
Երևանը խառնվել էր բորշչի նման․ տղաները ցուրտ ձմռանը լողալով անցել էին Արաքսը, 2-ին խփեցին ջրի մեջ, 2-ը փրկվեցին, մեկը Զադիկ Զադիկյանն էր…
«Երբ ընկերս առաջարկեց փախչել՝ 19 տարեկանում չէի կարող գիտակցել, որ դրանով կորցնելու եմ հայրենիքը, ընտանիքը և իմ աշխարհը»,- ասում է ամերիկաբնակ արվեստագետ Զադիկ Զադիկյանը։
Նրա հետ զրուցել ենք փախուստի պատճառների, ազատ ստեղծագործելու կարևորության և այլ հարցերի շուրջ։
– Ի՞նչն էր պատճառը, որ 19 տարեկանում որոշեցիք հեռանալ Հայաստանից՝ ցուրտ ձմռանն Արաքս գետում լողալով։
– Հարցին պատասխանելու համար պետք է վերադառնանք 1960-ական թվականներ, երբ սովորում էի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, որտեղ տեղեկանում էինք Արևմուտքի արվեստի մասին, որովհետև ժամանակակից բոլոր արվեստները գալիս էին Արևմուտքից։ Եվ սա ինձ համար մեծ երազների բույն սարքեց, քանի որ ռոմանտիկ անձ էի․ եթե Արևմուտք կարողանայի դուրս գալ՝ արվեստս ավելի շատ կարող էի զարգացնել։ Սա՝ արվեստի կողմից, իսկ կյանքի կողմից, իհարկե, սովետական ժամանակաշրջանում որևէ մեկից չէի լսում, որ շատ գոհ էր իր ապրելակերպից։ Դրանցից մեկն էլ ես ու իմ ընտանիքն էինք։ Ճնշում կար քաղաքացու դեմ․ մեկ թաղից մյուսը գնալու համար պետք է ոստիկանությանը տեղյակ պահեիր։ Ամեն նման փոքր բանը մի տեսակ տհաճ էր դառնում։ Արվեստագետը պետք է ազատ լինի, ոչ թե փակի տակ։ Երբ մեկը եկավ, ասաց՝ ճանապարհ կա՝ կուզե՞ս դուրս գալ, անմիջապես ասացի՝ այո՛։
– Չէի՞ք վախենում, որ կձերբակալեն, կսպանեն։
– Գիտեք, մինչև շաքարը չես ուտում, չգիտես՝ ինչ համ ունի։ Վախկոտ չեմ եղել մանկուց, մեծացել եմ վայրի խոտի նման։ «Պիոներ պալատ», Թերլեմեզյան… ամեն տեղ ես եմ գնացել, ծնողս չի տարել, չի հետևել ինձ։ Ճանապարհները ես եմ գտել, ուզել ու արել եմ։ Իհարկե, մտածում ես, որ սա կյանքի ու մահվան խնդիր է։ Նույնիսկ ճանճը չէր կարող սահմանն անցնել, բայց այդ երազն այնքան ուժեղ էր, որ միայն դրա մասին էինք մտածում։
Հինգ հոգի էինք, և 6 ամիս ժողովներ ունենալուց հետո որոշվեց օրը՝ 1965թ․, նոյեմբերի 26։
Ձմեռ էր, թքում էիր՝ սառույց էր դառնում, ու պետք է Արաքս գետում լողայինք։ Այսինքն, և՛ բնությունն էր հակառակ, և՛ մտածելակերպը․ գնում էինք դեպի մահ։
Այդպես էլ եղավ։ 5 հոգուց միայն երկուսը փրկվեցին։ Երկուսին խփեցին ջրի մեջ, մյուսը՝ հետ վերադարձավ՝ չկարողանալով լողալ, որովհետև ջուրն այնքան սառն էր, ոնց որ միլիարդավոր ասեղներ ծակեին քեզ։ Ինձ հետ ընկերս էր, ով Օպերայի թմբկահարներից էր։ Միասին կարողացանք անցնել ու հասնել Թուրքիա, ապա գնացինք Բեյրութ, ապա՝ ԱՄՆ։
– Ճանապարհի կեսից չփոշմանեցի՞ք, չմտածեցի՞ք հետ վերադառնալու մասին։
– 200 զինվոր վրադ է կրակում, ինչպե՞ս կարող ես մտածել հետ գնալու մասին։ Երբ անցանք՝ Մոսկվան կապ հաստատեց Անկարայի հետ և մեզ հետ պահանջեց՝ ասելով, որ հանցագործներ ենք, մարդ ենք սպանել։ Իրենք էին մեր ընկերներին խփել լողալիս, բայց մեր վրա էին գցում։ Սակայն թուրքերը տեսան, որ սովետական ներքնազգեստով, մերկ ջուրն անցանք։
– ԱՄՆ–ը Ձեզ տվե՞ց այն, ինչի համար պայքարում էիք։
– Միանգամայն։ Մշակութային մեծ հակասություն և տարբերություն կար։ Առաջինը հասա Սան Ֆրանցիսկո, որը հիպիների շարժման կենտրոնն էր․ Սանտանա, Ջենիս Ջոփլին․․․ աշխարհում երաժշտության մեջ հեղափոխություն էր սկսվել։ Երիտասարդները պայքարում էին Վիետնամի պատերազմի դեմ, իսկ նրանց չէին բռնում։ Սովետական կարգերի ժամանակ նման բան չէիր տեսնի, քաղաքացիներին փշալարերի մեջ էին պահում։
– Շատերը բռնաճնշումների էին ենթարկվում, դիմանում էին, պայքարում, Ձեզ չասացի՞ն՝ վախկոտ ես, գնացիր, մեզ նման չպայքարեցիր։
– Չգիտեմ, թե ինչ ասացին, որովհետև կապի մեջ չէի քաղաքացիների հետ։ Հետո լուրեր ստացանք, որ ուրախ էին։ Երևանը խառնվել էր բորշչի նման, որովհետև նման բան չէր եղել․ երիտասարդներն անցել էին Արաքսը։ 1,5 տարի տևեց, մինչև ԱՄՆ հասա։
– 19 տարեկանում շատ բան չենք հասկանում, ժամանակի ընթացքում նոր կյանքը, աշխարհն ու մարդկանց ենք ճանաչում։ Եթե մնայիք, գուցե այստեղ առաջ գնայիք, հասնեիք նպատակներին։
– Կարող եմ մեկ օրինակ բերել, որը մեկ շաբաթ առաջ ինձ հետ պատահեց Երևանում։ Ընկերներս եկել էին ցուցահանդես, նայել էին աշխատանքները՝ առանց որևէ բան հասկանալու։ Հանդիպեցինք, խոսում էինք, և իրենց ստուդիայի նման ստուդիա ժամանակին իմ դասախոսներն ունեին։ Նույն մթնոլորտով մի տարածություն էր, նույնիսկ քանդակներն էին նույնը։ Դասախոսս մեծ արվեստագետ էր՝ Արա Հարությունյանը, և ամենալավն էր, իսկ սրանք ոնց որ ուսանողական շրջանի գործերը լինեին։
Ցույց տվեցի իմ գործերից, որոնցից մեկը արևածագն էր՝ 9 մետր բարձրությամբ․ ընկերս դարձավ, թե՝ բա արձանն ո՞ւր է։ Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Ասում եմ, արձան եմ ցույց տալիս։ Եթե այստեղ մնայի, կարող է իր նման լինեի ու հարցնեի, թե արձանն ո՞ւր է։ Սա ցույց է տալիս, թե ինքն ուր է մնացել, ես ուր եմ գնացել։ Ես գնացել, հասել եմ Արարատի գագաթը, ինքը մտել է Արաքսի հատակը ու մնացել մինչև հիմա։ Այ դա է տարբերությունը։
– Տարածական արվեստի ճյուղերից մեկն եք ընտրել․ սա ի՞նչ է տալիս, ազատությո՞ւն։
– Իմ հետաքրքրությունը 4-5 տարեկանից մինչև հիմա արվեստն է։ Եթե արվեստը չլիներ, ու այս ճանապարհն անցնեի՝ կարող է գժվեի։ Երբ Արաքսն անցում ես՝ բոլոր կամուրջներն այրում ես։ Կոմունիստների ժամանակ ես դավաճան էի, կբռնեին, կուղարկեին Սիբիր, կկախեին։ Արվեստն իմ կյանքում միակ իրականությունն էր, որ ինձ փրկեց։
– Ձեր աշխատանքներում ոսկեգույնն է գերակշռում․ ինչո՞վ է դա պայմանավորված։
– Ազնիվ մետաղներից մեկն է, համամարդկային մասշտաբով պլատինից ավելի շատ է տարածված։ Ոսկին իր մեջ ունի որոշ տաքություն։ Իսկ տաքությունը համեմատվում է արևի հետ։ Այն անբացատրելի ուժ ունի։ Ինձ համար ոսկին Աստծո ամենամոտիկ սիմվոլը կարող է լինել։ Ֆորմաներ ստեղծելու համար ոսկին ամենաճիշտն եմ համարում։ Նյու Յորքում 23 տարի ապրեցի ժամանակակից արվեստագետների բնի մեջ։ Հարևաններս բոլորը համաշխարհային անուն ունեցող արվեստագետներ էին, ու ահագին բան սովորեցի նրանցից։ Այն տարածքը, որտեղ ապրում էի, ծայրից ծայր՝ զուգարանով, խոհանոցով, «ոսկեպատեցի»։
– Ամենուր ոսկու, փողի համար են միմյանց հետ թշնամանում։ Արվեստի միջոցով ևս դրա մասին հիշեցնելը մի տեսակ դաժան չէ՞։
– Որովհետև սխալ են մտածում․ սա նյութ է, և կապ ունի, թե շեշտը որտեղ ես դնում։ Շատ բուդդիստներ իրենց արձաններն են ոսկեպատում, որովհետև ուզում են ցույց տալ, որ հոգևոր աշխարհի մասին խոսելու համար է։ Մի լավ մարդ են տեսնում, ասում են՝ ոսկի մարդ է, դա չի նշանակում, որ հարուստ է․ նրա մեջ այնքան ազնվություն, մաքրություն, արժեքներ կան, որ համեմատում են ոսկու հետ։ Բանաստեղծները ևս ոսկին հիշատակել են իրենց տողերում։
– Ձեր աշխատանքների պատվիրատուներն ովքե՞ր են։
– Կան մարդիկ, ովքեր որևէ բան գնում են միայն նրա համար, որ սիրում են․ նրանք արվեստասերներն են, և՛ դրամ ունեն, և՛ սեր։ Լինում են ցուցամոլ մարդիկ, ովքեր ուզում են շրջապատին ցույց տալ, որ իրենք էլ ունեն Սարյանի գործերից, բայց չգիտեն, թե ինչո՞ւ է այսպես նկարել։ Երրորդ խումբն էլ կարծում է, որ եթե Սարյանի, Այվազովսկու կամ Պիկասոյի գործերից ունենա՝ ոսկու նման մի բան է։
Արվեստագետի գործը միշտ բարձրանում է, ոսկին կարող է իջնել, և կարող են տվյալ գործը հետո վաճառել՝ գնել 1 միլիոնով և ինչ-որ թանգարանի 10 միլիոնով տալ։
Սկզբնական շրջանում մի քանի հոգի եղան, որ ասացին՝ արի այս կամ այն տարածքը ոսկեպատի, բայց ամեն տեղ չես կարող ոսկեպատել։ Տարածքներ կան, որ հետաքրքիր են՝ որպես ճարտարապետական կառույց, որոշներն էլ՝ ոչ։
– Երկար տարիներ ՀՀ–ում չեք եղել, ի՞նչ փոփոխություններ նկատեցիք։
– Պարբերաբար եկել եմ, բայց 60 տարի առաջ շատ ավելի մաքուր էր, շենքերը վարդագույն էին, փոսեր չկային։ Բավականին ազատ ենք, բայց միևնույն ժամանակ տեսնում եմ, որ ժողովրդի մեջ իրար նկատմամբ չափից դուրս լարվածություն կա։
– Եթե հանդիպեիք 19-ամյա Զադիկին, ի՞նչ կասեիք։
– Կասեի՝ ապրե՛ս տղաս, որ բախտը քեզ ճիշտ ճանապարհի վրա է դրել։