Իմպիչմենտը թրիգեր հարուցելու տեսակետից իր ֆունկցիան կատարում է․ Վիգեն Հակոբյան

«Իմպիչմենտը լեգիտիմ գործիք է իշխանազրկման համար,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին՝ վստահեցրեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը` հավելելով, որ այս հարցի շուրջ ներընդդիմադիր հակասությունը մոտեցումների տարբերության հարց է,- Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածի տակ է դնում այս իրավական գործիքը, ավելին՝ դրա մասին 5 տարի շարունակ լսում ենք, և ինչ-որ պահի փորձում էին  իրականացնել։  Կարծում եմ ՝ տարաձայնությունը գնահատականի մեջ է․ սկզբում՝ թուղթ, հետո՝ փողո՞ց, թե՞ փողոց, հետո՝ թուղթ»։

Քաղաքագետը պարզաբանեց՝ եթե ընդդիմադիր նախաձեռնողները համարում են՝ իմպիչմենտը կարող է դառնալ այն թրիգերը, որը փողոց կգեներացնի, ապա դրան հակադրվող ընդդիմադիր ուժը նշում է՝ փողոցը պետք է լինի, որպեսզի իմպիչմենտը ռեալ դառնա։

«Սակայն, ես կարծում եմ՝ առնվազն այս փուլում իմպիչմենտը քարոզչական տեսակետից, թրիգեր հարուցելու տեսակետից իր ֆունկցիան որոշակիորեն կատարում է, և այն, ինչ տեսնում ենք իշխանության մոտ՝ այդ նյարդային շարժումները, երբ երեկ պարտքով սուրճ խմողները սկսեցին անգամ քֆուր տալ, նրանից է, որ իմպիչմենտի գաղափարն իսկ իրենց նյարդայնացնում է։

Այսինքն, իմպիչմենտը՝ որպես թրիգեր հրահրող գործիք, արդեն իսկ աշխատում է, այլ է տարբեր գնահատականների հարցը. Սկզբում՝ ժողովուրդ, հետո՝ իրավական գործընթաց պառլամենտո՞ւմ, թե՞ իրավական գործընթաց, հետո՝ ժողովուրդ»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով, որ սա միակ տարաձայնությունը չէ ներընդդիմադիր շրջանակում, հատկապես՝ խորհրդարանական երկու ֆրակցիաների մոտեցումների միջև,- Այդ երկու ընդդիմադիր ֆրակցիաներում շատ տարաձայնություններ կան հենց թեկուզ՝ ընտրություններով հարց լուծվո՞ւմ է, թե՞ չի լուծվում»։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը, որը հայտնի էր քաղաքական ու հանրային գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի դեմքով, ապրիլի 28-ին ԱԺ բոլոր պատգամավորներին նամակներ ուղարկեց։ Նախաձեռնողները նախևառաջ ընդդիմադիր երկու խմբակցություններից էին քայլեր ակնկալում։

Ու եթե օրեր անց «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, և պատրաստակամություն հայտնեց առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը, ապա «Հայաստան» խմբակցությունը կասկածներ հայտնեց այս գործընթացի նպատակների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս