Ո՞ւմ հովանավորությամբ են Եհովայի վկաները մեծամասշտաբ հավաքներ անցկացնում Հայաստանում
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Եղվարդում հունիսի 28-ին բացվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության հերթական կառույցը, որը բավական ներկայացուցչական է եղել։
Մասնավորապես, հղում անելով մեր աղբյուրին, տեղեկացրել էինք, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության գլխավոր վարչությունը դիմել է տարբեր երկրների, որպեսզի կազմակերպեն այդ կազմակերպության միջազգային ֆորում, որին նախատեսված է եղել անցկացնել սեմինարներ ու դասընթացներ՝ աղանդի տարածման աշխատանքները կազմակերպելու նպատակով (միջոցառմանը բավական մեծ թվով մասնակցություն է նախատեսված եղել)։ Սակայն բոլոր թեկնածու երկրները հրաժարվել են և չեն թույլատրել իրենց տարածքում այն անցկացնել․ մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «դաբրո» է տվել, այլ անձամբ ներկա է եղել այդ միջոցառման բացման արարողությանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին Եղվարդի տարածքում կառուցված այդ ահռելի մեծ չափերով կառույցի բացման արարողությանը Փաշինյանը ներկա է գտնվել բավական փակ ֆորմատով ու կարճ ժամանակով։
Փաշինյանն իր ելույթում նշել է, որ «Եհովայի վկաները» Հայաստանում հանգիստ կարող են իրենց գործունեությունը ծավալել, որևէ խոչընդոտ նրանք չեն ունենա, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից։ Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ այս փուլում «Եհովայի վկաները» լուրջ աշխատանք են տանում արցախցիների հետ, որպեսզի նրանց նույնպես ներգրավեն իրենց շարքերը։
«Եհովայի վկաներ» կազմակերպության ղեկավարությունն էլ իր հերթին է շնորհակալական խոսք հղել Փաշինյանին՝ այդ միջոցառման թույլտվությունը տալու համար։
Ի դեպ, Փաշինյանից բացի, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ևս։
Մոտավորապես մեկ շաբաթ առաջ 168.am-ն այս թեմայի առնչությամբ կապ էր հաստատել Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ՝ ճշտելու՝ տեղյա՞կ է, որ Եհովայի վկաները հերթական կառույցն են բացել Եղվարդում և հերթական կառույցի բացմանը մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Այդ ժամանակ, Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ասել էր, որ տեղեկություններ չունի և չի կարող որևէ բան ասել՝ շեշտելով, որ կփորձի քահանաներից ու համայնքապետից ճշտել այդ ամենը։
«Բնակիչներից որևէ ահազանգ չեմ ստացել, բայց ինքս հետամուտ կլինեմ՝ հասկանալու համար, թե ինչ է եղել։ Մեր քահանաներից կճշտեմ, բացի դրանից, համայնքապետի հետ կխոսեմ՝ Նորիկ Սարգսյանի»,- նշել էր Կոտայքի թեմի առաջնորդը։
Այսօր 168.am-ը կրկին կապ հաստատեց Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ՝ հետաքրքրվելով՝ որևէ բան ճշտե՞լ է հունիսի 28-ին Եղվարդում տեղի ունեցածի և դրան Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ։
Կոտայքի թեմի առաջնորդը նախ պատասխանեց, որ հեռախոսով սովորաբար որևէ հարցազրույց չի տալիս, այնուհետև հակիրճ հավելեց.
«Իհարկե ճշտեցի, որ մեկ անհատի հողատարածք է եղել, և այդ անհատը դա հատկացրել է, ճամբար է դարձրել։ Դա մեկ անհատ է եղել, պետական որևէ մոտեցում չկա, ճշտել եմ։ Ամբողջ իրողությունը սա է»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, Կոտայքի թեմի առաջնորդն ասաց, որ նա այնտեղ չի եղել:
«Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի մասնակցել և աղերս չունի դրա հետ, այդքան բան»,- եզրափակեց նա։
Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի նշած անհատի հողակտորն իրականում ահռելի տարածք է՝ ցանկապատված:
Ի դեպ, այդ հավաքից առաջ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ևս գրառումներ էին կատարել՝ ահազանգելով, որ Եհովայի վկաները կրկին օգտվում են իշխանությունների կողմից իրենց տրված արտոնություններից ու իրականացնում են հավաք։ Օրինակ, Սագօ Գասպարեան անուն-ազգանունով օգտատերը գրել էր, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 7-ը Եղվարդում տեղի է ունենալու «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության համագումար-ճամբարը, որին պետք է մասնակցեն 22.000 աղանդավորներ, աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանող Եհովայի վկաներ։
Նշենք, որ Եհովայի վկաների կողմից Հայաստանում նման մասշտաբի հավաք անցկացնելը կարծես թե ավանդույթ է դարձել, քանի որ նախորդ տարի ևս մեծ հավաք են անցկացրել արդեն Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Այսպիսով՝ նախորդ տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան փողոցում, «Ալաշկերտ» մարզադաշտում վրաններ էին տեղադրել և երեք օր շարունակ բարձրախոսներով աղանդավորական երգեր էին միացրել ու քարոզ արել՝ լարվածության մեջ պահելով տարածքի բնակիչներին: Մարդկանց անդորրը 3 օր շարունակ խաթարելով։ Իրավիճակն այնքան էր թեժացել, որ տարածքում ապրող մարդիկ դիմել էին ոստիկանությանը: Ոստիկանությունը և քաղաքային իշխանությունը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չէր ձեռնարկել՝ կանխելու համար տեղի ունեցողը, այն դեպքում, երբ «Ալաշկերտ» մարզադաշտում իրենց քարոզով հունից հանել էին 15 հազար բնակիչների:
168.am-ի նախորդ հրապարակման մեջ հիշեցրել էինք, որ դեռևս 2021թ. ««Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր.
«Այսօրվա դրությամբ՝ աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել Հայաստան: Նրանցից մոտ 200 հազարը գրեթե ռոբոտներ են, ովքեր կատարում են հովվի հրամանները: Հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք 10 հազար ձայնով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը, և իրենք առանց մտածելու՝ պե՞տք է այդ անձին ձայն տալ, թե՞ ոչ, կգնան և կընտրեն»:
Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այդ ազգակործան, քայքայիչ և Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող աղանդները մեծ թափով տարածվում են Երևանում և բոլոր մարզերում՝ հրապարակայնորեն ատելության և զրպարտության խոսքեր հնչեցնելով Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսի և բոլոր հոգևորականների հասցեին՝ իրենց ագրեսիվ քարոզչությամբ, իշխանական հովանավորչությամբ: Դրսից ֆինանսավորվող այդ կազմակերպությունները, որոնք նաև թիրախավորում են սոցիալապես անապահով ընտանիքներին, ոչ միայն տեղեկատվություն են հավաքագրում և փոխանցում արտերկրի իրենց տերերին, այլև որպես ընտրազանգված՝ պետք եկած պահին՝ ընտրությունների ժամանակ, ծառայեցվում են Փաշինյանի և ՔՊ-ի շահերին՝ ձայներ ապահովելով նրա համար:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները պարբերաբար հանդես են գալիս Առաքելական եկեղեցու դեմ, մասնավորապես՝ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ որքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը՝ ինչից ինքն ուրախանում է։ Հետևաբար, քաղաքացին կարո՞ղ է հիմնավոր կասկածներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աղանդների միջոցով ձգտում է թուլացնել եկեղեցին ու պետությունը՝ սեփական իշխանության ամրապնդման համար։