
«Սպանդանոցների հարցը պետք է լուծեն, թե չէ մարդիկ հիասթափվում, անասուն չեն պահում, որովհետև վերջում գլխացավանքի մեջ են ընկնում». Շիրակցի

Այս տարվա սկզբից Շիրակի մարզի մսավաճառները և տարբեր համայնքի բնակիչներ բողոքում են՝ պահանջելով պատկան մարմիններից լուծել մարզի սպանդանոցների հարցը։ Նրանք մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի մոտ, սակայն խնդիրը չի լուծվել։ Մսավաճառներին Շիրակի մարզի պատկան մարմինները տուգանում են, առգրավում նրանց ապրանքը՝ պատճառաբանելով, թե նրանք մորթը սպանդանոցային պայմաններում չեն անում, մսավաճառներն էլ բողոքում են՝ մարզում սպանդանոց չկա։
Մոտավորաապես 5 ամիս բողոքող մսավաճառներին պատկան մարմինները վստահեցրել են՝ առաջիկայում խնդրին անպայման լուծում կտան։
«Մեզ խոստացել են, որ մարզում սպանդանոց կբացեն, մեզ էլ տեղյակ կպահեն։ Հիմա բնակիչներից շատերն իրենց անասուններին հանել են դաշտ, մորթ անողները քիչ են, դրա համար չեն բողոքում։ Իսկ հատուկենտ մարդիկ, որոնք մորթ են անում, զանգահարում են՝ Արագածից մեքենա են բերում, որ կարողանան իրենց մորթն անեն։
Մեզ խոստացել են, որ 3 սպանդանոց կսարքեն մեզ համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիում տեղի ունեցած ցույցերի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Հովհաննեսը։
Նրա խոսքով՝ հիմա կաթի սեզոնն է, մարդիկ կովերին պահում են, որ գոնե կաթ ստանան, չեն մորթում։ Թերևս, մորթի պակասի հետ է կապված, որ վերջին 1 ամսվա ընթացքում մսավաճառներին քիչ են տուգանել ու նրանց ապրանքն առգրավել։
«Այս պահին Ամասիայում, Ղուկասյանում միսը շատ քիչ է, կարելի է ասել՝ չկա։ Մենք բոլորին ասել ենք, որ 3 գյուղերին մի սպանդանոց սարքեն, այսինքն՝ այն գյուղերը, որոնք իրար կպած են, թող ունենա 1 սպանդանոց, ինչ է, մարդիկ ոտքով էլ կտանեն մորթը կանեն, հետո մեքենայով կբերեն։ Բայց այսպես այստեղ տարածքում սպանդանոց չկա, ու մեզանից սպանդանոցային մորթ են պահանջում, ո՞ւր տանենք հասցնենք անասունը, որ սպանդանոց լինի ու մորթ անենք։
Եթե մեր առաջարկն ընդունեն շատ լավ կլինի և՛ իրենց համար, և՛ գյուղացիների։ Թե չէ՝ այսպես մարդիկ հիասթափվում, անասուն էլ չեն պահում, որովհետև վերջում գլխացավանքի մեջ են ընկնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նշենք, դեռ փետրվարի 3-ին մսավաճառների բողոքի ակցիայի ժամանակ նրանց հանդիպել էր Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ Նա ակցիայի մասնակիցներին ասել էր, որ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ նախատեսված սպանդանոցների փոխարեն՝ կարող են կառուցել սպանդանոցային կետեր, իսկ սրանք ավելի մատչելի կնստեն գյուղացիների վրա։
Այս ամենը կրկին հարուցել էր գյուղացիների զայրույթը, նրանք պաշտոնյային ասել էին, որ գյուղացին այդքան գումար չունի, որպեսզի սպանդանոց կառուցի։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ 2020 թվականից պարտադիր է դառնալու մսի սպանդանոցային ծագման պահանջը: Չնայած այս պարտադիր պահանջին, այսօր համայնքներ կան, որոնք չունեն սպանդանոցներ, որի արդյունքում մորթ անող բնակիչները ստիպված են կիլոմետրեր անցնել, որպեսզի անասունին հասցնեն սպանդանոց ունեցող որևէ համայնք՝ մորթ իրականացնելու համար։