
Ուկրաինայի իրադարձությունները կարող են կրկնվել ՀՀ-ում, ՀՀ էլիտաները պետք է երկու անգամ մտածեն ԵՄ-ին միանալուց առաջ, ԵՄ-ում ՀՀ-ին չեն սպասում. Ալեքսանդր Ռար
«Ուկրաինան խնդիր է դրել, որպեսզի Եվրոպան ու ԱՄՆ-ը կրկին մեկ բռունցքի նման գործեն ՌԴ-ի դեմ»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց գերմանացի քաղաքագետ, Բեռլինում Եվրասիական ընկերության նախագահ Ալեքսանդր Ռարը՝ խոսելով Ստամբուլում նախատեսվող ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին:
Ռարը հույս հայտնեց, որ Ստամբուլի բանակցությունները կկայանան, ու դա կդառնա բանակցային խաղաղասիրական գործընթացի մեկնարկ: Նա նաև հույս հայտնեց, որ այդ գործընթացին կաջակցեն արտաքին ուժերը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Թուրքիան, Չինաստանը, քանի որ պատերազմը պետք է դադարեցնել:
«Ռուսաստանի համար խնդիրը տարածքներն են, Ռուսաստանը պահանջում է օկուպացված կամ վերադարձված տարածքները ճանաչել Ռուսաստանի Դաշնության մաս: Ուկրաինան, որը գտնվում է դեռ տարածքի մեծ հատվածներում՝ իր տարածքի, չի ցանկանում դրանք հանձնել Ռուսաստանին: Այստեղ է ողջ բարդությունը: Ներկայումս և՛ ամերիկյան, և՛ ուկրաինական կողմերը փորձելու են ճնշել Ռուսաստանին, որպեսզի վերջինս համաձայնի կոմպրոմիսի:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու Թուրքիային, ապա կարծում եմ, որ նրանք ցանկանում են կոմպրոմիս և հանդես են գալիս այն դիրքորոշման օգտին, որ այն տարածքները, որոնք գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ, մնան Ռուսաստանի մաս՝ դեռևս չճանաչված, սակայն, վաղ թե ուշ՝ ճանաչված: Ուկրաինան չի կարող սրան համաձայնել, իհարկե, Զելենսկու հիմնական տակտիկան է՝ փորձել մատի վրա պտտել ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, գուցե կռվեցնել, այնպես անել, որ Ստամբուլը ևս տապալվի, որպեսզի, ի վերջո, մոտեցնի եվրոպացիների ու ամերիկացիների դիրքորոշումները, որպեսզի նրանք Ուկրաինայի հետ մեկ բռունցքի նման շարունակեն Ռուսաստանի հետ պատերազմը:
Զելենսկին ինձ համար անհասկանալի պատրանքների մեջ է՝ հույս ունենալով, որ կարող է հաղթել պատերազմը միջուկային տերության դեմ»,- նման կարծիք հայտնեց Ռարը՝ շարունակելով, որ նրա կողմից ողջամիտ կլիներ համաձայնել, իր տեսանկյունից՝ ցավագին, բայց անհրաժեշտ կոմպրոմիսին:
Ինչ վերաբերում է եվրոպական կողմի քաղաքականությանը, ապա, վերլուծաբանն ասաց, որ եվրոպական կողմն իրեն տարօրինակ է դրսևորում: Ըստ Ռարի, խաղաղության գործընթացին աջակցելու փոխարեն՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի ղեկավարները կարծում են, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չպետք է պարտվի և չպետք է հանձնի իր տարածքը Ռուսաստանին, քանի որ Ուկրաինայի պարտությունը դա Ուկրաինայի կորուստն է Արևմուտքի համար:
«Իսկ Արևմուտքը համարում է, որ 2014 թվականի Մայդանով ձեռք է բերել Ուկրաինային, և, որ Ուկրաինան վաղ թե ուշ դառնալու է ԵՄ անդամ երկիր»,- նկատեց գերմանացի վերլուծաբանը:
Ռարը նաև արձանագրեց, որ ամերիկացիները դեռ որևէ հարցում չեն աջակցում եվրոպացիներին, միակ բանը, որին նրանք ներկայումս ունակ են՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման միջոցով ազդելու փորձն է:
«Բոլոր այն պատժամիջոցները, որոնք կարող էին վնասել ՌԴ տնտեսությանը, վաղուց ուժի մեջ են»,- ասաց Ռարը: Նա նշեց, որ բարդ է կանխատեսել, թե երբ, ինչպես ու ինչ պայմանավորվածություններով կավարտվի պատերազմն ու դրանից ինչպես դուրս կգա Ռուսաստանը: Նրա որակմամբ, ներկայումս ամենակարևորը բանակցություններն են ու ներկայիս իրավիճակը:
Անդրադառնալով Եվրոպայի քաղաքականությանը հետսովետական տարածաշրջանում և հարցին, թե ինչո՞ւ ԵՄ ասոցացված երկրները, ի վերջո, չեն միանում ԵՄ-ին, Ռարը պատասխանեց, որ 1990-ական թթ. գոյություն ունեցող ցանկալի Եվրոպան այլևս չկա:
Նրա որակմամբ, այն փորձել են վերածել քաղաքական խաղացողի, քաղաքական միության, քաղաքական տերության:
«Եվ ներկայումս, ունենալով բազմաթիվ խնդիրներ, բավականին վտանգավոր մտադրություն կա՝ քաղաքական միությունից փորձում են ձևավորել ռազմական միություն՝ առանց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, և դրանով իսկ մուտք գործել միջազգային քաղաքականություն, որպես մեծ ռազմական տերություն: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե որքանո՞վ ԵՄ շատ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրներ, օրինակ՝ ՀՀ-ն, կցանկանան դա: Դա մեծ հարց է, որը պետք է լուծեն ՀՀ էլիտաները: Տնտեսական միություն ԵՄ՝ խնդրեմ, եթե կա մուտք գործելու հնարավորություն: Հայաստանի ու ԱլԳ մյուս երկրների ԵՄ ասոցացված կարգավիճակը վատ չէ, լավ է, քանի որ նման կերպ այդ երկրները շատ բան են ստանում Եվրոպայից, Եվրոպան իր հերթին՝ իր տնտեսական կապերն է ընդլայնում այս երկրների հետ»,- ասաց Ռարը:
Ինչ վերաբերում է քաղաքականությանը, գերմանացի քաղաքագետն ասաց, որ իր մոտ հարցեր են ծագում, թե որքանով Հայաստանը կարող է լինել երկու տարբեր միություններում կամ ԵՄ-ում, որը Հայաստանից ժամանակի ընթացքում պահանջելու է ՆԱՏՕ-ի անդամակցություն:
«Հայաստանը գտնվում է տարբեր միութենական հարաբերությունների մեջ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ: Եթե ՀՀ իշխանությունները որոշեն մոտենալ ՆԱՏՕ-ին, ապա ես պետք է բավականին իրատեսականորեն ու գուցե տհաճ բան ասեմ, որ այդ դեպքում իրադարձությունները, որոնք մենք տեսել ենք Ուկրաինայում վերջին 3-10 տարիների ընթացքում, կարող են կրկնվել Հայաստանում, Աստված չարասցե:
Ուստի քաղաքական ու ռազմական միություններ մուտքի որոշումից առաջ պետք է երկու անգամ մտածել կամ կարելի է այդ մասին ընդհանրապես չմտածել: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքականությունն է՝ նախկին Ուկրաինան, ներկայիս Վրաստանը, նպատակադրված լինել ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ուղղությամբ, իսկ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը՝ Ռուսաստանի հետ: Հայաստանի ճակատագիրն է այդպիսին, որը աշխարհագրականորեն գտնվում է ՌԴ-ի համարյա սահմանին, ու այդ ճակատագրից Հայաստանը չի կարող փախչել»,- նման տեսակետ հայտնեց Ռարը:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով՝ Ուկրաինայի դեպքերի հնարավոր կրկնություն ՀՀ-ում, նա պատասխանեց, որ ճնշումներ կլինեն ոչ միայն Ռուսաստանից, այլև Եվրոպայից, Չինաստանից:
«Պետք է իրատեսական մոտենալ և հասկանալ, որ Հայաստանը փոքր երկիր է, Ռուսաստանը՝ մեծ, Չինաստանը՝ մեծ: Իսկ Հայաստանը կարող է ճիշտ քաղաքականություն վարել, Հայաստանն ունի հսկայական պատմական փորձ, քաղաքականության լավ ավանդույթներ, մանևրելով հսկայական մյուս բլոկների միջև՝ ՀՀ-ն կարող է գտնել իր համար ճիշտ, արժանի տեղն ու շահն այդ բարդ աշխարհաքաղաքական տարածքում»,- ասաց Ռարը:
Նա նշեց, որ պետք է անկեղծ լինել՝ Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում:
«ԵՄ-ն առաջին հերթին ցանկանում է Հայաստանին պոկել Ռուսաստանից, այնպես անել, որ Հայաստանը շատ չմոտենա Չինաստանին, Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» պրոյեկտին, Հայաստանն այս իմաստով և՛ պետք է, և՛ պետք չէ ԵՄ-ին: ԵՄ-ն փակ դռների ետևում քննարկում է, թե ի՞նչ օգուտ նրանից, որ Հայաստանի նման երկիր մուտք գործի ԵՄ, դա նոր հակամարտություն կլինի Թուրքիայի հետ, ԵՄ-ն ՀՀ-ի հետ չունի ուղիղ սահմաններ, դա թուրքական սահմանն է, որը նույնիսկ եվրոպական էլ չէ: Կան մի շարք տնտեսական ու քաղաքական, իրավական հարցեր, որոնք կապ ունեն ԵՄ անդամակցության հետ: Ինչպես գիտեք, հենց այնպես թեկնածու երկիրը չի միանում ԵՄ-ին, երկիրը պետք է նախապատրաստական երկար աշխատանք կատարի՝ տնային աշխատանք:
Իսկ Հայաստանն այդ ճանապարհի ամենասկզբում կարող է դիտարկվել, այդ գործընթացը կարելի է արագացնել, սակայն ԵՄ-ն դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ ԵՄ ներսում կան երկրներ՝ Հարավում և Արևելքում, որոնք կասեն, որ հավանում են Հայաստանին, սակայն տնտեսական նկատառումներից ելնելով՝ նման երկիր չենք կարող վերցնել ԵՄ»,- բացատրեց Ռարը:
Մանրամասները՝ 168ТV-ի տեսանյութում: