա Արևմուտքի հետ  այլ տարբեր ճակատներ ու հավելյալ խնդիրներ ունենալու ցանկություն:

Պատճառը պարզ ու հասկանալի է, քանի որ կա գլխավոր մեկ հարց. դա Ուկրաինայի հարցն է, որի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը շատ հարցերի «պատասխաններ» կտա և կլուծի խնդիրները գլխավոր խաղացողների միջև»,-ասաց վերլուծաբանը: Այս ընկալումը, վերլուծաբանի խոսքով, վերաբերում է նաև հայ-ռուսական հարաբերություններին:

«Ռուսաստանը հասկանում է, որ խնդիրներ կան Հայաստանի հետ հարաբերություններում, կա Արևմուտքի ազդեցություն ու միջամտություն, սակայն  ընդունել է այդ իրավիճակը, շարունակում է առաջ շարժվել՝ պահպանելով հարաբերությունները: ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան նպատակ ուներ հասցեագրել ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում առկա  խնդիրները և առաջ շարժվել, շարունակել հարաբերություններն այն ամենի հիման վրա, ինչը հնարավոր է եղել պահպանել՝ հաշվի առնելով ապագա աշխարհակարգային փոփոխություններում ՌԴ վերադիրքավորումները»,- նշեց Կոնստանտին Սիմոնովը՝ հավելելով, որ ակնկալիքն այն է, որ ՀՀ-ն ևս մաս կկազմի այդ նոր ճարտարապետությանը, սակայն պետք է արձանագրել նաև, որ ՌԴ-ն դեռ ընդհանուր սկզբունքներն է միայն ներկայացնում:

Ըստ նրա՝ պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարարը Երևանում ևս խոսեց այդ գաղափարի մասին: «Ռուսաստանի համար, ամենայն հավանականությամբ, կարևոր էր դա ինչ որ կերպ նաև հայաստանյան լսարանին ներկայացնելը»,- ասաց Սիմոնովը:

Նրա խոսքով, մինչ դա շատ կարևոր է, թե ներկայումս ինչ հունով կընթանան զարգացումները պատերազմի դաշտում ու բանակցային սեղանին:

«Պետք է արձանագրել, որ  ԱՄՆ-ի առաջ մղած բանակցային գործընթացում եվրոպական կողմը խնդիրներ է ստեղծում՝ Ուկրաինային մղելով այնպիսի քայլերի, որոնց Ռուսաստանը պարզապես չի կարող չպատասխանել: Այդպես էլ եղավ՝ Ուկրաինայի վերջին հարվածներին Ռուսաստանը սկսեց վերջին օրերին պատասխանել, ներկայումս արդեն պատրաստակամություն հայտնեց անցնել բանակցային պայմանավորվածությունների կատարմանը: Անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել բանակցային սեղանին, բարդ է ասել՝ կվերադառնա՞ն արդյոք պայմանավորվածություններին, թե՞ իրավիճակը կշարունակի սրվել:

Մյուս կարևոր և հետագա ազդեցություն ունեցող հանգամանքներից է այն, որ Թրամփի վարչակազմում մի քանի ուղղությամբ խնդիրներ են առաջացել, և սա կարող է անդրադառնալ ամերիկյան կողմի ներգրավվածության ինտենսիվության, ինչպես նաև բովանդակության վրա»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը:

Տեսանյութեր

Լրահոս