Հունվարի 15-ից հետո վաճառքում գտնվող սպանդանոցային ծագում չունեցող միսը կառգրավվի և կկիրառվի տուգանք

Ամիսներ առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացրել էր, որ  2019թ. օգոստոսի 1-ից՝ հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը լինելու է պարտադիր:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրեց, որ սպանդանոցների թիվը գնալով ավելանում է:

«Այսօր գրանցվել է ևս մեկը: Ակտիվ շինարարություն կա, բոլորը սպասում են հունվարի 15-ին՝ թե՛ միս վաճառողները, թե՛ սպառողները, թե՛ գործող սպանդանոցները, քանի որ մինչ այդ շատ է հայտարարվել ինչ-որ ժամկետների մասին, բայց բան չի արվել հետո, իսկ հիմա թույլ չենք տալու ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառք: Հունվարի 15-ն այն ժամկետն է, որ մենք փուլ առ փուլ, քանի որ մեր ռեսուրսը չի հերիքի, որ միանգամից բոլոր մսավաճառների մոտ մտնենք,  ուստի կսկսենք մեծերից, հետո քիչ-քիչ կգնանք մարզային փոքր խանութներ: Եվ եթե չլինեն սպանդանոցային ծագման միս, մսեղիք, դա կառգրավենք, կկիրառենք նաև համապատասխան տուգանքներ այդ տնտեսվարողների նկատմամբ՝ 50.000 դրամի չափով: Այս պահի դրությամբ ունենք 17 գործող, 23 կառուցվող սպանդանոց, այս քանի օրվա մեջ նոր հայտեր են ներկայացվում, ուստի այս թվերը կավելանան»,- ընդգծեց Ավետիսյանը:

Այս համատեքստում նա նշեց, որ անհրաժեշտ է, որ քաղաքացիների գիտակցության մեջ ամրապնդվի մի պարզ ճշմարտություն՝ փողոցում վաճառված միսը չի կարող անվտանգ լինել:

«Երեկ մի ցավալի փաստի ականատեսը եղա. կայքերից մեկը  նկար էր տեղադրել, որտեղ կեղտոտ պայմաններում միս են վաճառում, տակը մարդիկ կային, որ գրել էին, թե այդ միսն ավելի լավն է, քան խանութում վաճառվողը: Սա սարսափելի է, իսկ նման կերպ մտածող մարդիկ քիչ չէին, թե բա՝ գյուղացին ի՞նչ անի, երկու կոպեկ է աշխատում, այս մսի մեջ քիմիա չկա: Քանի դեռ այս մոտեցումը կա հասարակության մոտ,  մեր վերահսկողությունը դառնում է առոչինչ: Դու չես մտածում քո առողջության մասին և փողոցում վաճառվող միս ես գնում, որովհետև էժան է, կամ ասում ես, որ լավն է, ես էլ ասում եմ՝ ոչ, դա վտանգավոր է, քանի որ սատկած անասուն են բերում ու վաճառում, քանի որ դա խանութներում երբեք թույլ չենք տա: Փողոցից միս գնողները թող համոզված լինեն՝ իրենք գնում են սատկած, հոգեվարքի ժամանակ մորթված և հիվանդ կենդանու միս: Եթե չգնես, դա չի լինի»,- զգուշացրեց ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը՝ հավելելով, որ իրենց խնդիրն  առաջին հերթին՝ փողոցում վաճառվող սննդամթերքն է՝ միս, հավ, ձուկ, ձու, կաթնամթերք, քանի որ դրանք ռիսկային մթերքներ են համարվում սննդի անվտանգության տեսանկյունից:

168.am-ի դիտարկմանը, որ Նոր տարվա օրերին պակաս կարևոր չէ նաև երշիկեղենի ստուգումը, ինչի սպառման ծավալներն այդ օրերին ավելանում են, Գեորգի Ավետիսյանը պատասխանեց, որ շատ են նաև դեպքերը, երբ այդ օրերին վաճառվում են տնային կամ վատ պայմաններում պատրաստված բաստուրմա, սուջուխ:

«Մեր ձեռքերը գուցե չհասնի այդ ամեն ինչին, բայց բոլորին կոչ ենք անում՝ առանց մակնշման, առանց արտադրողին իմանալու՝ չգնեն որևէ մսամթերք, քանի որ դրանք ինչից հասնում, պատրաստում են, հնարավոր է՝ մեջը միս չլինի կամ լինի փչացած»,- ընդգծեց նա:

Այս համատեքստում սննդի անվտանգության համար պատասխանատուն սուպերմարկետներին հորդորեց Նոր տարվա ակցիաների օրերին մսամթերքը չպահել սառնարանից դուրս:

Տեսանյութեր

Լրահոս