Տիրանայում ԵՄ-ն փորձեց առաջ մղել Հարավային Կովկասում իր գլխավոր օրակարգերը 

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից երկու ամիս անց՝ նախօրեին, առաջին անգամ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև շփում։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում երկրների ղեկավարների համար նախատեսված սուրճի ընդմիջման ընթացքում Փաշինյանն Ալիևին սուրճի հրավիրեց, և սուրճի սեղանի շուրջ էլ ըստ էության այս անգամ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչն էլ պաշտոնապես կողմերը որակեցին «հանդիպում»։

Այնինչ սովորաբար նման ձևաչափի հանդիպումներին տրվում է «շփում» որակումը, քանի որ այն դժվար է պաշտոնական հանդիպում անվանել։ ԵՀՔ գագաթնաժողովի ոչ պաշտոնական հատվածում Փաշինյանին ու Ալիևին տեսանյութերում կարելի է տեսնել մեկ՝ ոտքի վրա, մեկ՝ բազմոցին նստած զրուցելիս սուրճի սեղանի շուրջ, ապա՝ ընդլայնված կազմով զրուցելիս: Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդեց Փաշինյան-Էրդողան-Ալիև կարճ, սակայն ակնհայտորեն ջերմ զրույցը՝ ժեստերի փոխանակումով։

Կարդացեք նաև

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց՝ երկուստեք կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։

«Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը»,- ասված էր տարածված կարճ հաղորդագրությունում։

Այս ամենին զուգահեռ՝ հայաստանյան մամուլում ստվերում մնացին Փաշինյանի ու Ալիևի հանդիպումները Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյան-Կոշտա-ֆոն դեր Լայեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել թե ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին, Երևան-Բաքու համաձայնագրի կարևորությանը։ «Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը»,- ասված էր հաղորդագրությունում։

Ալիև-Կոշտա-ֆոն դեր Լայեն հանդիպմանն էլ, ըստ ադրբեջանական կողմի, քննարկվել էին էներգետիկ բնույթի հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքների շուրջ համագործակցությունը, և ոչ մի խոսք՝ Հարավային Կովկասի, ինչպես նաև Երևան-Բաքու, այսպես կոչված, կարգավորման գործընթացի ու դրանում Բրյուսելի աջակցության մասին։

Առավել ուշագրավ էր Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումն X սոցիալական ցանցում։ Անդրադառնալով իր և Կոշտայի հանդիպումներին Ալիևի ու Փաշինյանի հետ, եվրոպացի կին պաշտոնյան գրել էր․

«Ես շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի վերջնականացման կապակցությամբ։ Դա մեծ առաջընթաց է: Եվ մենք անհամբեր սպասում ենք դրա արագ ստորագրությանը: ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ և ամբողջ տարածաշրջանն ավելի մոտեցնել, և ավելի մոտեցնել մեր Միությանը»:

Այս ֆոնին հարկ է հիշեցնել, թե ինչ էր ասում Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի սկզբին Սամարկանդում ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընթացքում։ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս էր հայտնել, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության համար։ Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել էր Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությանը։ Այդ միջանցքի համար, ըստ նրա, ԵՄ-ն պատրաստ է ներդնել 10 մլրդ եվրո։ Ֆոն դեր Լայենն ասել էր, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

Նա նաև ընդգծել էր այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը. «Սև ծով ելքի համար կարևոր են՝ ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»,- ընդգծել էր նա։ Սրանից երկու շաբաթ անց էլ Ադրբեջան այցելեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, օրակարգում՝ կրկին ենթակառուցվածքների հարցը։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից ազդեցության տարածման գլխավոր գործիքներից մեկը հենց կապակցվածությունն է՝ ճանապարհները, միմյանց կապող ենթակառուցվածքները և այլն, որոնց համար ԵՄ-ն իսկապես ծախսում է մեծ միջոցներ՝ հատկապես այն դեպքում, երբ չկա ուղիղ սահման։ Սա, նրա որակմամբ, վերաբերում է նաև Հարավային Կովկասին։

«ԵՄ-ի համար գլխավորը խաղաղության ինչ-որ ձևաչափի հաստատումն է և համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքների հաստատումը, որոնք կլինեն ավելի մեծ պրոյեկտների մաս։ Սրանով ԵՄ-ն ենթադրում է, որ կխորացնի իր ազդեցությունը թե Հարավային Կովկասում, թե Կենտրոնական Ասիայում, որտեղ ավանդաբար ավելի մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայում՝ նաև Չինաստանը։

Ուստի Եվրոպական քաղաքական համայնքի այդ հարթակում թե Երևան-Բաքու շփումները, թե կողմերի շփումները ԵՄ ներկայացուցիչների հետ ամբողջապես տեղավորվում են եվրոպական օրակարգի շրջանակում։

Եվրոպական կողմը Երևան-Բաքու կարգավորման գործընթացում հստակ շահեր է տեսնում, ինչպես նաև ունի կախվածություն Ադրբեջանից, որն իր հերթին՝ թուլացնում է Ադրբեջանի վրա ազդեցության ԵՄ հնարավոր լծակները։ Սա էլ ինքնին ստեղծում է հակասություն ու բարդ իրավիճակ, քանի որ Ադրբեջանն էլ իր շահերն է հետապնդում ու իր օրակարգն ունի և ներկայումս կարծես թե մեծ շահագրգռվածություն չի ցուցաբերում համաձայնագիրը շուտ ստորագրելու հարցում, քանի որ ունի այլ պահանջներ ևս»,- նման կարծիք հայտնեց նա։ Ուստի, նրա որակմամբ, միմիայն ԵՄ քաղաքականությունն ու ցանկությունը բավարար չէ, որպեսզի առաջընթաց տեղի ունենա։

«Տեսնում ենք, որ ԵՄ լծակները չեն բավականացնում, այդ հարցն ամեն բաղադրիչում զգացնել է տալիս»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Երևան-Բաքու գործընթացին՝ նա նշեց, որ այն անփոփոխ է։

«Եթե Ադրբեջանը հրաժարվի իր պահանջներից, գուցե հաջողվի շուտ ստորագրել, սակայն անընդհատ հայտարարություններով Ադրբեջանը հասկացնում է, որ չի հրաժարվում, իսկ այդ պահանջները վերաբերում են այնպիսի խնդիրների, որոնց լուծումը երկար ընթացակարգեր է ենթադրում»,- նկատեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս