Վրացական կողմում ստուգում են ոչ միայն ՌԴ և Մերձբալթյան երկրներ գնացող բեռները, այլև՝ ԱՄՆ․ վրացական կողմից փորձում են հերքել

Վրաստանում մի քանի հայկական բեռնափոխադրող մեքենաների թույլ են տվել դուրս գալ արգելանքից, սակայն չպարզաբանված ու չհիմնավորված ստուգումների խնդիրը դեռևս լուծված չէ՝ հակառակ հանգամանքի, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր սովորականի պես։

Հիշեցնենք, որ հայ ալկոհոլ արտադրողները վերջին օրերին պարբերաբար ահազանգում են՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում, շուրջ 2 ամիս է՝ ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում ուշացումների և ֆինանսական մեծ կորուստների։ Նրանք այս ահազանգով նաև հասել էին Հայաստանում Վրաստանի դեսպանություն, որտեղ նրանց վստահեցրել էին՝ մոտ օրերս կլինի պարզաբանում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։

Պարզվում է՝ խնդիրը ոչ միայն դեպի ՌԴ, Մերձբալթյան երկրներ ուղղություններին է վերաբերում, այլև ԱՄՆ, Եվրոպա։

«CARGO HUB» ընկերության հիմնադիր-տնօրեն Հարություն Ազիբեկյանը, որը շուրջ 10 տարի կազմակերպում է բեռնափոխադրումներ 100-ից ավելի երկրներ ու «Դռնից դուռ» բեռնափոխադրումներ Հայաստանից ԱՄՆ և հակառակ ուղղությամբ, 168am-ի հետ զրույցում նշեց․ «Մենք ալկոհոլային խմիչքներ ևս արտահանում ենք․ ունեցել ենք և՛ հավաքական, և՛ ամբողջական կոնտեյներներով, բայց նման ստուգումների Վրաստանում առնչվել ենք մի քանի ամիս։ Եթե կոնկտեյներում եղավ խմիչք, գրթե միշտ բացում են։ Այն դեպքում, երբ Վրաստանը տարանցիկ երկիր է ու բեռների նշանակաման վայրը Վրաստանը չէ։ Վրաստանը կարող է միջամտել բեռնափոխադրմանը, եթե սկաներով փաստացի նկատի ինչ-որ բան, որը վտանգում է իր պետությունը, բայց ոչ այս դեպքում»։

Կարդացեք նաև

Հարություն Ազիբեկյանը նկատեց՝ առանց հստակ պատճառաբանումների ստուգումներն առավել ինտենսիվ են դարձել վերջին 5-6 ամիսներին․ չի հիշում, որ Փոթիում ավելի վաղ այդ պրակտիկայով գործեին։ Նա հավելեց՝ զննումը եղել է արտաքին, տեսողական․ նմուշառման չեն ուղարկել։

«Բեռներ դնում ենք կոնտեյներում, ցամաքով տանում են Փոթի, որտեղից պետք է բեռնվի-գնա ԱՄՆ, բայց Փոթիում արդեն մի քանի անգամ նման խնդրի առաջ ենք կանգնել թե՛ հավաքականի, թե՛ ամբողջականի դեպքում բացել են, ստուգել են, պատահականության սկզբունքով հանել են շշերը, հետո ճանապարհել։ Այդ կանգնեցում-ստուգումներն իրենց հերթին առաջացնում են ուշացումներ, որոնք ֆինանսապես ևս հետևանքներ են ունենում։ Այդ բեռնափոխադրման ցիկլում հազարներ չես աշխատում, այլ հարյուրներ, ու նաև՝ վճարելով տուգանքներ ուշացումների դիմաց, քո եկամուտը մնում է փոքր։ Այս ռիսկն է, որը միշտ հաշվարկվում է ու որի հետևանքով ԱՄՆ արտահանվող մեր ապրանքի ինքնարժեքը վերջնական շուկայում բարձրանում է, իսկ որոշ դեպքերում դուրս է գալիս մրցակցությունից»,- ասաց նա։

Ի դեպ, բեռնափոխադրող ընկերության ղեկավարը հենց այս համատեքստում չբացառեց, որ պատճառը լինի ամերիկյան շուկայի համար մրցակցությունը։

Ավելի վաղ թեմայի առնչությամբ 168am-ի հետ զրույցում դիտարկումներ էին հայտնել տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն ու «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

«Երրորդ կողմը՝ տարանցիկ երկիրը, իրավունք չունի նման բան անել։ Մենք գործ ունենք ոչ ֆորմալ ռեկետի հետ․ տվյալ պարագայում մեր պատկան մարմինները պետք է դիվանագիտական ու քաղաքական ջանքեր ներդնեն՝ խնդիրը լուծելու համար։ Մաքսային կցորդ ունենք, որի հետ գործարարները չեն կարողանում կապի դուրս գալ, կա Էկոնոմիկայի նախարարություն, փոխվարչապետ, իրենք պարտավոր են միջամտել հարցին,- ասել էր Հայկ Ֆարմանյանը, ապա անդրադառնալով հնարավոր պատճառների մասին մեր հարցադրումներին՝ նկատել,- Քանի որ ունենք թույլ իշխանություն, վրացիներն օգտվում են առիթից ու փորձում են փող աշխատել։ Քանի որ հայ գործարարն անտեր վիճակում է, իրենք չարաշահում են մեր կարգավիճակը։ Ի՞նչ է նշանակում լաբորատոր փորձաքննություն, ապօրինի վիճակի հետ գործ ունենք»։

Ի դեպ, քանի որ այս խոչընդոտների ժամանակահատվածը համընկել է Հայաստանի կողմից՝ ԵՄ դեմ գնալու, իսկ Վրաստանի կողմից՝ ԵՄ անդամակցելու գործընթացը հետաձգելու հայտարարությունների հետ, Հայկ Ֆարմանյանը ենթադրում է, որ սա վրացական կողմի պատասխանն է։

Պատժո՞ւմ են վրացիները՝ 168am-ի հարցադրմանը պատասխանելով՝ տնտեսագետը պարզաբանեց

«Այո, ես նաև այդ խնդիրն եմ տեսնում, սա էլ կարող է լինել պատճառ, որը չի բարձրաձայնվել»։

168.amի հետ զրույցում ամփոփելով հնչեցված տարբեր վարկածները՝ Էմիլ Ստեփանյանն էլ սա դիտարկել էր ռուսական շուկայի արևի տակ մրցակցության համատեքստում։

«Վրացական ալկոհոլային ըմպելիքը վերջերս Ռուսաստանում մեծ խնդիրներ է ունեցել, և վրացիներն ուզում են ՌԴ-ին ցույց տալ, թե իրենք հավասարապես չեն վերաբերվում ներմուծողներին։ Այս կերպ հույս ունեն, որ խախտումներ կգտնեն և կներկայացնեն ռուսական կողմին՝ ասելով, թե՝ եթե 100-120 բեռնատար անորակ եք ճանաչել, բա սա՞ ինչ է։ Սա ավելի շատ ռուս-վրացական խնդիրներից ծագող գործողություն է»,- պարզաբանեց նա։

Նկատենք՝ առհասարակ ալկոհոլային արտահանումների մասով նախանձելի վիճակում չէ վրացական կողմը․ օրինակ, վրացական գինու մատակարարումները Ռուսաստան փլուզվել են։ Վրաստանի մաքսային ծառայությունը Ռուսաստան գինիների մատակարարումների 2,3 անգամ անկում է գրանցել մեկ տարում։

Տեսանյութեր

Լրահոս