«Լինելու են առարկաներ, որոնցից դասագրքեր չեն լինելու. ամենաառանցքայինը մնում է «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը». Կրթության փորձագետ

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հանրակրթական դպրոցներում ուսումնական տարին կմեկնարկի առանց մի քանի դասագրքերի։ Այս մասին 168.am հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, իսկ փորձագետի ասածն էլ հաստատեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«Որքանով տեղյակ եմ, ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի խնդիրը շարունակում է նույնը մնալ։ Այսինքն՝ մենք չունեինք 11 և 12-րդ դասարանների դասագրքեր, այս տարի էլ պետք է լիներ 12-րդ դասարանի դասագիրքը։ Այս պահին ես այդ դասագիրքը չեմ տեսել, ամենայն հավանականությամբ, ավագ դպրոցում առհասարակ այդ դասագրքերը չեն լինելու։

Չեմ տեսել նաև «Քիմիա» «Կենսաբանություն» առարկաների դասագրքերը, ավագ դպրոցի մասով նախորդ տարի կրկին խնդիր էր եղել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Ըստ նրա, նախորդ տարի մի քանի դասագրքեր էլ, որոնք չկային, այս տարի տպագրվել են՝ «Հանրահաշիվ» առարկայի, ռուսաց լեզվի և օտար լեզուների որոշ դասագրքեր այս տարի կլինեն։

Կարդացեք նաև

«Կրկնում եմ՝ լինելու են առարկաներ, որոնցից դասագրքեր չեն լինելու, իհարկե, ամենաառանցքայինը մնում է «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը, քանի որ փաստացի ավագ դպրոցի երեք դասարաններում չկա դասագիրք»,- հավելեց կրթության փորձագետը։

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այս խնդիրը հավանաբար առաջացել է այն պատճառով, որ, օրինակ, «Պատմություն» առարկայի դասագրքի համար այնպիսի պահանջ է ներկայացվել, որ որևէ մեկն այլև չի ցանկանում այդ դասագիրքը գրել։

«Նախ՝ ավագ դպրոցի մոտեցումը բավականին փոխված է նախկինի համեմատ, ժամանակագրական կարգով չի գնում, այլ գնում է պրոբլեմային ձևով։ Այսինքն՝ վերցվում է պրոբլեմը և դիտարկվում է այդ համատեքստում։ Դրա համար, ենթադրում եմ, որ մասնագետների մեծ մասը չի ուզում գրել՝ համաձայն չլինելով այդ մոտեցմանը, մյուս մասն էլ երևի մտածում է՝ այս իրավիճակում «Հայոց պատմության» դասագիրք գրելը շատ ռիսկային է։ Այսպիսով ՝ չկա դասագիրք»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։

Այս խնդրի առանչությամբ գրավոր հարցմամբ դիմել էինք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, մասնավորապես հետաքրքրվելով՝ արդյոք այս տարի սեպտեմբերին դպրոցական ծրագրով նախատեսված բոլոր անհրաժեշտ դասագրքերը պատրաստ կլինե՞ն, թե՞ կան դասագրքեր, որոնք դեռևս պատրաստ չեն, և աշակերտները սեպտեմբերին չեն կարողանալու դրանցով սովորել:

Մասնավորապես՝ «Հայոց պատմության» դասագրքերը բոլոր դասարանների համար դպրոցներն ունենալո՞ւ են: Նոր դասագրքերի համար հայտարարված մրցույթին քանի՞ հոգի է դիմել, հաղթողներն ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել։ Արդեն տպագրված դասագրքերն անցե՞լ են փորձաքննություն։ Եթե այո, ո՞ւմ կողմից, ովքե՞ր են ընդգրկված եղել համապատասխան առարկայական հանձնախմբերում»:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը գրավոր փոխանցել էր հետևյալ պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

««Հանրակրթության պետական չափորոշչի» փուլային ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների դասագրքերը ստեղծված և տպագրված են, բացառությամբ 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Բնագիտություն» առարկաների դասագրքերի:

«Բնագիտություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների համար ԿԶՆԱԿ-ի կողմից մշակվել են ուսումնական նյութերի փաթեթներ: «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցումը կշարունակվի հին դասագրքերով: Նշված դասագրքերի ստեղծման մրցույթներին կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության արդյունքում չեն հաղթահարել անցողիկ շեմը:

«Հանրակրթության պետական չափորոշչի» փուլային ներդրմամբ պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2025-26 թվականներին հայտարարել է 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթներ: Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ արձանագրությունները տեղադրված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ համապատասխան ծածկագրերի ներքո՝ «ՀՀ ԿԳՄՍՆԴՄ-1146/25-10/2», «ՀՀ ԿԳՄՍՆԴՄ-1146/25-11/1»/ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/25-12/1»:

Դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է առարկայական ծրագրերի և չափորոշիչների համաձայն` հիմք ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9 -ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջները: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացնում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խումբը՝ համաձայն վերը նշված կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների և մշակված գնահատման սանդղակի։

Համաձայն վերոնշյալ կարգի 25-րդ կետի պահանջի` ինչպես առարկայական հանձնաժողովներում ընդգրկված, այնպես էլ կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետների անձը չի բացահայտվում: Կրկնակի փորձաքննությունը կարող է իրականացվել տվյալ բնագավառում առնվազն գիտական կոչում ունեցող և փորձաքննող հանձնաժողովներից որևէ մեկում չընդգրկված և մասնակիցների և հանձնաժողովների անդամների հետ շահերի բախում չունեցող անձի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31