Մրցակցություն ՌԴ շուկայի արևի տակ հայտնվելու համա՞ր․ հայ արտադրողներն ու արտահանողները սպասում են վրացական կողմի պարզաբանմանը

Շուրջ 2 ամիս է՝ ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի երրորդ երկիր գնացող բեռնափոխադրող մեքենաներից վրացական կողմը հանկարծ որոշել է հանել մաքսային կնիքները, իրականացնել նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։

Հայ արտադրողներն ու արտահանողներն օբյեկտիվորեն նշում ու հիշեցնում են՝ Վրաստանը տարանցիկ երկիր է, ու հասկանալի չէ, թե ինչո՞ւ են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։

Նախօրեին այս հարցերն ակցիայի մասնակիցները բարձրաձայնեցին նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջ։ Վրաստանը պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ ի պատասխան ակցիայի կազմակերպիչների հարցադրումների՝ նշեց դեսպանը՝ չհստակեցնելով ժամկետները։

Ստեղծված աննախադեպ իրավիճակի պատճառների մասին հնչող տեսակետները բազմաթիվ են։ 168.am-ի հետ զրույցում ամփոփելով հնչեցված տարբեր վարկածները՝  «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը սա դիտարկեց ռուսական շուկայի արևի տակ մրցակցության համատեքստում։

Կարդացեք նաև

«Վրացական ալկոհոլային ըմպելիքը վերջերս Ռուսաստանում մեծ խնդիրներ է ունեցել, և վրացիներն ուզում են ՌԴ-ին ցույց տալ, թե իրենք հավասարապես չեն վերաբերվում ներմուծողներին։ Այս կերպ հույս ունեն, որ խախտումներ կգտնեն և կներկայացնեն ռուսական կողմին՝ ասելով, թե՝ եթե 100-120 բեռնատար անորակ եք ճանաչել, բա սա՞ ինչ է։ Սա ավելի շատ ռուս-վրացական խնդիրներից ծագող գործողություն է»,- պարզաբանեց նա։

Նկատենք՝ առհասարակ ալկոհոլային արտահանումների մասով նախանձելի վիճակում չէ վրացական կողմը․ օրինակ, վրացական գինու մատակարարումները Ռուսաստան փլուզվել են։ Վրաստանի մաքսային ծառայությունը Ռուսաստան գինիների մատակարարումների 2,3 անգամ անկում է գրանցել մեկ տարում։

Անդրադառնալով վրացական կողմի՝ այս գործողությունների լեգիտիմությանը՝ Էմիլ Ստեփանյանը չբացառեց, որ դրանք արվում են բանավոր ինչ-ինչ ներքին պայմանավորվածությունների հիման վրա, ապա նկատեց՝ մինչև աղմուկը բարձրանա, իրենք արդեն իրենց պետք եղած տեղեկությունը նմուշառումների արդյունքում կստանան։

Այս հարցում ՀՀ իշխանությունների պասիվ կեցվածքի, անգործության մասին արտահանողների ու արտադրողների գնահատականների մասին Էմիլ Ստեփանյանը հետևյալ տեսակետը հայտնեց․

«Գլոբալ առումով՝ ասել, որ անգործության է մատնված, ճիշտ չէ, սակայն մյուս կողմից՝ մեր կառավարության քաղաքականությունը սահմանափակ մասնակցությունն է բիզնեսին,  ու դրա շրջանակներում էլ օգնությունը լինում է սահմանափակ՝ փոխարենը լիներ խորքային»։

Ի դեպ,  «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիրը հիշեց ու հիշեցրեց՝ մի ժամանակ էկոնոմիկայի նախարարության մի պաշտոնյա ի վիճակի էր Վերին Լարսում հարցեր լուծել։

Տեսանյութեր

Լրահոս