«Գերիների խնդրով Հայաստանն իր խաղաքարտերը զիջում է. Ալիևն իր խաղաքարտերով գերիներին դարձրել է առևտրի առարկա». Արտակ Բեգլարյան

Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական  թիմի անդամ, իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վարդանյանի դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար դատաքննության սկզբունքները։

«Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը»,- ընդգծել է իրավապաշտպանը:

Հաջորդ դիտարկումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ։ Այս հանգամանքը մեղադրանքի մեջ որակվել է՝ որպես հանցավոր կազմակերպություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ազգերի ինքնորոշման իրավունքին:

«Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է՝ որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ»,- նշել է Սիրանուշ Սահակյանը:

Կարդացեք նաև

Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի հետ միասին բազմաթիվ ծանր մեղադրանքներ է ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հայ գերիների ազատ արձակումը քաղաքական խնդիր է և քաղաքական գործիքակազմով պետք է դա կատարվի, առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունների կողմից։ Ընդ որում՝ և՛ ուղիղ Ադրբեջանի հետ բանակցելով, և՛ միջնորդավորված՝ իրավական, քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմեր կիրառելով՝ ներկայացնել միջազգային ճնշում Ադրբեջանի վրա։

«Միանշանակ է, որ ՀՀ իշխանության կողմից բավարար աշխատանք չի արվում, երբեմն ինչ-որ բաներ արվում են՝ ձևակա՞ն կլինի, թե՞ ոչ։ Գուցե կոնկրետ կառույցների հայտարարությունների հետևում որոշ պետական աշխատանք կա, բայց այդ ամենը բավարար չէ։

Ավելին՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից տեղի են ունենում հակառակ գործողություններ, որոնք այդ գործընթացին վնասում են։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունը մոտիվացիա չունի հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար, կամ առնվազն նրանց մի մասին վերադարձնելու։ Հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մի մասին ՀՀ իշխանությունը չի ցանկանում վերադարձնել հայրենիք։ Եթե այդպես չլիներ, ապա իրենց վտանգավոր հայտարարությունները կամ էլ անգործունյա դիրքորոշումները չէին լինի»,- 168.am հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ արդյունք ակնկալելու համար, այս խնդրով պետք է զբաղվեն ՀՀ պետական ինստիտուտները, և այստեղ շատ կարևոր է հանրային ճնշումը. միայն այդ դեպքում հնարավոր կլինի, որ իշխանությունները զբաղվեն գերիների խնդրով։

Արտակ Բեգլարյանը վստահ է՝ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ, և այդ ամենը ՀՀ իշխանությունը գիտի, հավանաբար դրա համար են կիսատ-պռատ հայտարարություններ անում։

«Գուցե հենց այդ ընկալման պատճառով չեն ուզում այդ ուղղությամբ լրացուցիչ գործողություններ անել։ Այստեղ, այո՛, որոշակի դիլեմա կա, որքան կոնկրետ ՀՀ իշխանությունները գերիների ազատ արձակման համար պայքարեն, այնքան Ալիևի համար այդ գերիների ազատ արձակման գինը կբարձրանա։ Իրենք, հնարավոր է՝ ավելի շատ պահանջեն Հայաստանից։ Դրա համար իշխանությունները հստակ ցույց են տալիս, որ այս թեման իրենց համար կարևոր չէ, մտածում են, թե մի օր Ալիևն ազատ կարձակի գերիներին։ Ալիևը 2 հնարավորություն ունի, մեկը՝ ազատի գերիներին ինչ-որ բանի դիմաց, և երկրորդ՝ ազատի գերիներին՝ հնարավոր ճնշումները նվազեցնելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև շեշտեց՝ հաշվի առնելով Ալիևի վարքը միջազգային հանրության մոտ, ավելի հավանական է, որ նա գերիներին կազատի ինչ-որ բանի դիմաց, և սա նա կարող է ստանալ թե՛ Հայաստանից, թե՛ միջազգային հանրության տարբեր դերակատարներից։

«Պայմանական, եթե միջազգային որևէ առաջնորդ այս հարցով դիմում է Ալիևին, նա պահանջում է այս կամ այն բանը, ու սա քաղաքական առևտուր է։ Ինքս հիմքեր չունեմ ասելու, որ ՀՀ իշխանության կողմից Ալիևի վրա բավարար ճնշումներ եղել են, որ նա, օրինակ, պատժամիջոցներից խուսափելու համար գերիներին ազատ արձակի։ Ալիևը հմտորեն կարողանում է նոր խաղաքարտեր վերցնել ու գերիներին դարձնել առևտրի առարկա։ ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն դաշտ գցելու այլ խաղաքարտեր, որի հնարավորությունն ունեն ու անընդհատ դրանից հրաժարվում են, և այդ խաղաքարտերն օգտագործեն Ալիևի դեմ։ Հայաստանն իր ունեցած խաղաքարտերը զիջում է»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք նաև, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:

Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Նրանք բոլորն Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորվել ու տեղափոխվել են Բաքու 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա, ցեղասպանության սպառնալիքի տակ տեղահանեց արցախահայերին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալեց, հակառակ պարագայում՝ կոտորելու էր խաղաղ բնակիչներին։

Տեսանյութեր

Լրահոս