«Սրանք Հայաստանում չեն ապրելու, բայց հարց է՝ կկարողանա՞ն պլստալ, թե՞ ոչ». Դավիթ Գալստյան

Շվեյցարիայում անցկացվող «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին հույս է ներշնչում, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգային է մնում:

«Ցավալի է, որ մեր սեփական երկրի իշխանությունները որևէ բառ չեն խոսում, այլ ընդհակառակը՝ ես ունեմ նաև տեղեկություններ, համոզմունք, որ իրենք ոչ թե չեն խառնվում, այլ խոչընդոտում են: Խաղաղության կեղծ թեզերի տակ անպատասխան են թողնում Ադրբեջանի հոխորտանքները: Մեր վերադարձի իրավունքը մի օր միջազգային հարթակներում բերվելու է բանակցային սեղան և օրակարգային հարց է դառնալու, և մենք մեծ հույսեր ունենք, որ այս ամենն օգնելու է օր առաջ վերադառնալ մեր հայրենիք:

Այս բոլոր գործընթացները շատ ավելի հեշտ կլինեին, եթե ինստիտուցիոնալ մակարդակով մենք ունենայինք հենարան, թիկունք, ինչպես որ ունեինք մինչև 2018թ: 2018-ից հետո մեզ սկսեցին ոչ թե թիկունք կանգնել, այլ՝ թիկունքից հարվածել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկել «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Ադրբեջանը մանիպուլյատիվ փաստաթղթեր կարող է ստորագրել Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու համար, բայց ոչ՝ խաղաղության պայմանագիր:

«Մեր պատմությունն աղավաղում է մեր իսկ իշխանությունը: Մեր պատմությունը հիմա երևի թուրք-ադրբեջանական մասնագետներն են գրում: Վաղը-մյուս օրը խոսվելու է, չէ՞, որ հայերն իրենց պատմությունը չեն հարգում, հայերին ո՞նց պետք է հարգեն միջազգային հարթակներում: Իրականում, սրանք իշխանություն էլ չեն: Սրանք Հայաստանը երևի իբրև բիզնես պրոյեկտ են դիտում: Ես համոզված եմ՝ նրանք Հայաստանում չեն ապրելու, որովհետև ինչից խոսել են՝ հակառակն են արել: Հայ ազգի միակ ղեկավարն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Այս մարդիկ գիտեն, որ այստեղ չեն կարողանալու ապրել, բայց դեռ հարց է՝ կկարողանա՞ն պլստալ, թե՞ ոչ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններն այնպիսի ծրագրեր են ներկայացնում, որ արցախցիները չկարողանան օգտվել, այնպիսի պայմաններ է ստեղծում, որ արցախցիները լքեն Հայաստանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս