
Ո՞վ էլ խոսի կրթության մասին. ուղղակի ամո՛թ է. պետք է պատասխան տան. 2 միջադեպերն էլ ցույց են տալիս իրական պատկերը դպրոցներում. Ատոմ Մխիթարյան

Վերջին շաբաթվա ընթացքում հանրակրթական դպրոցներում տեղի ունեցած միջադեպերը ցնցեցին հանրությանը. Մխչյանի և Մերձավանի դպրոցներում տեղի ունեցածը ցույց տվեց այն խնդիրների մի մասը, որն այսօր կա հանրակրթական դպրոցներում։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանի բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հանրակրթական դպրոցներում, «Կրթվելը նորաձև է» քարոզարշավի ցցուն արդյունքն է։
«Այն «բարեփոխումները», որոնք վերջին 5-6 տարում տեղի են ունենում կրթության ոլորտում, տվել են իրենց բացասական արդյունքը։ Այն վատ բարքերը, որոնք առկա էին փողոցում, ըստ էության տեղափոխվել են կրթական հաստատություններ։ Այս իրավիճակը մենք ունենք ոչ միայն հանրակրթական, այլև բուհական համակարգում։ Իհարկե, այս 1-2 դեպքերը եկան բացահայտելու այն բարքերը, որոնք տիրում են դպրոցներում, բոլորս ինչ-որ ձևով առնչվում ենք, չէ՞, նման դեպքերի հետ. մեկը ծնող է, մյուսը՝ ուսուցիչ, մեկի հարևանն է դպրոցում աշխատում, և այլն։ Բոլորս էլ լավ գիտենք, թե դպրոցներում ինչ հարաբերություններ են տիրում, այս միջադեպերն ուղղակի այսբերգի չերևացող մասը բացահայտեցին հասարակության համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
Նրա բնորոշմամբ՝ տնօրենին հեռացնելով կամ նկատողություն տալով՝ խնդիրները որևէ կերպ չեն լուծվելու, քանի որ պետք է հրաժարականներ ներկայացնեն ամենավերևի օղակներում նստած պաշտոնյաները։
«Պետք է հրաժարական տան այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են ոլորտի քաղաքականության համար։ Կրկնում եմ՝ այս 2 միջադեպերն ուղղակի դրվագ են, որոնց ցույց են տալիս իրական պատկերը հանրակրթական դպրոցներում։
Սրա համար պետք է պատասխան տան ամենաբարձր օղակում նստած որոշում կայացնողները»,- հավելեց փորձագետը։
Ատոմ Մխիթարյանից նաև հետաքրքրվեցինք՝ Աննա Հակոբյանը, ով սկսել է «Կրթվելը նորաձև է» արշավը, ֆեյսբուքյան իր էջում «համարժեք» պատասխանում է այն քաղաքացիներին, ովքեր իրեն վիրավորակն որևէ խոսք են ուղղում, այս ոճը նման արշավ սկսած մարդու վարքագծին բնորո՞շ է։
«Այս ամենն ուղղակի ցավալի է, այստեղ են ասել՝ ո՞վ էլ խոսի կրթության մասին, արդյո՞ք նա իրավունք ունի խոսելու իրական կրթության մասին։ Ուղղակի ամո՛թ է, չի՛ կարելի նման բան թույլ տալ, և սա ևս մեկ հարված է մեր կրթությանը, երբ կրթության առաջխաղացման ու զարգացման մասին խոսում են մարդիկ, որոնք կրթության ոլորտում որևէ հետագիծ չունեն։ Սա վերաբերում է և՛ Աննա Հակոբյանին, և՛ նրա ամուսնուն, ինչպես նաև ոլորտում վերջին տարիներին որոշում կայացնողներին։ Մարդիկ, որոնք որևէ հետագիծ չունեն ոլորտում, որևէ արդյունք չեն գրանցել, նրանց կողմից կրթության մասին խոսելը՝ նշանակում է կրթությունն իջեցնել իրենց մակարդակին»,- շեշտեց Ատոմ Մխիթարյանը։
Ինչ վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա ճակատագրին, Ատոմ Մխիթարյանն ասաց, որ Ակադեմիան կամ գիտության ոլորտը կրթության բնականոն շարունակությունն է։
«Եթե կրթությունն այսպես ոտնահարվում է, պարզ է, որ դրա շարունակությունն էլ այն պետք է լինի, որ որևէ կարևորություն չտաս։ Պարզ օրինակն այն է, որ նախորդ հինգաշաբթի օրը Կառավարությունն ընդունեց նախագիծ, որտեղ գրված է այդ մասին, որ պետք է Ակադեմիան չլինի այնպես, ինչպես կա։ Բայց գիտությունն առանց դրա չի կարող զարգանալ, սա նշանակում է, որ Հայաստանին ո՛չ կրթություն է պետք, ո՛չ գիտություն, Հայաստանը պարզապես կդառնա ծառայություններ մատուցող երկիր, բոլորը կապրեն կուշտ ու երջանիկ, բայց առանց կրթության ու գիտելիքի»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ Մխչյանի բնակիչները պատմել էին, որ Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ), 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նշենք նաև, որ օրերս Մերձավանի դպրոցում աշակերտներն ու ծնողները բողոքում էին դպրոցի պատմության ուսուցչուհուց, ասելով, որ նա վիրավորում է աշակերտներին, դասապրոցեսը նորմալ չի անցկացնում։ Մերձավանի դպրոցի տնօրենն այս պահին հեռացվել է, իսկ ՔՊ-ականները և նրանց սատարողներն այս ընթացքում այցելում են ուսուցչուհուն և նրա հետ հանդիպումից լուսանկարներ, տեսանյութեր տարածում։