«Հիմա Նիկո՞լն էր իր հոր տանը նման մեքենա տեսել, թե՞ Աննան, ճոխ-ճոխ ապրում են հիմա։ Տեսել ենք, էլի, իրենց տունը, պատերին գրած ու ջնջած, երևի սևագիր չեն ունեցել։ Եկեք Շիրակի մարզ, մտեք ցանկացած գյուղ, տեսեք՝ ինչ է կատարվում, այդ վիճակի մասին որ խոսում ես, ասում են՝ քաղաքականությամբ ես զբաղվում։ Վերջը սրանք այնքան «դավադիտ» կանեն, որ, իրոք, մտնենք քաղաքականություն ու ասենք՝ եկեք այստեղ, իսկականից, զզվացրեցիք, թողեցիք»։
Շիրակի մարզում կրկին բողոքի ակցիա է։ Մսավաճառները և մարզի համայնքների բնակիչները կրկին հավաքվել են մարզպետարանի մոտ՝ պահանջելով լուծում տալ սպանդանոցների հարցին։
«Հիմա պատկան մարմինները մեր երկիրը համեմատում են Եվրոպայի հետ, բայց Հայաստանը դեռևս դրան պատրաստ չէ։ 2019 թվականին ամենաբարձր մակարդակով մարդկանց ասվել է, որ Արարատի մարզի հետ գործ չունեք, քանի որ Խաչատուր Սուքիասյանը պետք է սպանդանոց կառուցի, բայց մինչև օրս չի կառուցվել, հավանաբար այլ հարմար բիզնես է գտել»,- նշեց նա։ Ֆերմերը նաև ասաց, որ այսօր Հայաստան դրսից մեծ քանակությամբ միս է ներկրվում, հավանաբար տեղացի անհատների ու ֆերմերների համար խնդիրներ են ստեղծում, որպեսզի դրսից ներկրված միսն իրացվի։
Տևական ժամանակ է, ֆերմերները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ դեկտեմբերի 6-ից անասնապահները մորթը պետք է կատարեն բացառապես սպանդանոցներում։ Օրերս այս որոշման դեմ բողոքում էին նաև Արարատի մարզի ֆերմերները, սակայն մարզպետարանից նրանց ասել էին, որ մինչև Ամանոր մորթը կարող են անել այնպես, ինչպես նախկինում, Ամանորից հետո կանդրադառնան խնդրին։
«Մենք Արտաշատ-Երևան ճանապարհը փակելու ենք, ինչն ուղղված է Կառավարության որոշման դեմ։ Ժողովրդի վիճակն անտանելի ծանր է, կոնկրետ մեզ որևէ մոտիկ սպանդանոց չկա, որտեղ տանենք-հասցնենք անասունին, որ մորթենք։ Կառավարությունը մեզ պարտադրում է, որ ենթարկվենք իր որոշմանը, չենք ուզում, մենք դարերով անասունին մորթել ենք ավելի լավ պայմաններում, քան սպանդանոցներում է։ Եթե սպանդանոց են կառուցել, թող այնպես աշխատեցնեն գոնե, որ ժողովուրդն ինքն իր կամքով գնա ու անասունին այնտեղ մորթի։